ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՊԱԼՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր այս տարվա հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության երկու խոշոր քաղաքներում` Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության` ՀՀԿ-ի գրանցած արդյունքներին ու դրանք համեմատել 2012 թվականի նույն քաղաքներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների հետ: Եւ ակնհայտ է, որ 2012 թվականին ՀՀԿ-ի քարոզչական մեքենան ավելի արդյունավետ էր աշխատել:

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերյան ընտրություններից հետո ՀՀԿ-ի հնաբնակների ազդեցության տակ գտնվող երիտթեւն ամեն կերպ փորձում էր կոծկել իր «ձախողումները»` դրանք թաքցնելով իբր հաղթական արդյունքների քողի տակ: Բայց այն, որ երբեմնի «հզոր» ՀՀԿ-ի «ձայների ապահովման համակարգը» գնալով խափանվում է, փաստում է նաեւ հենց Գյումրիում եւ Վանաձորում 2012 եւ 2016 թվականներին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների տարբերությունը. Գյումրիում 2012-ի համեմատ մոտ 13000 պակաս ձայն էր հավաքել ՀՀԿ-ն, իսկ Վանաձորում՝ 7000 պակաս քվեներ: Իսկ հիմա փորձենք ցույց տալ ՀՀԿ-ի տապալումը ՀՀ մյուս խոշոր քաղաքներում:
2016 թվականի հոկտեմբերի 2-ին Սեւան քաղաքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններն անցան լարված մթնոլորտում: Հանրապետական կուսակցությունն այս քաղաքում չառաջադրեց գործող քաղաքապետին, քանի որ զգում էր, որ սեւանցիները քաղաքական նոր դեմքեր տեսնելու կարիք ունեն: Այդ իսկ պատճառով Հանրապետական կուսակցությունը Սեւանում սատարեց «Սեւան ազգային պարկի» տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանին, ում հովանավորը նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էր: Արդյունքում քաղաքապետ ընտրվեց անկուսակցական Սարգիս Մուրադյանը: Եթե 2012 թվականի ՀՀԿ-ն իր թեկնածուի օգտին այստեղ գրանցել էր 7203 ձայն, ապա 2016 թվականին 6671 քվե, մոտ 600 ձայնով պակաս նախորդից:
Հետաքրքիր իրադրություն էր ստեղծվել նաեւ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀԿ-ն այստեղ որեւէ թեկնածու չէր առաջադրել: Չունենալով հարազատ կուսակցության աջակցությունը` չէր առաջադրվել նաեւ գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանը: Հատկանշական է, որ քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանը եւս մենակ էր, մնացել էր առանց իր «հավատարիմ» կուսակցության աջակցության` ինքնառաջադրվել էր: Այնուամենայնիվ, եթե ուշադրություն դարձնենք Աշտարակում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին, պարզ կդառնա, թե ինչու ՀՀԿ-ն հրաժարվեց սատարել իր կուսակցին: ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանի օգտին 11082 հոգուց քվեարկել էին միայն 2440-ը: Այնինչ՝ 2012 թվականի դրությամբ ՀՀԿ-ն Աշտարակում ունեցել էր 4745 քվե: Այսինքն՝ ՀՀԿ-ն ի սկզբանե վստահ չէր իր կուսակցի հնարավորությունների վրա եւ չցանկացավ, որ պարտությունը այստեղ լինի պաշտոնապես: Աշտարակում քաղաքապետ ընտրվեց «Աշտարակի ձոր» հանգստյան գոտու սեփականատիրոջ որդին` «Ավգոռ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն անկուսակցական Թովմաս Շահվերդյանը: Հարկ է նշել, որ Աշտարակում ընտրողների թիվը եւս ընդլայնվել է: Եթե նախկին Աշտարակի ընտրողների թիվը 10132 էր, ապա 2016-ին դարձել է 11082:
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ընտրությունների արդյունքները եւս անկանխատեսելի էին: Քաղաքապետի պաշտոնի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը եւ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը: Մինչ ընտրությունները քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ՀՀԿ-ում քննարկվում էր այս ընտրություններին Պետոյանին պաշտպանելու տարբերակը: Նշենք, որ Մուշեղ Պետոյանը համարվում էր Հովիկ Աբրահամյանի թեկնածուն: Այդուհանդերձ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն որոշեց սատարել Մխիթար Վարագյանին, բայց ոչ բացահայտ: Այնուամենայնիվ, չնայած Արթիկում ՀՀԿ-ն ունեցավ իր ցանկալի թեկնածուին, բայց չունեցավ ցանկալի արդյունք: Ի հակադրումն պարծեցող ՀՀԿ-ականների` փորձենք ցույց տալ, թե այդ ինչպես է ՀՀԿ-ն հաջողել ունենալ ցանկալի ընտրություններ, եթե այս քաղաքում եւս գրանցած ցուցանիշը զգալիորեն տարբերվում է նախորդ ընտրությունների ցուցանիշից: Արդյունքում 4143 քվեով Մխիթար Վարագյանը ընտրվեց Արթիկի քաղաքապետ, իսկ Մուշեղ Պետոյանն իր օգտին գրանցեց 3989 ձայն: Իսկ 2012 թվականին ՀՀԿ-ն կարողացավ հավաքել 5732 ձայն եւ այն ժամանակ քաղաքապետ դարձավ Արսեն Աբրահամյանը: Արթիկում ՀՀԿ-ն չորս տարիների ընթացքում կորցրեց 1500 ձայն:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն էին՝ ՀՀԿ-ական Յուրիկ Ավալյանը եւ ԲՀԿ-ական, բայց ինքնառաջադրված Սերյոժա Ավալյանը: Նույն ազգանուններով, բայց ազգակցական կապ չունեցող քաղաքապետի թեկնածուները երկուսն էլ վճռական էին տրամադրված, բայց Սերյոժա Ավալյանն ինքնաբացարկ ներկայացրեց, իսկ Ճամբարակը դարձավ կրկին ՀՀԿ-ի մենաշնորհը, որովհետեւ նույն Յուրիկ Ավալյանը 2012 թվականին քաղաքապետի միակ թեկնածուն էր: Բայց այս դեպքում էլ Յուրիկ Ավալյանը 2012 թվականի համեմատությամբ չկարողացավ ՀՀԿ-ի համար ապահովել ձայների աճ: ՀՀԿ-ն այստեղ եւս հետընթաց ունեցավ: Եթե 2012 թվականին ՀՀԿ-ական Յուրիկ Ավալյանի օգտին քվեարկել էին 2918 հոգի, ապա 2016-ին 800 ձայնով պակասել էր ՀՀԿ-ի ցուցանիշը` դառնալով 2176:
Ընտրությունների արդյունքները ՀՀԿ-ին ոչ թե առիթ են տալիս պարծենալու եւ ինքնագոհ հայտարարություններ անելու, այլ ձախողումների պատճառները հասկանալու եւ դրանց լուծմանը լծվելու: Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն արդեն անցկացվելու են նոր «Ընտրական օրենսգրքի» պահանջներին համապատասխան: Նոր «Ընտրական օրենսգիրքը» ՀՀԿ-ի կեղծման հսկայական համակարգը նոսրացնելու է, որովհետեւ ընտրական նոր օրենսգիրքը, օրինակ, բացառում է «կարուսել» օպերացիայի իրականացումը, որը համարվում է ՀՀԿ-ի «հաղթանակների» գրավականներից:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ՊՈԱԿ-ՆԵՐԸ ԱԶԱՏՎԵՑԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՆ «ԺԵՇՏԻՑ»

«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարվա հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը վաճառվել են ՊՈԱԿ-ների կողմից աճուրդի հանված հին տարեթիվ ունեցող ռուսական արտադրության ավտոմեքենաները:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 12-ին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգել էր բոլոր գերատեսչություններին տնտեսել պետական միջոցները, նաեւ կրճատել ծախսերն ու ծառայողական ավտոմեքենաները: Այս պատճառով բոլոր գերատեսչությունները, այդ թվում նաեւ՝ ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը, ՊՓԲԸ-ները, վաճառքի հանեցին իրենց հաշվեկշռում եղած հին տարեթիվ ունեցող, ռուսական արտադրության ավտոմեքենաները: Ասել է թե՝ ազատվեցին ժեշտից: Քանի որ այդ հին ավտոմեքենաների վրա պետական բյուջեից ավելի շատ ծախսեր էին արվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում վաճառվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի 3՝ 2007թ. արտադրության «Վազ-21214-126-20», 2005թ. «Գազ-31105-120» եւ 2004թ. «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենաները:
Նշենք, որ «Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի աճուրդի հանված 2 ավտոմեքենաները վաճառվել են: Դրանք են՝ 2001թ. արտադրության «Գազ 311000» եւ 1993թ. «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենաները: Իսկ, ահա, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի աճուրդի հանված 3 ավտոմեքենաներն էլ վաճառվել են: Նշենք, որ դրանցից երկուսը հին տարեթիվ ունեն եւ ռուսական արտադրության են: Իսկ մյուս՝ «Միկրոավտոբուս Հունդայի H-100 2.5 D» մակնիշի ավտոմեքենան 1995թ. արտադրության է: ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը նույնպես աճուրդի է հանել ավտոմեքենա: Դրանք երկուսն են՝ հին տարեթվով ու ռուսական արտադրության. 1989-1999 թ. «ԿԱՎԶ 3270» եւ 1999 թ. «Գազ-31000»:
Բացի նշված ՊՈԱԿ-ներից՝ վաճառվել է նաեւ «Երեւանի ջերմաէլեկտրոն» ՓԲԸ-ի, «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի, «Մելիորացիա» ՓԲԸ-ի, «Գեղարքունիքի մարզի Գանձակի գյուղապետարանի աշխատակազմ» հիմնարկի, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» եւ այլ ՓԲԸ-ների գույքը, որոնք հիմնականում ավտոմեքենաներ են: Ահա թե ինչպես են կրճատել ծառայողական ավտոմեքենաները: Ընդամենը ազատվել են հին եւ ժանգոտված ժեշտից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՍՊԱՆ ԴԱՍԱԼՔԵԼ Է
ՀՀ պաշտպանության նախարարության Տավուշի մարզում տեղակայված սահմանապահ զորամասերից մեկում որպես սպա ծառայած Խաչիկ Արտավազդի Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով 2015թ. օգոստոսի 12-ից այլեւս զինծառայության չի ներկայացել, 2016թ. մարտի 12-ին իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել: Խ. Նալբանդյանը կալանքի տակ է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով («Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ զինվորական ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաեւ նույն նպատակով ծառայության չներկայանալը»): Սույն քրեական հոդվածով բնութագրված արարքի համար որպես պատիժ նախատեսվում է 3-6 տարի ազատազրկում: Այս քրեական գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

 

 

ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԸ
Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Իջեւանի տարածաշրջանի Լուսաձորում համայնքի ղեկավարի երկու թեկնածու կար՝ գործող գյուղապետ Սուրեն Քոչարյանը եւ նախկին գյուղապետ Վարդան Սարդարյանը: Վերջինս ստացավ 187 քվե, իսկ նրա մրցակիցը՝ 162: Ընտրություններից ավելի քան մեկ ամիս է անցել, Վ. Սարդարյանը պետք է ստանձներ համայնքի ղեկավարի պաշտոնը, սակայն մինչ այժմ դա չի արել: Պատճառն այն է, որ Ս. Քոչարյանը կարծում է, թե համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանում է հոկտեմբերի վերջին: Ս. Քոչարյանը հանձնում-ընդունում չկատարելով՝ ասում է, որ 2008 թ. ՏԻՄ ընտրությունները կայացել են հոկտեմբերին, հետեւաբար ինքը պետք է համայնքապետի պաշտոնը նորից ստանձներ 2012թ. հոկտեմբերից եւ այդ պաշտոնում պետք է աշխատի 4 տարի՝ մինչեւ 2016թ. հոկտեմբերի վերջ: Վ. Սարդարյանն այլ համայնքների փորձը աչքի առաջ ունենալով՝ մտավախություն ունի, որ հեռացող գյուղապետը մինչեւ հոկտեմբերի 30-ը Լուսաձորում գործարքներ կիրականացնի: Նա այդ առթիվ դիմել է իշխանության տարբեր ատյաններ: Վ. Սարդարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ հարցի վերաբերյալ «ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն էլ է օգնել, որ խնդիրը լուծվի: Նա հայտնեց, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որոշմամբ հոկտեմբերի 21-ին Գանձաքարում /որտեղ եւս նման խնդիր կա/ հանձնում-ընդունում, համայնքի ղեկավարի լիազորությունների փոխանցում կլինի: Դրանից հետո, հավանաբար հոկտեմբերի 22-ին, այդ գործընթացը կկատարվի նաեւ Լուսաձոր համայնքում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս