ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ Ազգային Ժողովում
Տպավորություն է, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանի համար երեկվա Աժ նիստը մի փոքր ձանձրալի էր: Կա՛մ նրան հոգնեցրել էր ՀՀ վարչապետի անվերջ թվացող ելույթը, կա՛մ էլ մտահոգել էր կառավարության կողմից ներկայացված ծրագիրը, քանի որ շատ պատգամավորներ թերահավատորեն էին վերաբերում այդ ծրագրին:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում շարունակվո՞ւմ է քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը, թե՞ ոչ:
Եփրեմ Ֆեռոյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Ֆեռոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը շարունակվում է, եթե նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) չի ընդունել նրա ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ծառայողական քննության մեծածավալության, բարդության կամ այլ անհրաժեշտությունից ելնելով` ծառայողական քննությունը վարողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա խորհուրդը կարող է որոշում կայացնել ծառայողական քննության ժամկետը մինչեւ 15 oր տեւողությամբ երկարացնելու մաuին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կուտակային բաղադրիչի մասնակիցը, եթե կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարի, ապա ի՞նչ կլինի:
Մանուշակ Պողոսյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե մասնակիցն ընտրել է միայն կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ, ապա նրա համար կատարված նպատակային սոցիալական վճարներն ուղղվում են իր ընտրած կառավարչի պահպանողական ֆոնդ:
Եթե մասնակիցն ընդհանրապես ընտրություն չի կատարել, ապա մասնակիցների ռեեստրը վարողը, հարկային մարմնից ստացված նպատակային սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկատվության հիման վրա, ընտրություն չկատարած մասնակցի համար բացում է կենսաթոշակային հաշիվ: Կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ֆոնդի ընտրություն չկատարելու դեպքում, անձի համար պարտադիր կենսաթոշակային ֆոնդն ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից, ծրագրային մոդուլի միջոցով, պատահականության սկզբունքով:
Այնուհետեւ, 10 աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների ռեեստրը վարողը գրավոր (թղթային) ձեւով տեղեկացնում է մասնակցին նրա համար կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ եւ պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու վերաբերյալ: Հետագայում, ցանկության դեպքում, մասնակիցը կարող է փոխել պարտադիր կենսաթոշակային ֆոնդը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր անձի համար կատարված կուտակային վճարի դիմաց տվյալ անձի կենսաթոշակային հաշվին են փոխանցվում մասնակցի ընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդի` կուտակային վճարին համարժեք քանակով փայեր` հիմք ընդունելով տվյալ ֆոնդի փայի տեղաբաշխման գինը: Կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկումը կազմակերպում է մասնակիցների ռեեստրը վարողը, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, կենսաթոշակային ֆոնդի կանոնների եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ պահառուի հետ կնքված պայմանագրի համաձայն: