ՈՎՔԵՐ ԵՆ ՀՀԿ ԳՄ-ՈՒՄ «ՆԵՂԱՑԱԾՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարում գործադիր մարմնի եւ խորհրդի անդամներից ոմանց հեռացմանը, ասաց. «Որեւէ անձի մասին ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ հաստատել»:

-Պարո՛ն Շարմազանով, Դուք խոսել էիք նոյեմբերի 26-ի համագումարում ՀՀԿ ղեկավար կազմում սպասվող փոփոխությունների մասին: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ կազմում չեն լինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՏԿ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, Սամվել Նիկոյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, որի հարցը դեռ քննարկվում է, ինչպես նաեւ Դերենիկ Դումանյանը: Ի՞նչ կասեք:
-Նախ ուզում եմ, որպեսզի իմ ելույթը թյուրըմբռման առիթ չհանդիսանա, ուստի եւս մեկ անգամ ամբողջացնեմ: Լրագրողի հարցին ի պատասխան՝ բացառվում են ՀՀԿ համագումարի ժամանակ կադրային փոփոխությունները, եւ պատասխանել եմ ուղիղ, չեն բացառվում: Չեն բացառվում մի շարք պատճառներով. նախ՝ որովհետեւ կուսակցությունը կենդանի օրգանիզմ է եւ մշտապես նոր ավյունի եւ նոր արյան կարիք ունի: Երկրորդ` մեր կուսակցության համագումարների փորձը ցույց է տալիս, որ գոնե երեք-չորս նախորդ համագումարներում մեզ մոտ մշտապես եղել է համալրում նաեւ գործադիր մարմնում: Այսօր պատրաստ չեմ եւ կոռեկտ չեմ համարում իմ որեւէ գործընկերոջ մասին խոսելը, միգուցե այդ մարդը ես կլինեմ, չեմ կարող ասել, դա ժամանակը կգա, կնստենք, կքննարկենք: Դա հանրապետության նախագահը կորոշի, թիմը կորոշի: Այս պահին ընդամենը չեմ բացառում, ոչ թե ասում եմ՝ այդ մարդիկ չպետք է լինեն, այդ թվում եւ ես, այնպես չի, որ ես իմ տեղը ապահովագրած եմ համարում, այլ որեւէ անձի մասին ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ հաստատել, քանի որ իմֆորմացիա չունեմ: Երկրորդը՝ ժամանակը չէ, եւ երրորդը՝ նոյեմբերի 26-ին կարեւորը լինելու է ոչ թե գործադիր մարմնի համալրումը կամ փոփոխությունը, այլ նոյեմբերի 26-ին կարեւորը լինելու է նախագահ Սարգսյանի ծրագրային ելույթի շուրջ անելիքների քննարկումը, եւ ոչ թե այն՝ վարչապետ Կարապետյանը կհամալրի, թե չի համալրի ՀՀԿ շարքերը: Կհամալրի, թե չի համալրի, դա կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետը միասին կքննարկեն, կորոշեն: Ո՛չ համալրելուց զարմացեք, ո՛չ էլ չհամալրելուց:
-Հակառակ սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարության նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած հորդորին, թե «նեղանալ եւ նեղսրտել չկա», կարծես թե ՀՀԿ ԳՄ-ում նեղացողների պակաս չկա: Օրինակ՝ Գագիկ Բեգլարյանը, Հովիկ Աբրահամյանը ԳՄ նիստին չեն մասնակցել եւ տեղեկություններ կան, որ նրանք չեն լինի ԳՄ նոր կազմում:
-Չեմ ուզում այդ մարդկանց գործադիր մարմնում լինելու-չլինելու հարցին նորից անդրադառնալ: Արդեն ասացի՝ որոշողը հանրապետության նախագահն է, կուսակցության նախագահն է, մեր գործընկերների հետ կքննարկի: Բացի այդ՝ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնանկությունից հետո եղել է ԳՄ նիստում, Գագիկ Բեգլարյանը չի եղել, որովհետեւ, ինչքան ես տեղյակ եմ, Հայաստանում չէ, եւ առաջին անգամը չէ, որ այս կամ այն քաղաքական գործիչը, այդ թվում նաեւ ես, հանրապետությունում չեմ լինում եւ հարգելի պատճառով չեմ մասնակցում նիստերին:
-Վստա՞հ եք, որ նեղացողներ, նեղսրտողներ չեն եղել:
-Նեղանալը քաղաքական կատեգորիա չէ, մեր թիմը նեղացողների թիմ չէ, մեր թիմը կուռ, միասնական թիմ է՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եվ ինչպես նախագահը կորոշի, այդպես էլ կլինի, մենք բոլորս մեր կուսակցության, մեր նախագահի զինվորներն ենք, եւ նավի հրամանատարը ինչպես կորոշի, այդպես էլ կլինի: Նշանակողն էլ է նախագահը, ազատողն էլ:
-Բայց Սերժ Սարգսյանն է նեղացողներից խոսել, ուրեմն Ձեր թիմում եղել են այդպիսիք:
-Ես կարող եմ իմ փոխարեն խոսել. մեկ անգամ ասել եմ, որ չեմ հասկանում, չեմ կիսում այն մարդկանց կարծիքը, ովքեր պաշտոն ստանալուց ոգեւորվում, երջանկանում են, իսկ պաշտոնից զրկվելուց տխրում եւ դժբախտանում: Պաշտոնով չի, պաշտոնը նախ եւ առաջ պատասխանատվություն է, պաշտոնը դա, ինչու չէ, նաեւ առաքելություն է, որ դու կարողանաս քո ներդրումը բերես թիմի եւ պետության առաջընթացին, բայց միեւնույն ժամանակ այդ պաշտոնը այնպես չի, որ ես իմ հոր տնից բերել եմ եւ ես էլ պետք է մնամ: Այդ պաշտոնը ինձ վստահել է թիմը` հանրապետության նախագահի գլխավորությամբ, եւ այսօր վստահել է, վաղը կարող է գտնի, որ ինչ-որ մեկը ինձնից ավելի լավ կարող է աշխատել: Քաղաքականության մեջ այդ նեղանալ-չնեղանալ մանկապարտեզային բաները չպետք է լինեն:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ» ԱԺ-ՈՒՄ

Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջապես ԱԺ ներկայացրեց իր կառավարության ծրագիրը, որը, հակառակ շատերի ակնկալիքների, առանձնապես հարուստ չէր կոնկրետ՝ ցուցանիշներով ամրագրված խոստումներով: Թեեւ նա ինքը նկատեց, որ շատ բարձր ծանրաձող /հավանաբար նկատի ուներ նշաձող/ են վերցրել, բայց Աժ որոշ ընդդիմադիր պատգամավորներ հրապարակավ հայտնեցին իրենց հիասթափության մասին: Նկատենք, որ չնայած նոր մոտեցումների վերաբերյալ խոստումներին՝ ԱԺ-ում քննարկվող կարեւորագույն այս փաստաթուղթը պատգամավորներին տրամադրվել էր միայն երեկ առավոտյան: Ըստ ամենայնի, կառավարության անդամներն այն բերել էին իրենց հետ:

«ՀՀ-ում կառավարության նպատակն է բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեքի` ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, ապագայի նկատմամբ լավատեսությունը»- նշեց վարչապետն ու սահմանեց կառավարության առջեւ դրված խնդիրները` վեր հանել այդ նպատակներին հասնելու խոչընդոտները եւ դրանց արդյունավետ կերպով լուծումներ տալ: Այնուհետեւ վարչապետը մոտ կես ժամ ներկայացրեց կառավարության ծրագիրը:
Վարչապետի ելույթից հետո հերթը հասավ պատգամավորների հարցերին: Սակայն դատելով հնչեցված հարցերից` կարելի էր ենթադրել, որ պատգամավորների զգալի մասը կա՛մ չէր ցանկացել ծանոթանալ ծրագրին, կա՛մ իսկապես ժամանակը չէր բավականացրել: Որոշ պատգամավորների հարցադրումներ այնպիսի բովանդակության էին, որ վարչապետը ստիպված էր լինում իր պատասխանից առաջ տեղեկացնել, որ այդ հարցադրումների մասին ծրագրում գրված է: Հնչեցված հարցերի մեջ կային նաեւ ոչ «ծրագրայինները»: Օրինակ՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կ. Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչպես է նա վերաբերվում Սերժ Սարգսյանին: Կ. Կարապետյանի պատասխանը իր նախընտրած ոճով էր՝ խիստ լակոնիկ. «Ս. Սարգսյանին ինչպես եմ վերաբերվում, շատ հարգալից»,-եզրափակեց վարչապետը՝ այդպես էլ տեղի չտալով Ս. Սարգսյանի վերաբերյալ այլ բնութագրումներ ստանալու Փաշինյանի փորձերին:
Հարց ու պատասխանին հաջորդեցին պատգամավորների ելույթները: Ուշագրավ էր, որ իրենց ընդդիմադիր հռչակած պատգամավորները ելույթներն այնպես էին կազմում, որ տպավորություն ստեղծվի, թե իրենք շահագրգռված չեն, որպեսզի տապալվի նորանշանակ վարչապետի ծրագիրը, ինչպես նախորդ 2 կառավարությունների ծրագրերի դեպքում: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, անդրադառնալով կառավարության ծրագրին, իր ելույթի սկզբում նշեց. «Նախ ուզում եմ շնորհավորել կառավարության այն նոր անդամներին, ովքեր հաստատվել են եւ որպես նախարարներ պետք է աշխատեն այսուհետ, որովհետեւ առաջին անգամ են առնչվում, անկախ նրանից՝ ովքեր ներկա են, ովքեր ներկա չեն, եւ հաջողություններ մաղթել առաջին հերթին, որովհետեւ կառավարության հաջողությունը իմ ընտանիքի, իմ զավակների, իմ թոռների հաջողությունն է»:
Հնչեցված դրական գնահատականներից եւ վարդագույն ակնկալիքներից անմասն չմնացին ՀՀԿ-ական պատգամավորները: Նկատենք, սակայն, որ Աժ փոխխոսնակ Շարմազանովը հատուկ ընդգծեց, որ Կարապետյանի կառավարության ծրագիրը, չնայած դրանում չկար որեւէ հղում Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրին, այդուհանդերձ հանդիսանում է հենց վերջինիս ծրագրերի արտացոլումը:
Ինչեւէ: Երեկ «Ժողովուրդ»-ը նկատեց, որ ԱԺ պատգամավորներից շատերը, հատկապես գործարար հատվածի մեծամասնությունը, լքեցին ԱԺ նիստերի դահլիճը` ըստ էության ցուցաբերելով «արհամարհական» վերաբերմունք:
Կառավարության ծրագրի քննարկումը կշարունակվի այսօր:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Հոկտեմբերի 19-ին՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի տներից մեկում ավազակային հարձակում է կատարվել: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` դիմակավորված մի քանի անհայտ անձ պատուհանը կոտրել, ապա ներխուժել են գյուղի տներից մեկը: Անհայտ անձինք դանակով սպառնացել են տան բնակիչներին, կապել տանը գտնվող երկու կնոջ, հարվածել նրանցից մեկին, ապա հափշտակել ձեռքի տակ ընկած հնարավոր ամեն բան եւ փախուստի դիմել: Մեր տեղեկություններով` իրավապահները դեռեւս հետքի վրա դուրս չեն եկել, ավազակային հարձակում իրականացնողների ինքնությունը չի պարզվել: Տուժած բնակիչները ներկայացրել են վնասի չափը:

 

 

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱՆ»-Ն ԸՆԴԴԵՄ «ՔԵԹՐԻՆԻ»
«Ռոսգոսստրախ-Արմենիան» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ապահովագրական ընկերությունը պահանջում է գումար բռնագանձել «Քեթրին գրուպից»: Ավելին՝ պարզվում է` «Ռոսգոսստրախ-Արմենիան»-ն միջնորդություն է ներկայացրել դատարանին ընկերության գույքի դրամական միջոցների վրա արգելանք դնել, սակայն դատարանը մերժել է այն: Ինչպես հայտնի է` «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն կապվում է ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալի կիզակետում հայտնվելուց հետո այս տարվա ապրիլին հրաժարականի դիմում ներկայացրած Միհրան Պողոսյանի անվան հետ:

 

 

ԱՃՈՒՐԴԸ ԿԿԱՅԱՆԱ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի աճուրդը կկայանա այս տարվա նոյեմբերի 14-ին, ժամը 11.00-ին: Նշենք, որ գույքի գնահատված արժեքը կազմում է 13 մլրդ 223 մլն 413 հազար դրամ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած նիստում որոշել է նշված նախարարության շենքը դասական աճուրդով օտարել: Հարկ է նշել նաեւ, որ աճուրդի հաղթող ընկերությունը պարտավոր է վճարել գույքի` 2520 քառակուսի մետր մակերես տարածքի կադաստրային արժեքը՝ 151 մլն 226 հազար դրամը: Գույքն օտարելուց հետո այն գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից հետո՝ եռամսյա ժամկետում: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ շենքը ցանկանում է գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, որի Հայաստանյան ներկայացուցչության գլխամասային գրասենյակը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հարեւանությամբ` նույն շենքում:




Լրահոս