Սեպտեմբերի 27-ին Արմեն Ամիրյանը նշանակվեց մշակույթի նախարարի պաշտոնում: Շուրջ մեկ ամսվա ընթացքում նա փորձել է ծանոթանալ ոլորտի խնդիրներին, հասցրել է հանդես գալ առաջարկներով եւ խոստումներով: Չենք կարող չնկատել, որ պարոն Ամիրյանը վայելում է ժողովրդի, այդ թվում` մշակութային գործիչներից շատերի համակրանքը: Սակայն չենք կարող չնշել նաեւ, որ մարդկային գովելի որակները դեռ լավ կառավարիչ լինելու երաշխիք չեն: Թե ինչպիսի նախարար կլինի Ա. Ամիրյանը, եւ ոլորտը բարելավելուն ուղղված նրա ջանքերն ինչ արդյունք կունենան, ցույց կտա ժամանակը: (Ի դեպ, անդրադառնալով իր նախորդի` Հասմիկ Պողոսյանի ծավալած գործունեությանը, Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Հասմիկ Պողոսյանն իմ ընկերն է եւ նա ֆունդամենտալ աշխատանք է կատարել»), իսկ մինչ այդ անդրադառնանք նրա որոշ խոստումների, որոնք կարող են թվալ անիրատեսական կամ անարդյունավետ:
Կինոն ուրիշ առաջնահերթ
խնդիրներ ունի
Իր պաշտոնավարման առաջին օրերին նախարարը նշեց, որ աշխատելու է կինոյի մասին օրենքի ընդունման ուղղությամբ. «Օրենքը հնարավորություն կտա ոլորտի արտաքին ներդրողներին, այսինքն՝ Հայաստանում նկարահանումներ իրականացնող պրոդյուսերական կենտրոններին եւ կազմակերպություններին ազատել որոշակի հարկատեսակներից: Դա կխթանի կինոարտադրությունը Հայաստանում եւ մեր երկիրն արտերկրում ներկայացնելու լավ միջոց կլինի»,-ասաց նա:
Բայց արդյո՞ք միայն հարկատեսակներն են արտաքին ներդրողին հետ պահում որեւէ համագործակցությունից: Ի վերջո, եթե տվյալ պրոդյուսերական կենտրոնին պետք է, որ նա հենց Հայաստանում իրականացնի նկարահանումները, վերջինս ամեն գնով կանի դա: Փոխարենը կարելի է շեշտը դնել համատեղ նախագծեր մշակելու վրա, իսկ համատեղ ֆիլմերի համար պետք է ընտրվեն այնպիսի թեմաներ, որոնք կշահագրգռեն նաեւ արտաքին ներդրողներին: Բացի այդ` մինչ արտաքին ներդրողներին անցնելը, ոլորտի առաջնահերթ լուծվելիք խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի ազգային կինոկենտրոնի բյուջեն ընդլայնելն ու վերահսկելը, որ եղած գումարը ծախսվի արդյունավետ:
Նախ ազատե՛ք հարկերից
Պարոն Ամիրյանը, խոսելով մշակույթի ոլորտում սպասվող առաջին ռադիկալ փոփոխության մասին, նշել էր, որ գրահրատարակչական ոլորտը պետք է կարգավորվի.
«Գրախանութները պետք է դառնան ընտանեկան հանգստի տեղեր, որտեղ հնարավոր կլինի ոչ միայն գիրք ընթերցել, գիրք գնել, այլեւ ընտանեկան հանգիստը կազմակերպել: Կառավարությունը պետք է որոշակի արտոնություններ նախատեսի այն մարդկանց համար, ովքեր այդ ոլորտում պատրաստվում են ներդրումներ անել»,-ասել էր նա: Իհարկե, գովելի է, որ պարոն Ամիրյանը փորձում է հետեւել միջազգային փորձին, բայց այս պարագայում եւս պետք է հասկանալ, թե որ խնդիրներն են մեզ համար առաջնային, իսկ որոնք են, որ կարող են սպասել: Քսան տարուց ավել է` գրահրատարակիչներն ու գրավաճառները պնդում են, որ իրենց բնագավառում հնարավոր կլինի զարգացում գրանցել այն դեպքում, երբ գրահրատարակչության ոլորտը ազատվի ԱԱՀ-ից (ավելացված արժեքի հարկ), իսկ գրքի վաճառքի պարագայում այն նվազեցվի: Բացի այդ` կարծում ենք` հարկ է մտածել նաեւ գրախանութ հիմնողներին մի քանի տարով հարկային պարտավորություններից ազատելու մասին:
Լավատես լինելը քիչ է,
պետք է գործել
Մշակույթի նախարարը, անդրադառնալով պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդրին, իր հարցազրույցներից մեկում նշել է, որ կարողանալու է կանխել դրանց վերածումը առեւտրի կենտրոնների. «Նույն օլիգարխը եւս մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, ունի երեխաներ: Եթե մենք կարողանանք հասկացնել այդ օլիգարխին, որ այն, ինչ անում ենք, իր երեխաների, իր թոռների ապագայի համար ենք անում, կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, թեկուզեւ օլիգարխը, հասկանալու է, որ սա իր զարգացող հայրենիքի համար է», – ասել է նա:
Նախարարի լավատեսական ակնկալիքներին զուգահեռ հարց է ծագում. կարո՞ղ է նա, օրինակ, միջամտել, որ «Զվարթնոց» համալիրի հին մասնաշենքը, որը սովետական մոդեռնիստական շենքերի մեջ համարվում էր լավագույնը եւ որը մեր քաղաքի սիմվոլներից մեկն է, ընդգրկվի պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում, կանխել հին շենքի էստակադայի ապամոնտաժումից հետո «Զվարթնոց»-ի հիմնական շենքի վնասումը (այդ վտանգի մասին մասնագետները բազմիցս ահազանգել են):
Պարոն Ամիրյանն արդեն պաշտոնավարում էր, երբ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ի նիստի ընթացքում որոշեց 13.2 մլրդ դրամ մեկնարկային գնով աճուրդի հանել Հանրապետության հրապարակում գտնվող տրանսպորտի եւ կապի նախարարության շենքը: Ու թեեւ նշվում է, որ գնորդի պարտականություններից մեկն է գույքի հանձնում-ընդունումից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառի լիազորված մարմնին տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր, չկա որեւէ երաշխիք, որ վաճառքի իրականացումից հետո շենքի տեսքը չի աղավաղվի, եւ այն չի կորցնի պատմամշակութային արժեքը: Ավելի վաղ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին վաճառվել էր նաեւ Հանրապետության հրապարակում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը: 2015-ին սպասվում էր, որ ԱԳՆ-ի տեղում կհայտնվի Kempinski խմբի 5 աստղանի հյուրանոց։ Տարիներ առաջ հայ հանրության մի ստվար զանգված բողոքի ալիք բարձրացրեց` նշելով, որ հայրենի իշխանություններն անցել են պետական եւ ազգային արժեքները հյուրանոցների վերածելուն: Կարծում ենք` առաջիկայում պարոն Ամիրյանը պետք է պատրաստ լինի դժգոհության հերթական ալիքին:
Մենաշնորհի վտանգ կա
Վերջին շրջանում քաղաքացիների վստահությունը չարաշահելով` մի խումբ անձինք իրացրել էին Վանուշ Խանամիրյանին եւ Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոների կեղծ տոմսեր: Այս առթիվ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Պարզաբանման համաձայն` դա լավագույն եղանակն է` բացառելու կամ նվազեցնելու նաեւ կեղծ տոմսերի վաճառքի ռիսկերը: Գուցե միասնական տոմսային համակարգի ներդրումը խնդիրը լուծելու տարբերակ է, սակայն դա նաեւ նշանակում է, որ ամբողջ դաշտը վերահսկվելու է մեկ կետից, իսկ այդ դեպքում մասնավոր ընկերությունները կարող են կախման մեջ ընկնել այդ մեկ կազմակերպությունից, եւ վերջինս կարող է դաշտում մենաշնորհ ստանալ:
«Ժողովուրդ»-ը կշարունակի հետեւել մշակույթի նախարարի գործունեությանն ու կփորձի երկխոսության նոր եզրեր գտնել:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱՍՈՆ ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ
Երգիչ Արսեն Գրիգորյանը (Ասո) տեւական ժամանակ է` էկրաններին չի երեւում, նոր տեսահոլովակներով եւ երգերով հանդես չի գալիս: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց` ինչն է պասիվացման պատճառը: Երգիչը պատմեց, որ ինքն այժմ ժամանակի զգալի մասը տրամադրում է դասավանդելուն (նա դասախոսում է Երեւանի կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության ամբիոնում-հեղ.): Ամեն դեպքում, երգիչը խոստացավ, որ հաջորդ տարի բուռն կերպով աշխատելու է եւ լրացնելու է բացը. «Երեւի գարնանից կսկսեմ ակտիվանալ: Երբեմն ինձ թվում է, որ ինչ-որ բան սառել է… Թերեւս դա կապված է այն հանգամանքի հետ, որ ժողովրդական համերգներ քիչ են կազմակերպվում»:
Ասոն նշեց, որ աշխատում է նոր երգերի վրա, ունի նաեւ համերգային ծրագրեր, սակայն երկրից դուրս. «Կան ժողովրդական, գուսանական երգեր, որոնք կմատուցեմ հանդիսատեսին: Այս ամսվա վերջում էլ հյուրախաղերով հանդես կգամ մի քանի երկրներում, այդ թվում` Լատվիայում եւ Լիտվայում»:
Նա շեշտեց, որ ազգային, ժողովրդական արվեստը պետք է դառնա կենսակերպ. «Դրա մասին միայն դրսից եկած հյուրերին դիմավորելիս չպետք է հիշել, այլ ամեն օր: Այնինչ՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից շատերին այսօր հետաքրքրում են միայն «կլիպի աղջիկները», բայց եթե հանկարծ մի տարազով աղջիկ են տեսնում, ասում են՝ արա, լավ, էս ինչա հագել: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»:
Ա. Գրիգորյանը նաեւ շեշտեց, որ ժողովրդական երգիչներն այսօր անտեսվելու վտանգի առջեւ են կանգնած. «Ամերիկան կարող է հազար հատ պլաստիկ վիրահատությունների դիմած մի կուկլի միջոցով փուչ կերպար ստեղծել ու վերջինիս մեծարել, իսկ մեր տաղանդավոր երգիչ-երգչուհիները չեն կարողանում այդ հաջողության մի քանի տոկոսն էլ գրանցել»:
Մենք հետաքրքրվեցինք` Ասոն երգում է արդյոք կորպորատիվ միջոցառումների ժամանակ. «Որ հրավիրում են, օրինակ, հարսանիքների, գնում եմ: Հո չե՞մ կարող նստել, երեխեքիս էլ ասել՝ սպասե՛ք, գուցե ժողովրդական համերգ լինի, գնամ, երգեմ»,-եզրափակեց նա:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ