Պարզվել է Աբովյանում տեղի ունեցած դանակահարության շարժառիթը. հայտնի է անձի ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ակումբի տնօրենին դանակահարելու դեպքի առթիվ։
2016թ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 02։25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կյանքի համար վտանգավոր՝ «գանգի ձախ քունքային շրջանի դանակահարություն՝ դանակի առկայությամբ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ՝ Մ.Գրիգորյանը, ով հայտնել է, որ իրեն դանակահարել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով, ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարված քննությամբ պարզվել է, որ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը տղամարդուն պատճառվել է Աբովյան քաղաքում գործող ակումբներից մեկի մոտ՝ հաճախորդներից մեկի կողմից։ Պարզվել է նաև շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք վկաներ, առգրավվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել փորձաքննություններ։




Լրահոս