2017 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարց ուղղեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա հետաքրքրվեց դեֆոլտ հայտարարելու հնարավորության մասին:
«Տնտեսությունը տարիներ շարունակ չի զարգանում: Սա նշանակում է, որ բյուջեի եկամուտները չեն աճելու մոտակա տարիներին: Ուրեմն կա՛մ պետք է ծախսերը պակասեցվի, կա՛մ պետք է նոր պարտքեր վերցնենք, կա՛մ վերջին հնարավորությունը դեֆոլտ հայտարարելն է, քանի որ 2020-ին մեր բյուջեի ծախսերի 28 տոկոսը կգնա պարտքերի սպասարկմանը»,- նշեց նա:
Ի պատասխան Արամյանը նշեց, որ փաստացի ՀՆԱ-ի կանխատեսումներն արվել են: «Ամբողջ աշխարհում ընդունված է, երբ պարտքն ու դեֆոլտը վճարունակության խնդիր չէ: Աշխարհում ընդունված կանոն է, որ դեֆոլտը լինում է արտաքին պարտքից, ներքին պարտքով դեֆոլտ չի լինում, ուստի մենք արտահանման մասով արտաքին պարտքը նայում ենք, որպեսզի հասկանանք արդյո՞ք արտահանման միջոցով բավարար արտարժույթային ռեսուրսներ ունենում ենք՝ արտաքին պարտքը սպասարկելու համար»,- նշեց նախարարը: