ՍԿԶԲՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԻՍԿ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում երեկ տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ փակ քննարկում, որը տեւեց մոտ մեկ ժամ: Քննարկման ընթացքում կրքերն այնքան էին թեժացել, որ բանավիճող պատգամավորների ձայները միջանցքում լսելի էին: Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից հնչեցված ինչ-որ հարց անասելի բորբոքել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանին` Շմայսին: Իսկ ինչ վերաբերում է հանդիպման բուն թեմային, ապա «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ փակ քննարկման ընթացքում Վիգեն Սարգսյանը հիմնականում կրկնել է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խորհրդարանում հնչեցրած իր ելույթը: Ակնհայտ է, որ պատգամավորներն հանդիպման արդյունքում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները չէին ստացել, քանի որ մեր տեղեկություններով՝ վերջում որոշվել է առաջիկայում եւս մեկ քննարկում կազմակերպել, գուցե ոչ ԱԺ-ում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վիգեն Սարգսյանը պատգամավորների հարցադրումներին ի պատասխան՝ ներկայացրել է բանակում առկա խնդիրները, սակայն դրանց լուծումների վերաբերյալ կոնկրետ քայլերը մատնանշելուց հիմնականում ձեռնպահ է մնացել: Երեկ նա հրաժարվեց նաեւ «ոտքի վրա» պատասխանել լրագրողների հարցերին՝ ուղղորդելով դիմել լրատվական ծառայություն:

 

 
Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը խորհրդարանում քննարկելիս իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը, սակայն ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը ոչ միայն քվեարկությանը մասնակցեց, դեռ մի բան էլ կողմ քվեարկեց: «Ժողովուրդ»-ը Մանուկյանից փորձեց պարզել, թե ինչու նա հակադրվեց իրենց կուսակցության որոշմանը: «Կոնկրետ մեր կուսակցությունը դեմոկրատ, ժողովրդավար, մարդկանց կարծիքը հաշվի առնում է: Մեկը դեմ է, մեկը կողմ է: Եթե ես որեւէ մեկին ենթակա լինեի, այո, տենց պետք է անեի»,- ի պատասխան՝ ասաց Մանուկյանը: Մեր այն հարցին, թե ծրագրում կոնկրետ ի՞նչն է կարեւորում, նա պատասխանեց. «Կոնկրետ գյուղատնտեսության զարգացումը, որի թեւերից մեկը մենք ենք ապահովում մեր արտադրական մասով, որ պետք է գյուղատնտեսությունը զարգանա, մեջը լցնենք ջեմ, ջուր, գինի, զարգացնեն այդ բաները, լավ կլինի»: Հիշեցնենք, որ Մանուկյանն ապակե տարաների արտադրություն ունի:

 

 

 
«Վանաձոր» բժշկական կենտրոնի շուրջ տեւական ժամանակ է՝ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դեռեւս 2013-ին ծնունդ է ընդունել, որից հետո ծննդկանին նարկոզից դուրս չեկած վիճակում մենակ է թողել եւ հեռացել, ինչի հետեւանքով ծննդկանը արդեն 3,5 տարի է՝ կոմայի մեջ է: Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է: Հիվանդանոցը ծննդկանի հարազատներին պարտավորվել էր դրամական փոխհատուցում վճարել: Ներկայումս ԲԿ-ն քաղհայց է ներկայացրել Դավիթ Շահվերդյանի եւ անեզթոզոլոգ Ալվարդ Հայրապետյանի դեմ՝ ետ պահանջելով տուժած ծննդկանի հարազատներին վճարված գումարը: Շահվերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց վերը նշված դեպքը մեկնաբանել, ինչպես նաեւ հորդորեց այն չհամեմատել մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպի հետ: Հիշեցնենք, որ Դ. Շահվերդյանի անունը կապվում է նաեւ հոկտեմբերի 18-ին նույն ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքի հետ:

 

 

 
Այս տարվա ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի միջոցներից 899.8 միլիարդ դրամ հատկացվել է ընթացիկ ծախսերին: Այս ծախսերի բյուջեով նախատեսված 9 ամիսների ծրագիրը կատարվել է 96 տոկոսով: Այսինքն՝ 9 ամիսների կտրվածքով ավելի քան 37 միլիարդ դրամի ծրագրված ընթացիկ ծախս չի կատարվել: Մյուս կողմից՝ ունենք այն իրողությունը, որ այդ ամենի արդյունքում Հայաստանի պետական կառավարման համակարգում ոչ մի կարեւոր խնդիր չի առաջացել: Ուստի կարող ենք արձանագրել, որ նշված ծախսերը եղել են չհիմնավորված: Հաջորդ ուշագրավ տվյալը վերաբերում է ընթացիկ տարվա ծախսերին, վերաբերում է ՀՀ ռեզիդենտների պետական բյուջեից վարկեր տրամադրելուն: Ինն ամիսներին 20.9 մլրդ դրամ վարկ է տրամադրվել: Սակայն նույն ժամանակահատվածում պետական բյուջեից տրամադրված վարկերի վերադարձվելիությունը կազմել է ծրագրվածի 62.4 տոկոսը: Ստացվում է, որ նախորդ ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը ռիսկային վարկեր է տրամադրել:

 

 
ԱՆՈՂՋՈՒՆԵԼԻՆ
Տարածաշրջանային այցով Բաքու-Ստեփանակերտ-Երեւան երթուղու վերջին կանգառում երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ ունեցան Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ՀՀ ԱԳ եւ ՊՆ նախարարների հետ: Թե ինչ հարցեր են քննարկվել այդ հանդիպումների ընթացքում, դժվար է ասել, սակայն թե՛ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո առաջին տարածաշրջանային այցի երթուղին, թե՛ երեկվա ճեպազրույցում համանախագահների՝ մասնավորապես Ջ. Ուորլիքի արած հայտարարությունները խոսում են այն մասին, որ բանակցային գործընթացում երկարատեւ դադար չի լինի՝ չնայած ՀՀ-ում արդեն իսկ ծավալվող նախընտրական զարգացումներին:
Երեկ Երեւանում հնչեցված հայտարարություններից, թերեւս, հատուկ ուշադրության է արժանի Ջ. Ուորլիքի արձանագրումը՝ կապված օրերս Իլ. Ալիեւի կողմից Դ. Կիսելեւին տված հարցազրույցում արած այն հայտարարության հետ, թե. «Ղարաբաղի հարցում ինքնավար հանրապետության կարգավիճակն է այն առավելագույն փոխզիջումը, որին պատրաստ է այսօր գնալ Ադրբեջանը»: Ուորլիքը երեկ երկրորդեց Բաքվում արած իր հայտարարությունը՝ ընդգծելով, որ ողջունում է Ալիեւի ասածը. «Նախագահ Ալիեւը բացել է քննարկում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, բոլորս սա պետք է ողջունենք: Մենք պետք է ունենանք անկեղծ քննարկում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ. կողմերի դիրքորոշումները կարող են չհամընկնել, բայց կարեւոր է, որ այս հարցերը դրվեն հանրային քննարկման ՀՀ-ի, Ադրբեջանի եւ ԼՂ բնակչության կողմից: Այսպիսով, ես ասել եմ Բաքվում եւ կրկնում եմ այստեղ, որ մենք ողջունում ենք նախագահ Ալիեւի հայտարարությունը ոչ թե որովհետեւ դա վերջին խոսքն է, այլ որովհետեւ նա այս հարցը դնում է քննարկման: Եվ բոլոր հարցերը, որ մասն են կազմում կարգավորման, պետք է դրվեն քննարկման ոչ միայն մասնավոր կերպով, այլ լայն հանրության համար»:
Այսպիսով՝ ամերիկացի համանախագահը կոչ է անում բանակցային գործընթացը տեղափոխել ավելի հրապարակային դաշտ՝ փորձելով զերծ մնալ երկու երկրների հասարակություններին բանակցային կուլիսների ետեւում տարվող քննարկումներից տրամագծորեն տարբերվող պատկեր ներկայացնելու տարիներ ի վեր շարունակվող գործելաոճից: Անշուշտ սա առողջ եւ ճիշտ առաջարկ է: Այլ հարց է, որ Ուորլիքը եւ նրա գործընկերները, փաստորեն, նորմալ են համարում այն իրողությունը, որ 24 տարի շարունակ տարվող բանակցություններից հետո Ադրբեջանը պատրաստ է գնալ ճիշտ այնքան «զիջման», որքան 89 թվականին: Իրականում սա հենց նույն Մինսկի խմբի աշխատանքների ձախողման մասին է վկայում, քանի որ միջնորդների դերը կայանում է ոչ միայն «փչացած հեռախոսի» գործառույթ իրականացնելու եւ ժամանակ առ ժամանակ ոչինչ չտվող հանդիպումներ կազմակերպելու մեջ, այլեւ երկու երկրների ժողովուրդների մոտեցումները միմյանց ճշգրտորեն ներկայացնելու եւ առողջ քննարկումներ կազմակերպելուն միտված գործիքների կիրառման մեջ: Եթե, իհարկե, նրանց նպատակը խնդրի կարգավորումն է:




Լրահոս