ԼՂՀ պաշտպանական բանակի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը երեկ դիվերսիոն ներթափանցման փորձ է արել: Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել»: Նկատենք, որ քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման փորձերը, կարելի է ասել, դադարել էին: Ուստի տեղի ունեցածը չի կարող դիտարկվել որպես հրադադարի խախտման սովորական դեպք: Ի վերջո, վերջին տարիներին շփման գծում տարբեր տրամաչափի հրազեններից արձակվող կրակահերթերը սովորական երեւույթ էին դարձել: Սակայն քառօրյա պատերազմից առաջ դիվերսիոն ներթափանցման փորձերը հաճախակիացել էին, ինչը դեռեւս այն ժամանակ փորձագետներին հիմք էր տալիս ենթադրելու, որ թշնամին լուրջ սադրանք է նախապատրաստում: Հետագայում այդ կանխատեսումները արդարացան: Արդյոք այս անգամ եւս նույն իրավիճակի հետ գործ ունենք, թե թշնամին պարզապես փորձում է ահեստական լարվածություն ստեղծել: Սա հարց է, որի պատասխանը կտա միայն ժամանակը:
Վերջին տարիներին սովորական է դարձել այն երեւույթը, որ պետական կառավարման համակարգի աշխատակիցները, այդ թվում նաեւ ղեկավար կազմի ներկայացուցիչները, աշխատանքային ժամերի ֆեյսբուքում զավզակություններով են զբաղված: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ պետական կառավարման հիմնարկների բոլոր աշխատակիցներին արգելված է աշխատանքային ժամերին` 9:00-ից մինչեւ 18:00-ն, համացանցերում ճեմել: Աշխատանքային ժամերին սոցիալական ցանցերից օգտվելը թույլատրվել է միայն լրատվական ծառայությունների աշխատակիցներին, որոնց դեպքում այդ գործողությունը նրանց մասնագիտական պարտականությունների մի մասն է կազմում: Ի դեպ, պետական կառավարման համակարգում սկսել են ստուգել աշխատակիցների` համակարգչից օգտվելու ունակությունները, մասնավորապես, խոսքը ստեղնաշարով տեքստ տպելու արագության մասին է: Համաձայնեք՝ վարչապետ Կարեն Կարապետյանի այս հրահանգը կարելի է իսկապես համարել արդարացված եւ ճիշտ որոշում:
Դեռեւս հունիսին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը երկու անգամ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ պանամական օֆշորի գործով հարցաքննվել: Մեր տեղեկություններով՝ առաջին անգամ նա ՀՔԾ-ում ցուցմունք է տվել այն մասին, որ մամուլում գրված շվեյցարական «LGT» բանկում Միհրան Պողոսյանը հաշիվներ չունի եւ որպես ապացույց ներկայացրել է Շվեյցարիայից ստացված գրավոր պատասխանները, որը պահանջել եւ ստացել են իր ներկայացուցիչները: Սակայն այդ հարցաքննությունից հետո Միհրան Պողոսյանին մեկ անգամ էլ են հրավիրել ՀՔԾ` հարցաքննության: Այդ հարցաքննության նպատակը եղել է այն, որ նա պարզաբանի, թե ինչպես է Շվեյցարիայից հավաստիացումներ ստացել: Իսկ այդ հարցաքննությունից հետո ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների` Պողոսյանի ասածները «ստուգելու» համար: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս էլ ՀՔԾ-ն հարցաշար է ուղարկել խնդրի հետ առնչություն ունեցող միջազգային կառույցներին:
Երեկ ԱԺ-ն 85 կողմ, 7 դեմ եւ 6 ձեռնպահ քվեարկությամբ հավանություն տվեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրին: Պատգամավորներից դեմ էին քվեարկել միայն ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների անդամներն ու ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: Վերջինիս իր պատգամավորական գործունեության չորսուկես տարիներին նախորդ երկու` Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունների ծրագրերին կողմ էր քվեարկել: «Ժողովուրդ»-ը փորձեց Էդմոն Մարուքյանից պարզել, թե ինչպես ստացվեց, որ այս անգամ դեմ քվեարկեց: «Նախ կաշկանդված էի կուսակցության որոշումով: Չորսուկես տարիների ընթացքում առաջին անգամ եմ որպես կուսակցության ներկայացուցիչ քվեարկում, մինչ այդ եղել եմ անկախ քվեարկող եւ ինչպես ցանկացել, այդպես քվեարկել եմ»,- պատասխանեց Մարուքյանը: Ի դեպ, կողմ «քվեարկողների» մեջ էին նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը եւ Մհեր Սեդրակյանը, որոնք խորհրդարան չէին եկել:
ԱՆՏԱՐԱՆՑԻԿ
Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, եւ դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա գազ գնել Իրանից ու վաճառել, օրինակ, Վրաստանին: Այդ մասին «Ազատությանն» ասել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը՝ հավելելով, որ գործարքի համար իրավական խոչընդոտներ չկան: «Ես կարծում եմ՝ եթե որեւէ արտառոց բան չլինի, այդ փաստաթուղթը կստորագրվի, եւ երկու պետությունները, այո՛, կունենան գազի առքուվաճառքի պայմանագիր»,- ասել է դեսպանը եւ արձագանքելով լրագրողի մտահոգությանը՝ կարծիք հայտնել, որ ՌԴ դրան չի խանգարի. «Փաստաթղթերը մոտ են համաձայնեցման, եւ որեւէ խանգարող հանգամանք երկու կողմերում չեմ տեսնում»,- նշել է նա:
Ինչ խոսք՝ հարցի իրավական կողմի կարգավորումը շատ կարեւոր է, եւ գազի առքուվաճառքի մասին փաստաթուղթն էլ, թերեւս, անհրաժեշտ: Բայց դրանից առաջ նախ անհրաժեշտ է այդ գազի ձեռքբերման հնարավորության ստեղծումը, կամ գոնե այդ ուղղությամբ համաձայնագրի ստորագրումը: Ի վերջո, ինչքան ասես՝ կարելի է պայմանագրեր կնքել այս կամ այն ապրանքի առքուվաճառքի մասին, բայց եթե չկա այդ ապրանքը, բոլոր փաստաթղթերը դառնում են անիմաստ:
Իսկ այն, որ Իրանից Հայաստան եկող գազի ծավալները բավարար չեն՝ Հայաստանով տարանցելու եւ, օրինակ, Վրաստանի շուկայում զգալի տեղ գրավելու համար, գաղտնիք չէ: Ժամանակին այդ հնարավորությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի՝ հավասարաչափ ճնշումների արդյունքում Հայաստանը բաց թողեց: Եթե Ռուսաստանին դա ձեռնտու չէր սեփական գազային շահերի տեսանկյունից, ապա Միացյալ Նահանգներն էլ չէր ցանկանում ոչինչ լսել պատժամիջոցների ներքո գտնվող Իրանի հետ որեւէ լուրջ էներգետիկ համագործակցության մասին: Ինչ խոսք, եթե օրվա իշխանություններն ավելի լեգիտիմ լինեին, հետեւաբար՝ նաեւ ավելի անկախ, գուցե եւ այլ իրավիճակ լիներ: Սակայն ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք: Տվյալ դեպքում 1200մմ տրամագծով գազատարի փոխարեն՝ ընդամենը 700մմ մի խողովակաշար, որն ի զորու է ապահովել տարեկան առավելագույնը 2 միլիարդ խմ գազ, ինչը Հայաստանի պահանջարկը հազիվ կարող է բավարարել, եթե ինչ-որ մի օր մենք զրկվենք ռուսական գազ սպառելու հնարավորությունից:
Այնպես որ, եթե անգամ Հայաստանը Իրանի հետ ստորագրի գազի առքուվաճառքի մասին պայմանագիր, ապա երրորդ երկրին հնարավորություն է ունենալու ոչ զգալի ծավալներով գազ վաճառել, ինչը քարոզչական եւ ինչ-որ առումով նաեւ քաղաքական նշանակությունից բացի, որեւէ լուրջ տնտեսական էֆեկտ չի ունենալու: Բայց հայ-իրանական տնտեսական գործակցությունը այնպիսի կրիայի քայլքով է առաջ գնում, որ այս դեպքում, լավ է քիչ, քան ոչինչ սկզբունքով, մեզ մնում է միայն ողջունել այս նախագծի իրականացումը եւ արդեն նոր կառավարությունից ակնկալել առավել առարկայական եւ մեծածավալ փոխգործակցություն: