«Արման Մկրտումյանն առնվազն պետք է հրաժարական տար». ՄԻԵԴ վճռի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական վճիռը կայացրեց: Խոսքը «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործի մասին է, որի դիմումատուները Երեւանի Բուզանդի փողոցի բնակիչներ են` Յուրի Վարդանյանը, Արտաշես Վարդանյանն ու Շուշանիկ Նանուշյանը: Նրանց «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքից չնչին փոխհատուցման դիմաց վտարել էին իրենց տներից: Մասնավորապես, տան իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն փոխհատուցել են միայն 54 մլն դրամը:

Սպառելով ներպետական դատական ատյանները՝ հայցվորներն իրենց պաշտպան Վահե Գրիգորյանի հետ դիմել են ՄԻԵԴ: Հոկտեմբերի 27-ին հրապարակված վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ կողմերի անաչառ, արդար դատաքննության իրավունքն է խախտվել, ինչի հետեւանքով մարդը զրկվել է սեփականության իրավունքից: Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ խախտվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը (Արդար դատաքննության իրավունք):

Բացի այդ, դատարանը փաստել է նաեւ Կոնվենցիայի 1-ին (մարդու իրավունքները հարգելու պարտականությունը), 8-րդ (անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) եւ 41-րդ (արդարացի բավարարումը) հոդվածները: Եվրոպական դատարանը կառավարությանն ու դիմող կողմին առաջարկել է երեք ամիսների ընթացքում, երբ դատական ակտը կմտնի օրինական ուժի մեջ, գալ փոխհամաձայնության, գրավոր նկատառումները հայտնել վնասի չափի վերաբերյալ, հակառակ դեպքում դատարանն ինքը կորոշի փոխհատուցման չափը:

ՄԻԵԴ վճիռը լայն քննարկման թեմա դարձավ այն պատճառով, որ այստեղ հիշատակվում է նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի անունը եւ գնահատական տրվում նրա գործողություններին: Այսպես՝ եվրադատարանը եզրակացնում է, որ դատավոր Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը:

«Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով հայտարարություն է տարածել նաեւ Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ ընդգծելով, որ սա ՄԻԵԴ առաջին վճիռն է, որտեղ Եվրոպական դատարանը գնահատական է տվել հայ դատավորի գործողություններին:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանից փորձեց պարզել` արդյոք ՄԻԵԴ վճռում հիշատակված դատավոր Մ.-ն իսկապե՞ս իր մասին է, եւ իր գնահատմամբ` ՄԻԵԴ վճիռն արդյոք չի՞ վարկաբեկի ՀՀ ողջ դատական համակարգը:

Մեր գրավոր հարցմանը Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Աննա Վարդապետյանը հաստատեց, որ «Վարդանյանը եւ Նանուշյանն ընդդեմ Հայաստանի գործով» ՄԻԵԴ վճռում նշված դատավոր Մ.-ն ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է: «Նա այդ ժամանակ զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի պաշտոնը»,- հավելել է Ա. Վարդապետյանը:

«Ժողովուրդ»-ը փորձեց հասկանալ` այդ դեպքում ինչպե՞ս է Վճռաբեկ դատարանի նախագահը մեկնաբանում վճռում բերված այն պնդումը, որ դատավորը փորձել է Բուզանդի փողոցում իրենց սեփականությունը պաշտպանող անձին պարտադրել, որպեսզի նրանք չպայքարեն եւ համաձայնեն իրենց գույքը տալ կառուցապատողին՝ մասնավոր ընկերությանը:

Ստացված պարզաբանմամբ վստահեցվում է, որ ՄԻԵԴ վճռի վկայակոչված կետերից երեւում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն անձին չի պարտադրել չպայքարել եւ համաձայնել իր գույքը տալ կառուցապատողին՝ մասնավոր ընկերությանը. «Արման Մկրտումյանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ եւ 120-րդ հոդվածներով, դիմումատուին պարզաբանել է հաշտության համաձայնություն կնքելու եւ որպես փոխհատուցում 390 հազար դոլար, 160քմ բնակարան եւ 40քմ օֆիսային տարածք Երեւանի կենտրոնում ստանալու հնարավորությունը»,- նշվում է պատասխանում:

Թեեւ Վճռաբեկ դատարանից փորձում են վստահեցնել, որ վճռում Արման Մկրտումյանի կողմից դատավարական սխալի մասին չի հիշատակվել, այդուհանդերձ, ՄԻԵԴ վճիռը գոնե ըստ իրավաբանների վերլուծության` միանգամայն այլ բանի մասին է վկայում: Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կարծիքով իր՝ որպես դատավորի գործունեության վերաբերյալ ՄԻԵԴ-ի կողմից նման գնահատական տալն արդյոք չի՞ վարկաբեկում ՀՀ դատական ողջ համակարգը:

Մեր այս հարցին դեպարտամենտից ստացվեց հետեւյալ պատասխանը. ««Վարդանյանը եւ Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի 82-րդ կետում ՄԻԵԴ-ի կողմից տրված ձեւակերպումը բխում է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՄԻԵԴ-ի կողմից տրվող մեկնաբանությունից: Այն գտնվում է իրավական եւ ոչ թե քաղաքական դաշտի տիրույթում. սա ՄԻԵԴ-ի իրավական եւ ոչ թե քաղաքական գնահատականն է՝ տրված կոնկրետ գործին եւ ոչ թե ՀՀ դատական համակարգին»:

Հ.Գ. Իրավաբանական համայնքը վստահ է, որ ՄԻԵԴ վճռից հետո Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն առնվազն պետք է հրաժարական տար, իսկ դատավորների ընդհանուր էթիկայի ժողովը եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը պարտավոր է հարուցել կարգապահական վարույթ, ի վերջո, խոսքը հայրենի դատական իշխանության բարձրագույն պաշտոնյայի մասին է: Մինչդեռ, ինչպես միշտ, այս անգամ եւս դատավորի սխալ վճռի հետեւանքները պետք է հարթեն ՀՀ շարքային քաղաքացիները:

Տաթև Հարությունյան




Լրահոս