«Ժողովուրդ» օրաթերթին դժգոհություններ էին հասել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանի աշխատանքային գործունեության եւ աշխատավայրում պահելաձեւի վերաբերյալ: «Ժողովուրդ»-ը այս հարցերի առնչությամբ զրուցեց Արման Սաղաթելյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է իրեն այնպես դրսեւորում, որ հարուցել է ռադիոյի աշխատակիցներից շատերի զայրույթը: Սակայն զրույցը կենդանի չստացվեց. նա պատասխանել է մեր գրավոր հարցերին:
-Պարո՛ն Սաղաթելյան, Հանրային ռադիոյի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը չէիք հրավիրել Հանրային ռադիոյի «հնաբնակներին», որի պատճառով նրանցից շատերը իրենց դժգոհությունն են արտահայտել: Ինչո՞ւ նրանց չէիք արժեւորել եւ հրավիրել:
-Հանրային ռադիոյի 90-ամյակի առիթով կազմակերպվել են մի շարք միջոցառումներ. նախ՝ ներքին բակի վերաբացումը ս.թ. մայիսին, այնուհետեւ՝ նվիրյալների արահետի բացումը հուլիսին եւ արձանի բացումը՝ սեպտեմբերին: Բացի այդ, Ռադիոյի 90-ամյակը տոնելու նպատակով կազմակերպվել է հատուկ արտագնա միջոցառում, որին հրավիրվել է մասնակցելու Ռադիոյի ամբողջ անձնակազմը (թվով 223 մարդ), փաստացի մասնակցել են 160-ը (սույն միջոցառումների մասին տեղեկություններ կարող եք հայթայթել համապատասխան հաղորդագրություններից, ինչպես նաեւ աշխատակիցների ֆեյսբուքյան էջերից:
-Հանրային ռադիոյի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ, երբ Սերժ Սարգսյանին հյուրընկալեցիք Հանրային ռադիո, ինչո՞ւ է նա շրջել միայն 1-ին եւ 2-րդ հարկերում: Արդյո՞ք պատճառն այն է, որ միայն այդ հարկերն են վերանորոգված:
-Ռադիոյի տուն այցելության ընթացքում ՀՀ նախագահը ծանոթացել է «Մասս Մեդիա» ուսումնական կենտրոնի աշխատանքներին եւ Հանրային ռադիոյի կենտրոնական սարքասրահին, որտեղից մեկնարկ է տրվել թվային հեռարձակմանը: Մնացած միջոցառումները նախատեսված էին Ռադիոյի տան հարակից տարածքում:
-Հանրային ռադիոյի շենքը վերջին անգամ ե՞րբ եւ որքա՞ն գումարի հատկացումներով է վերանորոգվել:
-Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են ս.թ. մարտին: Սեպտեմբեր ամսվա դրությամբ ավարտվել են հետեւյալ աշխատանքները՝
– Պատի վերանորոգում
Ընդհանուր առմամբ 1900 քմ բակի կողմից պատի վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ, նույն ուղղության վրա պատուհանների փոխում, պատի գեղարվեստական ձեւավորում ռադիոմոտիվներով, պատի եզրագծով տանիքի բարեկարգում։
– Բակի բարեկարգում
Բակային տարածքի բարեկարգում ընդհանուր առմամբ 5000 քմ, այդ թվում՝ այգու, ճեմուղիների, գիշերային լուսավորության ու տաղավարի, շուրջ 10 տեսակի ծառերի ու թփերի տնկում թվով 491 հատ։
– Նվիրյալների արահետ եւ պուրակ
Շենքին հարող մայթի բարեկարգում, որպես ազգային ռադիոյի ու հեռուստատեսության նվիրյալների փառքի արահետի, ընդհանուր առմամբ շուրջ 1000 քմ, թվով 80 տրավերտինե գեղարվեստական սալաքարերի տեղադրում, կանաչ զանգվածի ավելացում (1378 միավոր բույս), գիշերային լուսավորության ապահովում գեղարվեստական լուսատուներով, ցանկապատում:
– Արձան
Արվեստագետ Դավիթ Մինասյանի կողմից ազգային ռադիոյի ու հեռուստատեսության մոտիվներով թեմատիկ արձանի պատրաստում։
– Բաշխիչ ցանցի վերանորոգում
Ռադիոտան էլեկտրամատակարարումն ապահովող բաշխիչ ցանցի վերազինում, հիմնական մալուխային համակարգի փոխում։
Բոլոր աշխատանքները իրականացվել են օրենքով սահմանված բաց մրցութային կարգով, առանձին փուլերով, ընդհանուր 118 մլն. դրամ արժեքով:
-Հանրային ռադիոյում հեռացվել են ԽՍՀՄ տարիներից տեղադրված օդորակիչները, որոնք ոչ միայն չեն փոխարինվել նորերով, այլեւ բաց պատուհաններից ցուրտը մտնում է ներս:
-Ադրբեջանի ԽՍՀ-ում արտադրված ըK («ըՈՍՌվրՍՌռ ՍՏվՊՌՓՌՏվպՐ»)-1500 մակնիշի թվով 19 անսարք օդորակիչները ապամոնտաժվել են III-րդ հարկի վերանորոգման աշխատանքների շրջանակներում: Ներքին հարդարման աշխատանքների ավարտից հետո բաց մրցութային կարգով նախատեսվում է տեղադրել նորերը:
-Ըստ տեղեկությունների`Հանրային ռադիոյի շենքը գրավադրված է «Արդշինբանկում»: Ե՞րբ, ի՞նչ պայմաններում է կայացվել գործարքը, եւ ինչի՞ վրա է ծախսվել այդ գումարը (լուրեր կան, որ մոտ 1 մլն դոլար վարկ է վերցվել):
-Պնդումը հիմնավորված չէ որեւէ փաստով, վերացական է, այնուհանդերձ տեղեկացնեմ, որ Հանրային ռադիոյի շենքի հետ կապված որեւէ գրավադրման գործարք գոյություն չունի:
-«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Դուք շատ կոպիտ եք վերաբերվում Ձեր աշխատակիցների հետ:
-Ձեր հարցադրման առանցքում դրված է հուզական, վերացական, չչափվող եւ սուբյեկտիվ բնույթի պնդում: Հանրային ռադիոյի ղեկավարության կողմից որդեգրած քաղաքականությունը ենթադրում է հարկատուների միջոցների մաքսիմալ արդյունավետ օգտագործումը, տնտեսական եւ արտադրական պրոցեսների ամբողջական վերահսկողությունը, հրամանների ու կարգադրությունների պատշաճ եւ ժամանակին կատարումը, տեխնիկական եւ կադրային ռեսուրսների օպտիմալ կիրառումը: Վերը նշվածը ենթադրում է կառավարման եւ ենթակայության հստակ եւ միանշանակ նկարագրություն, անձնական պատասխանատվության եւ աշխատանքային կարգապահության բարձր մակարդակ: Այդ ամենն ամրագրվել է վերջերս ներդրված պաշտոնների եւ աշխատանքների նկարագրության հավելվածներում, որոնք այսուհետ կազմում են աշխատանքային պայմանագրերի անբաժանելի մասը: Բացի դրանից, մինչեւ ընթացիկ տարվա վերջ ընդունվելու է ներքին կանոնակարգ, որն էլ ավելի է հստակեցնելու աշխատանքային պրոցեսներն ու հարաբերությունները, որոշումների ընդունման սկզբունքներն ու անձնական պատասխանատվությունը, ինչպես նաեւ խրախուսման եւ տույժերի կիրառման սկզբունքները: Հանրային ռադիոյի ղեկավարությունը անելու է ամեն հնարավորը կազմակերպության զարգացման եւ արդյունավետ աշխատանքի համար, եւ որեւէ առանձին վերցված անհատների սուբյեկտիվ եւ հուզական ընկալումները դրված խնդիրների կատարման ընթացքի վրա որեւէ կերպ ազդել չեն կարող:
-Հաճախ եք նկատողություններ անում նաեւ պրոֆեսիոնալ եւ իրենց գործի գիտակ մասնագետներին: Նրանք չե՞ն բավարարում Ձեր պահանջներին, թե՞ խնդիրն այլ է:
-Պնդումը վերացական է եւ պարզ չէ, թե ինչ նկատի ունեք՝ «նկատողություն» եւ «պրոֆեսիոնալ» ասելով: Ռադիոյում աշխատանքային հարաբերությունների մասին տես 6-րդ հարցի պատասխանը:
-Դուք աշխատանքի եք գնում Ձեզ ամրակցված զենքով: Դա ի՞նչ զենք է, եւ արդյո՞ք թույլատրվում է աշխատանքի վայրում զենք կրել:
– Զենքն անվանական է, որով ես պարգեւատրվել եմ ԼՂՀ ՊԲ-ի կողմից՝ ՀՀ ԶՈՒ համակարգում երկարամյա աշխատանքի ընթացքում: Զենքը տիրապետելու, պահպանելու եւ կրելու ընթացքում խստորեն հետեւում եմ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին, մասնավորապես «Զենքի մասին» ՀՀ օրենքով ամրագրված սահմանափակումներին ու պահանջներին:
-ՀՀ նախագահի մյուս խոսնակները չունեն անվանական զենք: Ինչո՞ւ հենց Ձեզ տրվեց այդ զենքը, ո՞ր արժանիքի համար եւ Դուք դրա անհրաժեշտությունը ինչո՞ւ եք զգում:
-ՀՀ նախագահի լիազորություններին առնչվող հարցերով կարող եք դիմել ՀՀ նախագահի մամլո գրասենյակին:
-Արդյո՞ք Ձեր՝ նման գործելաոճը պայմանավորված է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանի գործոնով, որը ընկերական ջերմ հարաբերություններ ունի լրատվական դաշտում շատերի հետ:
-Իմ գործելաոճը պայմանավորված է իմ խառնվածքով, բնավորությամբ, մասնագիտական կարողություններով եւ մարդկային հատկանիշներով:
Հարցերը փոխանցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԵՐԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՆՈՒՄՆԵՐԸ
Լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ ունեցող Երեւանի քաղաքային իշխանությունները շարունակում են հսկայական գումարներ հատկացնել գերթանկարժեք նստարաններ եւ աղբամաններ ձեռք բերելու նպատակով: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը փողոցների, հրապարակների եւ այգիների կահավորման նպատակով պատրաստվում է 500 հատ «Երեւան» ձուլվածքով նստարան եւ 600 հատ աղբաման (ձուլվածքով) ձեռք բերել եւ այդ նպատակով բաց ընթացակարգի հայտարարություն եւ հրավեր է հրապարակել:
Երեւանի քաղաքապետարանի այս տարվա գնումների պլանով նստարանների, աղբամանների, հայտարարությունների փակցման գրատախատակների համար հատկացվել է 163 մլն 330 հզ. դրամ: Ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսել է գնել 550 հատ նստարան, որոնց համար վճարելու է 90 մլն 750 հզ. դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր նստարանն արժի 165 հզ. դրամ: Նաեւ գնվելու է 610 հատ աղբաման՝ 47 մլն 580 հզ. դրամով: Յուրաքանչյուրի համար վճարվելու է 78 հզ. դրամ: Սակայն այս տարվա հոկտեմբերի 20-ին քաղաքապետարանը 500 հատ նստարան եւ 600 հատ աղբաման ձեռք բերելու նպատակով հայտարարության հրավեր է հրապարակել: Ստացվում է, որ քաղաքապետարանը 500 հատ նստարան ձեռք բերելու համար նախատեսել է 82.85 մլն դրամ հատկացնել, իսկ 600 հատ աղբամանի համար՝ 46.8 մլն դրամ: Նշենք, որ Երեւանի փողոցների, հրապարակների եւ այգիների կահավորման նպատակով նստարանների եւ աղբամանների ձեռքբերման ու տեղադրման ծառայության ձեռքբերումը խմբավորված է 2 չափաբաժիններով` «Երեւան» ձուլվածքով նստարան եւ մեծ աղբամաններ՝ ձուլվածքով: Ի դեպ, ե՛ւ նստարանների, ե՛ւ աղբամանների գույնը պետք է լինի դեղին-ծիրանագույն եւ լաքապատված տախտակամածային լաքով: Իսկ դրանց տեղափոխումն ու տեղադրումն իրականացվում է մատակարարի միջոցների հաշվին: Նշենք, որ «Երեւան» ձուլվածքով նստարանների արտադրողը պարտավոր է դրանք սպասարկել 1 տարի. գարնանը, աշնանը եւ հաջորդող գարնանը՝ 3 անգամ: Նաեւ մատակարարող ընկերությունը պետք է թարմացնի գույները, անհրաժեշտության դեպքում ամբողջությամբ ներկի դրանք: Իսկ եթե նստարանների փայտյա մասերը բնակլիմայական պայմանների ազդեցությունից ինչ-որ թերություններ ձեռք բերեն, արտադրող եւ միաժամանակ մատակարարող ընկերությունը պարտավորվում է վերականգնել լաքապատված մակերեսը:
Ըստ մեր տեղեկությունների՝ «Երեւան» ձուլվածքով նստարանների եւ նմանատիպ աղբամանների պատրաստման համար վերստին կընտրվի «Նիկոլ Դուման» առեւտրային կազմակերպությունը: Քաղաքապետարանն արդեն որերորդ տարին է՝ նույն ընկերությանն է պատվերներ տալիս: «Ժողովուրդ»-ը ՀՀ պետական ռեգիստրից տեղեկացավ, որ «Նիկոլ Դուման» ընկերության հիմնադիրներն են Կառլեն Գեւորգյանը, Վարդան Վարդանյանը եւ Արսեն Հայրապետյանը: Կ. Գեւորգյանը ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ԱԺ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՅԴ անդամ: Իսկ Վ. Վարդանյանը քաղաքաշինության նախկին ԲՀԿ-ական նախարարն է, ում պաշտոնավարման տարիներին էլ աշխատել է Կ. Գեւորգյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԹՎԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻՉ ՍԱՐՔԵՐ ՉՈՒՆԵՆ
Հոկտեմբերի 20-ին Իջեւան քաղաքում եւ այդ տարածաշրջանում դադարեցվել է հեռուստատեսային հաղորդումների անալոգային հեռարձակումը: Իջեւանում կան կենսաթոշակառուներ, ովքեր ընտանեկան նպաստ չեն ստանում, ուստի պետության կողմից անվճար հատկացված հեռուստատեսային հաղորդումների թվային ընդունիչ սարքեր չեն ստացել: Նրանց թոշակը բավարարում է միայն սննդին եւ կոմունալ վարձերին: Ծերերը հնարավորություն չունեն միջինը 7-12 հազար դրամ արժողությամբ այդ սարքերը գնելու: Հայաստանի կոմունիստական կուսակցության Իջեւանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Ասյա Օթարյանը մեզ փոխանցեց, որ ինքն այդ խնդիրը առաջադրել է ՀԿԿ Կենտկոմի պլենումում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ