Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նիստում ձայների 85 կողմ, 7 դեմ եւ 6 ձեռնպահ հարաբերակցությամբ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրն ընդունվեց: «Ժողովուրդ»-ը ԱԺ մի շարք գործարար պատգամավորներից փորձեց պարզել՝ արդյոք նրանք ծանոթացել են կառավարության ծրագրին եւ կոնկրետ որ կետերին անվերապահորեն հավանություն տալով են կողմ քվեարկել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյան
-Պարո՛ն Նուշիկյան, կարդացե՞լ եք կառավարության ծրագիրը:
-Բնականաբար ուսումնասիրել եմ, բնականաբար կողմ եմ քվեարկել: Հիմնականում իմ կողմից հավանության է արժանացել տնտեսական բլոկը, ավելի շատ դրանում եմ խորացել, ուսումնասիրել եմ մոտեցումները, անելիքները:
-Կոնկրետ կասեք, թե տնտեսական բլոկից որ մոտեցումներն եք դրական գնահատել եւ կնշեք անելիքներից մի քանիսը, որոնց հավանություն եք տվել:
-Դե, որպեսզի կարճ ասեմ, միայն նա, որ տնտեսվարողը դիտարկվում է որպես կառավարության, այսպես ասած, գործընկեր, նյութական արժեք, տնտեսվարող սուբյեկտը ընդունվում է որպես երկի հենասյուներից ամենակարեւորներից մեկը, դա արդեն բավական է, եւ դրանից բխող ամեն ինչը: Նաեւ հավասար դաշտի ձեւավորում, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն:
-Բայց հավասար դաշտի ձեւավորման եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին նաեւ նախորդ վարչապետներն են խոսել, եւ դա նրանց ծրագրային առաջնահերթություններից էլ է եղել: Անգամ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծվեց, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար սկսելու մասին: Ինչո՞վ է տարբերվում Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագրի մոտեցումն այս հարցում:
-Համաձայն եմ Ձեր դիտարկմանը, բայց վարչապետը հարցազրույց տվեց եւ ասաց, թե ինչ պետք է անեն: Ինչ վերաբերում է նրան, թե նախորդ կառավարությունը նույնպես… տեսնենք, թե այս կառավարությունը ինչպես կանի:
-Վարչապետը գործարարների հետ հանդիպմանը ասել էր, որ համարձակ, դուխով գործեն, ըստ Ձեզ՝ գործարարները համարձա՞կ չեն:
-Դուխով ասելով՝ վարչապետը նկատի է ունեցել ներդրումները, որպեսզի ավելի համարձակ գործարարները իրենց երկրում ներդրումներ իրականացնեն: Երեւի թե վարչապետը հիմքեր ունեցել է, որ այդպես է հայտարարել:
-Վարչապետը խոսեց նաեւ բարեխիղճ հարկատու լինելու մասին: Ըստ Ձեզ՝ այսօր խոշոր գործարարները բարեխիղճ հարկատունե՞ր չեն:
-Դե, եթե մենք խոսում ենք ընդհանուր առմամբ հավասար դաշտի ձեւավորումից, ստվերից, ուրեմն կա որոշակի գործարար խավ, որ չասենք, թե հարյուր տոկոսով չի վճարում հարկերը, բայց որոշակի տոկոսով խուսափում է հարկերի վճարումից, երեւի թե վարչապետը դա նկատի ուներ այդ ասելով: Նրա ասածի հիմնական նպատակը այն է, որ եկեք, խաղի կանոնները ձեւավորենք եւ պահպանենք այդ կանոնները: Բայց այստեղ երկրորդ հարցն այն է, որ գործարար միջավայրը, գործարարները, ավելի շատ սպասողական վիճակում են, սպասում են՝ տեսնեն, կառավարությունը, նոր վարչապետը ինչ քայլեր կձեռնարկեն, որ ըստ դրա կարողանան իրենց գործունեությունը ձեւավորել: Ձեզ հավաստիացնում եմ, որ գործարարների գերակշիռ մեծամասնությունը շահագրգռված է աշխատելու սպիտակ դաշտում, միայն թե՝ եթե լինեն խաղի հավասար կանոններ:
-Հավատո՞ւմ եք, որ կապահովվեն հավասար կանոնները:
-Հավատում եմ, հավատում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյան` Շշի Մելո
-Պարո՛ն Մանուկյան, Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ, չնայած ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը պաշտոնապես հայտարարել էր, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը՝ այդպիսով հրաժարվելով որեւէ պատասխանատվություն կրելուց գործադիրի քայլերի համար, այնուամենայնիվ, Դուք մասնակցել էիք քվեարկությանը եւ կողմ էիք քվեարկել: Ինչո՞ւ մասնակցեցիք քվեարկությանը, Դուք ԲՀԿ անդա՞մ եք, թե՞ ՀՀԿ-ի:
-Կոնկրետ մեր կուսակցությունը դեմոկրատ, ժողովրդավար կուսակցություն է, մարդկանց կարծիքը հաշվի առնում է: Մեկը դեմ է, մեկը կողմ է: Ես հլու ենթակա, որ լինեի որեւէ մեկին, այո՛, տենց պետք է անեի, բայց ես էլ իմ կարծիքն ունեմ, ասում եմ, ծրագիր է, բերել են, մարդիկ լավ ու վատ կողմերը քննարկեցին, հիմա եկեք, բարի լինենք, քվեարկենք կողմ, թող գնան, ծրագիրը իրականացնեն: Կողմ եմ քվեարկել, որ ծրագիրը իրականացվի, ով որ դեմ է քվեարկել, ընդամենը ձեւականության համար է դեմ քվեարկել: Կիրականացվի՞, ուրախ կլինենք, որ յուրաքանչյուր ծրագիր իրականացվի: Որ ծրագիր չլինի, դա վատ բան է, եթե ծրագիրը կա, լավ է, վատ է, ամեն դեպքում, ծրագիր է:
-Իսկ ծրագրին կողմ քվեարկելուց առաջ այն գոնե կարդացե՞լ եք:
-Այո՛:
-Կասեք կոնկրետ կառավարության ծրագրից ինչն եք կարեւորել կամ գնահատել:
-Կոնկրետ գյուղատնտեսության զարգացումը, որի թեւերից մեկը մենք ենք ապահովում մեր արտադրական մասով: Կարեւորել եմ այն, որ պետք է գյուղատնտեսությունը զարգանա, մեջը լցնենք ջեմ, ջուր, գինի, զարգացնեն այլ բաներ: Պառկելով տունը՝ մի բան կզարգանա՞, ոչ ասելով մի բան կզարգանա՞: Լավ ասենք, թող լավ լինի: Այսքանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյան
-Պարո՛ն Արսենյան, կարդացե՞լ եք կառավարության ծրագիրը:
-Շտապում եմ:
-Կո՞ղմ եք քվեարկել, կասեք, թե կոնկրետ ինչը հավանեցիք, որ կողմ քվեարկեցիք:
-Շտապում եմ: (Վազելով իջնում է Աժ աստիճաններից.Ք.Մ):
ՓԱԿ ՆԻՍՏՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԳՈՌԳՈՌՈՒՄ ԷԻՆ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում երեկ կայացած փակ նիստը բավականին թեժ էր: Պաշտպանության նորանշանակ նախարարի մասնակցությամբ անցկացվող նիստում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանն ու հանձնաժողովի մեկ այլ անդամ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը բավականին բարձր նոտաներով բանավիճում էին, իսկ ներկաներն էլ փորձում էին հանգստացնել նրանց:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ հանձնաժողովի անդամների հետ փակ հանդիպման էր գնացել պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը: Գրել էինք, որ հանձնաժողովի անդամները փորձելու են պարզել, թե նոր նախարարն ինչպես է պատրաստվում լուծել ՊՆ-ի առջեւ ծառացած խնդիրները: Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ երեկ ժամը 11-ից մեկնարկած փակ նիստին նախ առաջինը ելույթ է ունեցել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որի ելույթը հանձնաժողովի անդամներին հիշեցրել է հոկտեմբերի 10-ին ԱԺ ամբիոնից նրա հնչեցրած ելույթը: Ասել է, թե նախարարը հանձնաժողովի նիստում նոր բան չի ասել: Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանն այդ ելույթում ասել էր. «Հաշվի առնելով այն իրավիճակը, որ կա տարածաշրջանում, այն քաղաքական մարտահրավերները, որոնք առկա են, չափով մեծ բանակը շարունակելու է մնալ մեր իրականության մի մասը: Հետեւաբար, պետք է հասկանալ երկու կարեւոր գործոն: Առաջինը՝ պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել, որպեսզի մեր բանակը, ինչպես շատ հաճախ ասում են, բացի «ծանր բեռ» լինելուց մեր տնտեսության եւ պետության համար, դառնա պետության եւ տնտեսության առաջատարը, շոգեքարշը»: Այս մոտեցումը երկրորդելուց զատ՝ փակ նիստի ժամանակ նախարարը անդրադարձել է առաջնագծում կատարվելիք աշխատանքներին:
Որոշակի պահից ի վեր՝ Աժ միջանցքում սպասող լրագրողների համար լսելի դարձան հանձնաժողովի անդամների գոռգոռոցները, որոնք շարունակվեցին մոտ հինգ րոպե: Նկատեցինք, որ հիմնական բանավիճողները ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանն էին, որոնք ինչ-որ հարցի շուրջ տարբեր կարծիքներ ունեին: Նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը չցանկացավ մանրամասնել, թե ինչի շուրջ էին իրենք բանավիճում՝ նշելով, թե նիստը գաղտնի էր, իսկ թեման զինված ուժերին էր վերաբերում: Ինչեւէ, մեզ հասած տեղեկություններով՝ նիստի կարճատեւ լինելու պատճառով հանձնաժողովի անդամները չեն կարողացել նորանշանակ նախարարի հետ քննարկել իրենց հուզող հիմնական հարցերը, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի անդամների հետ ՊՆ նախարարի նոր հանդիպում կազմակերպելու մասին:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
«ԵՐԱԶ»-ՈՎ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ փոխնախարար Վարդան Գեւորգյանը հայտարարագրել է, որ ունի չորս բնակարան, մեկական ավտոտնակ եւ «Eraz 3218» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3.1 մլն դրամ, 7 հազար դոլար եւ 2.5 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ վերջինս հայտարարագրել է իր աշխատավարձը՝ տարեկան 1 մլն 623 հազար դրամ: Իսկ, ահա, ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հայտարարագրել է, որ ունի նոր կառուցված շինություններ եւ «Vaz 21099» մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարար Հայրապետյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելիս կազմել են 45 հազար դոլար եւ 4 մլն 470 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ տարեկան 3 մլն 800 հազար դրամ:
ԿՍՊԱՍԵՆ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնավարման ընթացքում ստեղծել էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ՝ անձամբ ստանձնելով դրա ղեկավարումը: Խորհրդի կազմում էին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները: ԲՀԿ-ն այդ խորհրդում ներկայացնում էր ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ու քանի որ այդ կուսակցությունը կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցեց, «Ժողովուրդ»-ը Մելքումյանից փորձեց հետաքրքրվել, թե արդյոք պատրաստվում է դուրս գալ խորհրդի կազմից: «Այդ առիթով հատուկ քննարկում չենք ծավալել, բայց եթե հիշում եք՝ այնպես էր, որ բոլոր քաղաքական ուժերը բաց էին մասնակցելու: Հիմա, ինչքան գիտեմ, կառավարությունը մտածում է խորհրդի ձեւավորման, նոր խորհրդի մասին: Սպասենք, տեսնենք՝ այդ նոր սկզբունքները կլինեն, թե չեն լինի: Այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարեւորում է հակակոռուպցիոն պայքարը, դա միանշանակ է»:
ՍԱՍ-Ի ԱՐՏԱԿԸ՝ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿ
Երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Եւ որքան էլ տարօրինակ էր, այս նախագծի հեղինակները ԱԺ ամենապասիվ պատգամավորներից են: Խոսքը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանի՝ Չախկալի (նա ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի հովանավորյալն է) մասին է, որոնք Վահրամ Մկրտչյանի հետ նախաձեռնել էին փոխել քաղաքացիական օրենսգիրքը, սակայն անձամբ չէին ներկայացել նախագիծը մատուցելու: Նկատենք, որ ե՛ւ Արտակ Սարգսյանը, ե՛ւ Արթուր Ստեփանյանը այս 4 տարիների ընթացքում որեւէ ելութ չեն ունեցել, տեսակետ չեն հայտնել:
Տեղեկացնենք, որ «էկզոտիկ պատգամավորների» նախագիծը վերաբերում էր վարձատուի եւ վարձակալի միջեւ կնքվող վարձակալության պայմանագրին: Իհարկե, հասկանալի է, որ ո՛չ Սարգսյանը, ո՛չ Ստեփանյանը որեւէ առնչություն չունեն այդ նախագծի հետ, պարզապես նրանց անունը գրվել է: