3,5 ՏԱՐԻ ԾՆՆԴԿԱՆԸ ԿՈՄԱՅԻ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վանաձոր» բժշկական կենտրոնի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ բժշկական կենտրոնը արդեն ավելի քան երեք տարի է՝ դատական քաշքշուկների մեջ է: Սակայն ամեն ինչի մասին ըստ հերթականության:

Նախ հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ հոկտեմբերի 18-ին 32-ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան պատճառը եղել է մանկաբարձ-գինեկոլոգ, ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանի անփութությունը:
Վերջինս, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվել էր մեկնաբանել՝ որքանով է կատարվածը բուժանձնակազմի անփույթ աշխատանքի եւ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքը: Նրա խոսքով՝ նշված օրը փոխարինել է բաժանմունքի վարիչին ու ծննդաբերությանը ներկա է գտնվել հերթապահ բժշկի պահանջ-խնդրանքով. «Կնոջ վիճակը նախքան ծննդաբերությունն առանց խնդիրներ է անցել, ծնվել է առողջ երեխա, կինը ծննդաբերել է բնական ճանապարհով: Ծննդկանի վիճակը կտրուկ եւ անսպասելի է վատացել. կյանքը փրկել չի հաջողվել»,- մասնավորապես ներկայացրել էր Դավիթ Շահվերդյանը՝ չպատճառաբանելով՝ որն է մահվան բուն պատճառը: Ծնունդն ընդունել է հերթապահ բժիշկ Արսեն Բալայանը:
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով:
ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ իրավապահների գործողություններից զատ ինչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը կատարվածը բացահայտելու, բուժանձնակազմի անփութության վարկածն ուսումնասիրելու ուղղությամբ: Մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը պարզաբանեց, որ նմանատիպ ելքերով բոլոր դեպքերում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որտեղ լավագույն մասնագետների մասնակցությամբ դեպքն ուսումնասիրվում է: Ապա հատուկ այդ նպատակների համար ստեղծված խորհրդում քննարկվում է հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունը: Իսկ վերջնարդյունքները, Ա. Հայթայանի խոսքով, հրապարակման ենթակա չեն: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ եթե իրավապահ մարմինները ցանկություն հայտնեն արդյունքներն իրենց տրամադրելու, նախարարությունը միանշանակ դրանք կփոխանցի: Պարզեցինք նաեւ, որ եթե անգամ բուժաշխատողի անփութությունը կամ մասնագիտական սխալը խորհուրդը գտնի, այդուհանդերձ, ՀՀ ԱՆ-ն որեւէ իրավասություն չունի նրա մասնագիտական լիազորությունները դադարեցնելու. դա կարող է լինել միայն դատարանի վճռով:
Այսպիսով՝ նախարարության գործառույթները նմանատիպ դեպքերում սահմանափակվում են միայն ուսումնասիրություններ կատարելով՝ հետագայում այդօրինակ խնդիրներից խուսափելու համար: Ինչ վերաբերում է «Վանաձոր» ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքին, նախարարի մամուլի քարտուղարը փոխանցեց, որ նախարարությունում համապատասխան ուսումնասիրություններն արդեն իսկ կատարվում են:
Իսկ ինչ դատական քաշքշուկների մեջ է հայտնվել բժշկական կենտրոնը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռեւս 2013 թվականին ԲԿ-ում ծննդաբերել է 26-ամյա Լիլիթ Նալբանդյանը: Վերջինս արդեն երեք ու կես տարի է՝ կոմայի մեջ է: Իսկ այս վիճակում կինը հայտնվել է ծննդաբերելուց անմիջապես հետո:
Պարզվում է՝ այս դեպքում եւս շոշափվել է մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի անունը:
Նախ նշենք, որ 2013-ի մայիսի 19-ին «Վանաձորի» ծննդատանը կեսարյան հատմամբ ծննդաբերել է Լիլիթ Նալբանդյանը: Եվ մինչ օրս երիտասարդ կինը պահվում է արհեստական ճանապարհով՝ համապատասխան բուժսարքավումների միջոցով:
Դեպքի վերաբերյալ 2013թ. հոկտեմբերի 23-ին հարուցվել էր քրեական գործ՝ կրկին մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով: Ավելի ուշ քրեական գործը կարճվել է, եւ տուժողի հարազատները դատարան են մտել քաղհայցով ընդդեմ բժշկական կենտրոնի՝ պահանջելով փոխհատուցել կրած վնասները: Դատարանը պարտավորեցրել է Վանաձորի բժշկական կենտրոնին ամսական շուրջ վեց հարյուր հազար դրամ գումար վճարել, որն արվում է մինչ օրս:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այժմ էլ «Վանաձոր» բժշկական կենտրոնն է դատական հայց ներկայացրել, որպեսզի դատարանի վճռով սահմանված գումարները ոչ թե հիվանդանոցը վճարի, այլ երկու բժիշկները՝ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը եւ հիվանդանոցի անեսթեզոլոգ Ալվարդ Հայրապետյանը: Այս գործով դատական քննություն է ընթանում:
Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ իրենք հայց են ներկայացրել բժիշկների դեմ՝ նշելով, որ գործի հետ կապված մանրամասներ կներկայացնի իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո միայն:
Հավելենք, որ 2013-ի սեպտեմբերի 25-ին նշանակվել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Ստացված փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Լիլիթ Նալբանդյանի մոտ հետռեանիմացիոն հիպօքսիկ վիճակի զարգացումը պայմանավորված է եղել հետվիրահատական վաղ շրջանում նրա նկատմամբ ոչ պատշաճ բժշկական հսկողության իրականացմամբ, որի պատճառով նրա վիճակի վատացումը ժամանակին չի հայտնաբերվել, անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները ժամանակին չեն իրականացվել: Սրա արդյունքում կնոջ առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքի համար վտանգավոր վիճակի զարգացման հատկանիշով:
Դեպքից հետո տուժող կողմի իրավահաջորդները պահանջում էին պատասխանատվության ենթարկել կեսարյան հատումն իրականացրած բժիշկներ Դավիթ Շահվերդյանին եւ անեսթեզոլոգ Ալվարդ Հայրապետյանին: Քրեական մեղադրանքը, ինչպես արդեն հայտնեցինք, հետագայում հանվում է: Մեզ հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը նկատեց, որ եթե քրեական վարույթով հաստատվեր, որ իրականում կա բժշկական սխալ, ու բժիշկներից մեկը պատասխանատվության ենթարկվեր, ապա չի բացառվում, որ վերջին օրերին կատարված դեպքը տեղի չունենար. «Եթե դատաքննության ընթացքում նորմալ ու օբյեկտիվ քննություն գնար, ապա միանշանակ բժիշկները պատասխանատվության կենթարկվեին ու չէին շարունակի իրենց բժշկական գործունեությունը»,-ասաց փաստաբանը՝ մեկ անգամ եւս փաստելով, որ Լիլիթի՝ կոմայի մեջ հայտնվելու պատճառը բժիշկների անփութության հետեւանքն է եղել. «Ծնունդը կեսարյան հատումով ընդունելուց հետո Լիլիթին թողել էին նարկոզից հետ չեկած վիճակում, ու, ընդ որում, այդ ժամանակ Լիլիթը կլինիկական մահ էլ էր տարել: Մինչեւ բժիշկները որեւէ գործողություն կկատարեին, արդեն եղավ այն, ինչ եղավ»:
Այսպիսով՝ ավելի քան 3 տարի է՝ Լիլիթ Նալբանդյանի խնամքը ապահովում են նրա մերձավոր հարազատները: Իսկ փոքրիկի խնամակալությամբ մինչ օրս զբաղվում է հորաքույրը: Կնոջ հարազատների փոխանցմամբ՝ ցանկացած պահի հնարավոր է՝ նրա օրգանիզմի կենսական օրգանները դադարեն աշխատելուց:
Դավիթ Շահվերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց հիշել «անցած-գնացած» դեպքը՝ նշելով, որ մեկ շաբաթ առաջ ծննդկանի մահվան եւ 2013-ի դեպքի մեջ պետք չէ համեմատականներ տանել. «Նմանություններ հնարավոր չէ գտնել»,- ասաց բժիշկը:
Հ.Գ. Ցավոք, ՀՀ առողջապահության նախարարությունը որեւէ քայլ ձեռնարկելու եւ նմանատիպ խնդիրները գոնե նվազագույնի հասցնելու իրավասություն, կարծես, չունի: Նրանք վիճակագրություն են կազմում եւ վերջ: Մինչդեռ նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը հրապարակավ հայտարարեց, որ իր խնդիրը մոտ 3 մլն մարդկանց առողջության հարցն է, այլ ոչ թե մի հիվանդանոցի փակման:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԷԴՈՒԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 
ՈՒՄ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի բացահայտվել է 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու հետեւանքով ոստիկանության 3 ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները, հստակ բացահայտվել են այդ սպանությունները կատարած անձինք: Սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէ, թե ովքեր են եղել սպանողները:
Բայց վերհիշելով մինչ այս եղած հրապարակումները՝ դժվար չէ կռահել, թե ինչ է թաքցնում ՀՔԾ:
Հիշեցնենք, որ գնդապետ Արթուր Վանոյանը մահացել էր, երբ հուլիսի 17-ի լուսադեմին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները զինված մուտք էին գործել ՊՊԾ գունդ, տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում մահացավ Արթուր Վանոյանը, վիրավորվեց ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյան, որը դեպքից շուրջ մեկ ամիս անց մահացավ: Իսկ, ահա, ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը, ըստ նախնական տվյալների, սպանվեց ոստիկանության գնդի տարածքից արձակված կրակոցի հետեւանքով:
Այս իրողությունները համադրելով՝ կարելի է եզրակացնել, որ ոստիկանների մահվան ողջ պատասխանատվությունը բարդվել է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների գլխներին: Թե կոնկրետ ում, հուսանք ՀՔԾ-ն երկար գաղտնի չի պահի: Ինչեւէ, բացի սպանության բացահայտումից` ՀՔԾ պաշտոնական հաղորդագրությունում անդրադարձել էր այս գործով հետախուզվողներին:
Ըստ այդմ, ՊՊԾ գնդի շենքերն ու տարածքը զավթած զինյալների խմբում ընդգրկված են եղել 31 անձինք, ովքեր զինված են եղել: Քրեական գործի նախաքննության ներկա փուլում ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ ներգրավված են 62 անձինք, որոնցից 44-ը կալանավորված են, 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ գրավը, իսկ 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Իսկ ովքեր են հետախուզվողները:
Ինչպես հայտնի է՝ 2015 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամներ կալանավորվել էին, իսկ ավելի ուշ ստորագրությամբ ազատ էին արձակվել: Նրանց թվում էր եղել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը, Ժիրայր Սէֆիլյանը: Իհարկե, Ժիրայր Սէֆիլյանին 2016 թվականի հունիսին կալանավորեցին մի խումբ երիտասարդների հետ ապօրինի զենք փոխադրելու գործով: Նշենք, որ այս առիթով էլ 9 անձի էր մեղադրանք առաջադրվել, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը: Նրանցից 7-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինս Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանն է:
Նկատենք, որ հուլիսի 17-ին խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գունդ ներխուժելուց անմիջապես հետո իրավապահները հետախուզում հայտարարեցին Գարեգին Չուքասզյանի նկատմամբ, որին արդեն 3 ամիս է, ինչ փնտրում են ու այդպես էլ չեն գտնում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԿՏԵՍՆԵՆՔ
ԺԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել՝ անդրադառնալով մաքսային ծառայության առաջիկա անելիքներին: «Մաքսավորի ներկայությունը սահմանային անցակետերում պետք է հասցվի նվազագույնի. մաքսային աշխատակիցը կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ խնդիր է առաջանում: Այսօր ամենամեծ դժգոհությունն արդարության եւ հավասարության պակասից է,- նշել է նա՝ հավելելով,-պետք է մատուցվի բացառապես որակյալ մաքսային ծառայություն, հակառակ դեպքում կունենանք այնպիսի խնդիրներ, ինչպիսիք առկա են այսօր»:




Լրահոս