
Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսեց Կենտրոնական բանկի ճոխ ծախսերի մասին:
Պատգամավորը ընդգծեց, որ ԿԲ-ն հաշվի չի առել երկրում տիրող 30 տոկոսից ավել աղքատության ցուցանիշը և 20 հազար դոլարի ամսագրեր են գնել և նույնքան վճարել նաև գրականության ձեռքբերման համար. «Շքեղ եք ապրում: 20 հազար դոլար ամսագրերին եք տալիս, նույնքան գրականության ձեռքբերման համար, 31 ավտոմեքենա ունեք, 820 աշխատող՝ 600 հազար դրամ աշխատավարձով: Ոնց որ դժոխքի մեջ դրախտ լինեք, անապատի մեջ ծաղիկ եք, որ փթթում, ապրում եք», – նշեց նա:
Արձագանքելով` ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը հայտարարեց, թե ձեռք են բերում մասնագիտական գրականություն՝ վերլուծական ունակությունները կատարելագործելու համար: