ՀՀ կենտրոնական բանկի պահանջով հայաստանյան բոլոր բանկերը հունվարի 1-ից պետք է ունենան 30 մլրդ դրամ նորմատիվային կապիտալ: Սրա հետեւանքով մի շարք բանկեր վերամիավորվեցին: Այս եւ բանկային այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ:
-Պարո՛ն Սուքիասյան, 2017թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կենտրոնական բանկի որոշումը, որի համաձայն՝ ՀՀ բանկերի նորմատիվային կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ ՀՀ դրամ: Կբավարարի՞ այդ պահանջը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ:
-Անշուշտ կբավարարի: Հոկտեմբերի 25-ին ավարտվեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ բաժնետոմսերի հերթական տեղաբաշխումը, որի արդյունքները մոտ մեկ ամսից կներկայացվեն Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը, ապա՝ ՀՀ կենտրոնական բանկի գրանցմանը: Այս տեղաբաշխման արդյունքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ 145 հազար հատ բաժնետոմս է տեղաբաշխվել` յուրաքանյուրը 14.600 ՀՀ դրամ արժեքով? ՀՀ կենտրոնական բանկի կողմից տեղաբաշխման արդյունքները գրանցելուց հետո ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ նորմատիվային կապիտալը կկազմի մոտ 31 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ այսօր արդեն կարող ենք ասել, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ համապատասխանեցրել է իր նորմատիվային կապիտալը վերը նշված պահանջին:
-Վերջերս հաճախ դժգոհություններ ենք լսում՝ կապված տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքների հետ: Հնարավո՞ր եք համարում այդ տոկոսադրույքների իջեցումը:
-Այդպիսի դժգոհություններ նախկինում եւս հնչել են: Մարդիկ սովորություն ունեն համեմատելու ՀՀ-ում եւ, օրինակ, արեւմտյան երկրներում գործող տոկոսադրույքների միջին չափը, իսկ այնտեղ տոկոսադրույքներն ավելի ցածր են: Սա հասկանալի դժգոհություն է, քանի որ հաճախորդների համար ամենագրավիչ պայմանները վարկերի համար կիրառվող ցածր եւ ավանդների համար կիրառվող բարձր տոկոսադրույքներն են: Սակայն ավանդների եւ վարկերի տոկոսադրույքներն ուղիղ համեմատական են միմյանց. եթե բանկերն իջեցնեն վարկերի տոկոսադրույքները, ապա կիջնեն նաեւ ավանդների տոկոսադրույքները:
Կարծում եմ, որ 2017թ. նոր էջ է բացում ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ. հենց առաջիկա տարում է սկսվելու բանկերի միջեւ իրական մրցակցությունը: Բոլոր այն բանկերը, որոնք կմնան շուկայում, ազատ ռեսուրսների ավելցուկ են ունենալու եւ փորձելու են հնարավորինս շատ հաճախորդներ ներգրավել: Ազատ ռեսուրսների ավելցուկի պայմաններում բնական է, որ կարող են իջնել ավանդների տոկոսադրույքները: Բայց այստեղ պետք է նաեւ հաշվի առնել, որ ՀՀ բանկային համակարգը տարեկան մոտ 150 մլրդ ՀՀ դրամ ավանդի տոկոս է վճարում ավադատուներին: Դա բավականին մեծ գումար է, եւ, ուրեմն, հազարավոր մարդիկ անուղղակիորեն ներգրավված են բիզնեսում, այսինքն` մասնակցում են բիզնեսին, ստանում եկամուտ ներդրված ավանդներից եւ վճարում եկամտահարկ:
-Պարո՛ն Սուքիասյան, վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՀՀ կենտրոնական բանկն առեւտրային բանկերին ստիպում է աշխատակիցների կուտակային գումարները վճարել կենսաթոշակային ֆոնդերին: Ճի՞շտ են այդ լուրերը, արդյո՞ք նման խնդրի հետ առնչվել է նաեւ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ:
-Անհիմն եմ համարում նման հրապարակումները: ՀՀ կենտրոնական բանկը վերահսկողական գործառույթ իրականացնող մարմին է, եւ վստահաբար կարող եմ ասել, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ նկատմամբ երբեւէ հարկադրանք չի եղել այս եւ որեւէ այլ հարցում: Ճիշտ է՝ Բանկն է աշխատավարձ վճարում աշխատակիցներին, սակայն աշխատակիցներն ազատ են իրենց ընտրության մեջ, իրենք են տնօրինում իրենց կուտակումները, իսկ Բանկը պարզապես հանդես է գալիս որպես նրանց գործակալ հարկերի գծով:
-Թեպետ 2016թ. դեռ չի ավարտվել, սակայն շատերը նշում են, որ 2016թ. բավականին դժվար տարի էր ՀՀ բանկային համակարգի համար: Ինչպիսի՞ն էր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ համար այս տարին:
-Փորձելով ամփոփել տարին` կարող եմ ասել, որ մենք բավականին ուժ եւ եռանդ ներդրեցինք այս տարվա ընթացքում: ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ այսօր շատ է խոշորացել, ներկայումս ունենք 47 մասնաճյուղ, մինչդեռ տարվա սկզբին մասնաճյուղերի թիվը 40 էր: Աճ ենք արձանագրել բոլոր ցուցանիշներով, գործընկերական շրջանակը զգալիորեն մեծացել է:
2016թ.-ին բանկի կապիտալն աճեց բաժնետոմսերի տեղաբաշխումների, միացման եւ մեր ընտանիքի կողմից կատարված ներդրումների հաշվին, ինչի շնորհիվ կարողացանք ապահովել ՀՀ կենտրոնական բանկի 30 մլրդ ՀՀ դրամ նորմատիվային կապիտալի պահանջը:
-Եվ վերջին հարցը. ինչպե՞ս է ընթանում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ եւ միջազգային կառույցների համագործակցությունը:
-Բանկն, ինչպես միշտ, շարունակում է սերտորեն համագործակցել իր վաղեմի գործընկեր եւ բաժնետեր Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի հետ: 2016թ.-ի ընթացքում Բանկը 34 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել արտասահմանյան ֆոնդերից` Symbiotics S.A., BlueOrchard Finance S.A, Incofin Investment Management, որից 24 մլն. ԱՄՆ դոլարն ուղղվել է փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը: Նաեւ ավելի քան 1,7 մլրդ ՀՀ դրամի ներգրավումներ են կատարվել ՀՀ կենտրոնական բանկի ծրագրով` KfW բանկի՝ Գերմանա-հայկական հիմնադրամի կողմից կառավարվող միջոցներից եւ այլ աղբյուրներից, որի հիմնական մասն ուղղվել է միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը:
Ներկայումս շարունակվում են բանակցությունները նաեւ նոր ներգրավումների ուղղությամբ, ուստի հուսով եմ, որ մինչեւ տարվա վերջ ներգրավված միջոցների ծավալը եւս կաճի:
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ միշտ մնում է կայուն զարգացող բանկ, միշտ նոր գրավիչ առաջարկներով է հանդես գալիս իր հաճախորդների համար, եւ մեր շահերը միշտ համընկնում են:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՈՒՄԸ ԱՎԵԼԱՑԵԼ Է
«Ժողովուրդ»-ը ազգային վիճակագրության ծառայությունից տեղեկացավ, որ Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ-ի շուկայական միջին գինը գրեթե բոլոր վարչական շրջաններում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ բարձրացել է 50-100 դրամով: Օրինակ՝ Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Էրեբունի եւ այլ վարչական շրջաններում բնակարանի 1 քմ-ի գինը օգոստոսին հուլիսի համեմատ մնացել է նույնը, իսկ անցած տարվա օգոստոսի համեմատ բարձրացել է:
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում բնակարանի 1 քմ-ի գինը այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ 100 դրամով թանկացել է, Մարալիկում՝ 50 դրամով: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բնակարանների 1քմ-ի գինը 100 դրամով է բարձրացել, Կապանում՝ 250-ով, Մեղրիում՝ 150-ով, Տավուշի մարզի Այրումում՝ 50 դրամով, իսկ Վայոց ձորի Եղեգնաձորում՝ 100 դրամով: Մյուս մարզերի քաղաքներում բնակարանների 1 քմ-ի արժեքը այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ մնացել է անփոփոխ: Սակայն անցած տարվա օգոստոսի համեմատ այս տարվա օգոստոսին բնակարանների 1քմ-ի գների բարձրացում արձանագրվել է բոլոր մարզերում:
Այս տարվա օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 15 հազար 29 գործարքներ: Նշենք, որ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 38.4 տոկոսը կատարվել է մայրաքաղաք Երեւանում, 10.7 տոկոսը՝ Կոտայքի մարզում, 7.3 տոկոսոը՝ Լոռու մարզում:
Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից օտարումը կազմել է 29.2 տոկոս, ժառանգությունը՝ 11.6 տոկոս, այլ պետական գրանցումները՝ 30.5 տոկոս, իսկ գրավադրումը՝ 11.1 տոկոս: Վարձակալությունն էլ կազմել է 4.4 տոկոս: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից օտարումը 1.5 տոկոսով ավելացել է: Նշված ժամանակահատվածում աճել է նաեւ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից վարձակալումը՝ 0.9 տոկոսով: Իսկ, ահա, գրավադրումը այս տարվա օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.3 տոկոսով: Ըստ մասնագետների՝ բնակարանների գրավադրման աճի պատճառն այն է, որ մարդիկ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից ելնելով՝ իրենց բնակարանները գրավադրում են բանկերում կամ վարկային կազմակերպություններում: Նրանց մեծ մասը, չկարողանալով մարել վարկային պարտականությունները, կորցնում է իր բնակարանը՝ մնալով փողոցում: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ որոշ բանկեր ժամանակավորապես դադարեցրել են բնակարանները որպես գրավ ընդունելու գործընթացը, քանի որ վարկերի վերադարձելիությունը կտրուկ նվազել է: Իսկ բանկերն էլ չեն կարողանում իրացնել գրավադրված բնակարանները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵԿԵՂԵՑՈՒ ՓՈԽԱՐԵՆ
Հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղում հանդիսավորությամբ օծվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 5 տարի առաջ եկեղեցու շինարարությունը սկսվել էր այն վայրում, որտեղ Կողբ գյուղի 28 ամուրի երիտասարդների գերեզմաններն են: Նրանք զոհվել են 18-րդ դարի 2-րդ կեսին, լեզգիների ասպատակությունների դեմ կռիվներում:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը կատարվեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ, մատուցվեց պատարագ: Մոսկվայում բնակվող, արմատներով Կողբ գյուղից Սամսոն Աբովյանը եկեղեցի կառուցելու համար Գարեգին Երկրորդ կաթողիկոսի կողմից արժանացել է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանին:
Նշենք, որ Կողբն ավելի քան 2 տարի գործող աղոթատեղի, եկեղեցի ունի. 2014թ. հունիսի 1-ին Սերժ Սարգսյանի ներկայությամբ օծվեց Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, բարձունքի վրա գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը կառուցել է Տավուշի մարզպետ, Կողբի գյուղի բնակիչ Հովիկ Աբովյանը: Մինչդեռ Կողբ գյուղի շրջակա անտառներում գտնվող հնամենի Տավարաեղցի, Վարդգյուղ, Լոմուս եւ այլ վանքերի ու եկեղեցիների վերանորգման համար գումար հատկացնողներ չկան:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումից ուղիղ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 22-ին, Կողբի Ավագի ձոր թաղամասում, միջպետական ավտոճանապարհի խաչմերուկում, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ներկայությամբ բացվեց Կողբ գյուղի խորհրդանիշ համարվող բազալտե քանդակազարդ կոթող, որը կառուցել է բոստոնահայ Գեւորգ Աթանիզյանի ֆինանսական միջոցներով: 9 միլիոն դրամով կառուցված արձանի բացմանը ԱՄՆ-ից բազում հայեր էին ժամանել: Կողբեցիները գնահատելով այդ կոթողը՝ ասում են՝ լավ կլիներ Կողբ համայնքի ֆինանսական միջոցներով կամ բարեգործական կազմակերպությունների, անհատների ֆինանսավորմամբ նորոգվեր 4700 բնակիչ ունեցող Կողբի միակ գերեզմանատուն տանող քարուքանդ ճանապարհը:
Կողբի եւ Ադրբեջանին սահմանակից գյուղերի բնակիչները «Ժողովրդի» թղթակցին բազմիցս ասել են, որ սահմանամերձ գյուղերը եկեղեցիներից ու հուշարձաններից առավել արտադրամասերի, փոքր ձեռնարկությունների կարիք ունեն, որպեսզի սահմանում իրենց կյանքը ամեն օր վտանգի ենթարկող մարդիկ ապրուստի միջոց ունենան եւ Հայաստանից չարտագաղթեն: Սահմանամերձ գյուղերի քիչ տներում են երեկոյան լույսեր վառվում, մնացածների տերերը վաղուց օտար ափերում են: Սահմանագոտում մնացածներին օդ ու ջրի պես աշխատատեղեր են հարկավոր:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ