ԲՅՈՒՋԵՈՒՄ ԳՈՒՄԱՐԸ ԳՆԱԼՈՎ ՊԱԿԱՍՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ինն ամիսների արդյունքներով՝ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են ավելի քան 53 միլիարդ դրամի չափով: Հայաստանի պետական բյուջեի կատարողականի նման վատ ցուցանիշ չէր արձանագրվել 2009 թվականի աշնանից այս կողմ: Այսպիսով՝ պաշտոնապես հաստատվեց «Ժողովուրդ»-ի՝ դեռեւս մեկ ամիս առաջ հրապարակած այն լուրը, ըստ որի՝ կառավարության ֆինանսիստները դեռեւս սեպտեմբերի սկզբին կանխատեսել են, որ 9 ամիսների արդյունքներով բյուջեի թերակատարումը կազմելու է 50 միլիարդ դրամ, իսկ տարեվերջին այդ ցուցանիշը կարող է հասնել 70 միլիարդ դրամի: Եւ ահա 9 ամիսների կտրվածքով պետական բյուջեի ծախսային մասի թերակատարումը կազմել է մոտ 62 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած՝ չնայած բազմաթիվ ծախսեր պետական բյուջեով ծրագրված է եղել, բայց այդպես էլ չեն իրականացվել գումարի բացակայության պատճառով:
Փաստացի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը մինչեւ տարեվերջ պետք է փորձի կանգնեցնել տնտեսության շարունակական անկումը: Արդյոք այդ գործընթացը հաջողությամբ կպսակվի, թե ոչ, պարզ կդառնա առաջիկայում: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այս պահին արդեն առկա տվյալներում չկա ոչ մի ցուցանիշ, որը ապագայի հետ կապված լավատեսություն կարող է ներշնչել: Այսինքն՝ եթե անգամ նոր կառավարությունն անկումը կանգնեցնի, ապա դրա արդյունքում տնտեսության ներկա պատկերը էապես չի փոխվի:

 

 
Տեւական ժամանակ քաղաքական ու իրավապահ շրջանակներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը դեռեւս 2014-ին ձերբակալված է եղել եւ պահվել ազգային անվտանգության ծառայությունում: Ավելին՝ անգամ մամուլում հրապարակումներ եղան այդ մասին: Օդում կախված լուրերի համաձայն՝ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվել է մի գործ, ըստ որի՝ Արշակ Հակոբյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ է ներգրավել ՃՈ աշխատակազմում, որոնք մեծ քանակությամբ տուգանքներ են գանձել վարորդներից, սակայն գանձումների մեծ մասը բյուջե չի մտել. ենթադրվում է` դրանք տնօրինել է Արշակ Հակոբյանը: Օդում կախված այս լուրերի իսկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ ԱԱԾ-ից: Մեր հարցմանն ի պատասխան` ԱԱԾ-ից հայտնեցին. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում Արշակ Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել»:

 

 

 
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանն իր ներկայիս պաշտոնում նշանակվելուց հետո ռադիո գնում է զենքով: Հիշեցնենք, որ նա հանրային ռադիոյի գործադիր տնօրեն նշանակվեց այս տարվա փետրվարի 3-ին, իսկ 2013 թվականի ապրիլից մինչեւ 2015 թվականի հուլիսը եղել է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը: «Ժողովուրդ»-ը Արման Սաղաթելյանից փորձեց պարզել, թե ինչու է զենքով աշխատանքի գնում: «Զենքն անվանական է, որով ես պարգեւատրվել եմ ԼՂՀ ՊԲ-ի կողմից՝ ՀՀ ԶՈՒ համակարգում երկարամյա աշխատանքի ընթացքում: Զենքը տիրապետելու, պահպանելու եւ կրելու ընթացքում խստորեն հետեւում եմ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին, մասնավորապես «Զենքի մասին» ՀՀ օրենքով ամրագրված սահմանափակումներին ու պահանջներին»: Սակայն այդպես էլ չհստակեցրեց՝ ինչո՞ւ է իրեն անհրաժեշտ զենքով ռադիոյի շենք մտնելը: Ի դեպ, Սերժ Սարգսյանի նախկին մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն, օրինակ, զենք չունի: «Ժողովուրդ»-ին նա հավաստիացրեց, որ ինքը զենք չի ունեցել եւ չունի:

 

 

 
Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է առաջիկայում 500 հատ «Երեւան» ձուլվածքով նստարան եւ 600 հատ աղբաման (դարձյալ ձուլվածքով) գնել: Յուրաքանչյուր նստարանի համար քաղաքապետարանը ծրագրում է վճարել 165 հազար դրամ, իսկ աղբամանի մեկ հատի համար 78 հազար դրամ է: Ինչպես հայտնի է՝ Երեւանի քաղաքապետարանը նստարանների եւ աղբամանների նկարագրությունն այնպես է կազմել, որ դրանք անպայման ձուլվածքով պատրաստվեն: Իսկ այդ դեպքում նստարանները եւ աղբամանները կարող է պատրաստել միայն «Նիկոլ Դուման» ընկերությունը: Կասկածից վեր է, որ այս անգամ էլ պատվերը հենց այդ ընկերությանը կտրվի: Ի դեպ, «Նիկոլ Դուման» ընկերության հիմնադիրներն են ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գեւորգյանը եւ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը: Իսկ արդյո՞ք քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից համայնքային միջոցների նման ծախսերը քամուն տալու կամ կոռուպցիայի դասական օրինակ չեն:

 

 

 
ՃԱՐՊԱԿԱԼԱԾ
Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ լրագրողների հետ զրույցում իր մտքի հերթական «գոհարներն» է շաղ տվել: Նախ նա հայտարարել է. «Մենաշնորհը ցանկալի երեւույթ է պետության համար, բոլոր պետություններում է այդպես, բայց այդ մենաշնորհը պետք է իրական լինի»: Դժվար է ասել, թե իր տնտեսագիտական գիտելիքները Գրիգորիչը որտեղից է քաղում, բայց, վստահաբար, Աժ նախագահի դասախոսությունները՝ հատկապես ցանկալի մենաշնորհների ձեռք բերման թեմայով, պահանջված կլինեն ՀՀԿ քաղաքական դպրոցում:
17 տարի իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ փոխնախագահը նաեւ խոստովանել է. «Մշտապես մտածել ենք այնպես անել, որ բոլոր մարդիկ, ովքեր ուզում են ներմուծել կամ արտահանել, հանգիստ ճանապարհով կարողանան այդ խնդիրը լուծել»: Տեսնես՝ ով չի թողել իշխող ՀՀԿ-ին դա անել, ով է ստիպել, որ նրանք ներմուծման կամ արտահանման «հանգիստ ճանապարհը» բացառապես մի քանի կուսակից օլիգարխներին հայտնեն, որպեսզի վերջիններս էլ կարողանան մարդա մի-մի «իրական եւ ցանկալի մենաշնորհի» տեր դառնալ: Բայց ինչպես ավետել է Գրիգորիչը. «Այդ առումով շատ շուտով բավականին լուրջ դերակատարում կունենա նաեւ կառավարությունը»: Ասել է թե՝ երկրիս 2-րդ դեմքը պաշտոնապես հայտարարել է, որ մինչ այս գործած կառավարությունները որեւէ դերակատարում չեն ունեցել մաքսային հարցերում: Այն, որ դա մեծ հաշվով այդպես է եղել, քչերն էին կասկածում: Բայց ինչ կարիք կար այդ մասին այդքան մերկապարանոց հայտարարելու: Ի վերջո, կան ֆորմալ իրողություններ, որոնց հանդեպ գոնե ֆորմալ հարգանքը «ցանկալի երեւույթ է պետության համար»:
Սակայն ինչպես գիտենք՝ «մաեստրոմ» բավականին անբռնազբոսիկ է իր արտահայտություններում եւ երբեմն իրեն անգամ թույլ է տալիս սեփական երազանքները ձեւակերպել որպես ողջ ժողովրդի երազանք: Երեկ, օրինակ, արձագանքելով հարցին՝ արդյոք Կ. Կարապետյանը ժողովրդի երազած վարչապետն է, Սահակյանն ասել է. «Մեր ժողովուրդը չի երազում ԱԺ նախագահներ, վարչապետներ ունենալու մասին, ժողովուրդը ընդամենը ուզում է կուշտ ապրել, իր զավակներին լավ պայմաններում տեսնել, այ, սրա մասին է մեր ժողովրդի երազանքը»:
Փաստորեն, Գ. Սահակյանի ընկալմամբ՝ մեր ժողովուրդը ընդամենը կուշտ լինելու մասին է երազում: Ուշադրություն դարձրեք, ոչ թե ցանկանում, ոչ թե ձգտում, այլ հենց՝ երազում: Ավելի ողբերգական հայտարարութուն ՀՀ-ի որեւէ պաշտոնյա մինչ օրս չէր արել: Ավելի ինքնանվաստացնող եւ ինքնաոչնչացնող արձանագրում ՀՀԿ-ի համար դժվար էր պատկերացնել: Այդ ինչ օրն եք հասցրել ժողովրդին, որ կուշտ լինելը նրա համար դարձել է երազանք, եւ հիմա էլ էդպես հանգիստ կանգնում, կամերաների առջեւ ասում եք: Բայց պետք է հիասթափեցնենք իր երազանքները ուտելով չափող եւ ուտելու մասին ձեւակերպողներին. մեր ժողովրդի երազանքները շատ վեհ են ու բարձր: Ձեր ճարպակալած, կուշտ, բայց այդքա՛ն անկուշտ ուղեղներին, սակայն, այդ երազանքները հասու չեն:




Լրահոս