ՀՀ կառավարության կողմից այս տարվա հունիսի 23-ին խաղողագործության եւ գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության եւ զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ստեղծվեց Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ:
Հիմնադրամի ստեղծման օրը որոշվեց նաեւ կանոնադրական հիմնախնդիրների իրականացման համար տրամադրել 103.5 մլն դրամ:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս կառույցի ստեղծման անհրաժեշտությունը հետեւյալ կերպ հիմնավորեց. «Մենք պետք է լուրջ աշխատանք տանենք, որպեսզի հայկական գինիների արտահանումն աճի: Օրինակ՝ Վրաստանում այս հիմնադրամը լուրջ արդյունք է գրանցել: Հինգ ամսվա ընթացքում Վրաստանից արտահանվել է մոտ 25 մլն շիշ գինի: Այդ ակնկալիքով ենք ստեղծում այս հիմնադրամը»: Եւ Վրաստանի գինեգործության ոլորտի հաջողություններից ոգեւորված նախկին վարչապետն ու գյուղատնտեսության նախկին նախարարը հիմնեցին Հայաստանի գինեգործության եւ խաղողագործության հիմնադրամ: Հավելենք, որ անցած տարի տեղական գինի արտադրողները մեծ քանակությամբ խաղող մթերեցին, սակայն չկարողացան արտադրած գինին արտահանել կամ էլ ներքին շուկայում իրացնել: Եւ, ահա, հիմնադրամի ստեղծումից ՀՀ որոշ գինի արտադրողների մոտ հույսեր արթնացան: Չէ որ հիմնադրամի գործառույթներից է կապեր հաստատել հիմնական շուկաների գործարար շրջանակների եւ վերլուծություններ իրականացնող կազմակերպությունների հետ, աջակցել գործարար միջավայրի բարելավմանը եւ այլն: Հիմնադրամի ստեղծումից անցել է շուրջ 4 ամիս: «Ժողովուրդ»-ը հիմնադրամից հետաքրքրվեց, թե խաղողագործության եւ գինեգործության զարգացմանը նպաստելու նպատակով այս 4 ամիսների ընթացքում առարկայական ինչ քայլեր են իրականացվել:
Մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ հիմնադրամից հայտնեցին, որ իրենք սեպտեմբերի 6-ին ֆրանսիական հայտնի խորհրդատվական ընկերություններից մեկի՝ «Derenoncourt consultance»-ի հետ գինեգործի համար այց են կազմակերպել դեպի Վայոց ձոր: Ֆրանսիացի մասնագետները փորձի փոխանակում են իրականացրել: Իսկ, ահա, դեկտեմբերի 15-ին Եվրոպա-Հայաստան համագործակցության հանձնաժողովի նիստի շրջանակներում Բրյուսելում տեղի կունենա հայկական գինիների համտես՝ դիստրիբյուտորների, առեւտրային ցանցերի եւ մասնագիտական խանութների ներկայացուցիչների մասնակցությամբ, Armenian Brandy and Wine /Marc Laevens /ընկերության հետ համատեղ: Նշված միջոցառումների համար հավաքագրվել է 13 գինի արտադրող ընկերությունների 28 տեսակի 222 շիշ գինեգործական արտադրանքի նմուշ, որն էլ Բրյուսել է տեղափոխվել հիմնադրամի կողմից:
Մեզ նաեւ հիմնադրամից վստահեցրին, որ այս ընթացքում բանակցություններ են տարվում հայկական գինիների արտահանման եւ ծավալների ընդլայնման վերաբերյալ ամբողջ ԵՄ տարածքով: Նաեւ հավաստիացրին, որ ճանաչողական այցեր են կազմակերպվել հիմնադրամի կողմից, իսկ խաղողագործներն ու գինեգործները մասնակցել են ֆորումների: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ նոյեմբերին սպասվում է գինու ռուս բլոգերների այց Հայաստան, ինչի արդյունքում հիմնադրամը կփորձի նպատակային շուկայում բարձրացնել հայկական գինու մասին տեղեկացվածության աստիճանը: Թե այս քայլերի արդյունքում որքանով կբարելավվի տեղական արտադրողների վիճակը, ցույց կտա ժամանակը:
«Ժողովուրդ»-ը հիմնադրամից հետաքրքրվել էր նաեւ, թե ստեղծումից ի վեր ամսական որքան գումար է ծախսվել եւ ինչ նպատակներով: Սակայն այս հարցին ի պատասխան՝ մեզ փոխանցվեցին, որ տարեվերջին օրենքով սահմանված կարգով իրականացվելու է աուդիտ, որի տվյալները հրապարակվելու են: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով մարդատար ավտոմեքենաներ է գնել՝ 15 մլն դրամ արժեքով: «ժողովուրդ»-ի ձեռքի տակ է հայտնվել ավտոմեքենայի գնման վերաբերյալ հիմնադրամի գործադիր տնօրեն Մերի Ղեւոնդյանի՝ հոկտեմբերի 10-ի գնումների պլանի փոփոխման ծանուցումը:
Բացի այս, հիմնադրամը ընթացիկ տարվա համար գնել է 2 ավիատոմս՝ ընդհանուր 900 հազար դրամ արժեքով: Սակայն փաստաթղթում նշված չէ, թե այն որ ուղղությամբ է: Նաեւ գնվել են 100 հատ գրքեր, որոնց մեկ միավորի արժեքը կազմում է 4500 դրամ. այսինքն՝ գրքերի համար ընդհանուր վճարվել է 450 հազար դրամ: Թե ինչ գրքեր են դրանք եւ ինչ բովանդակություն ունեն, պաշտոնական փաստաթղթում նշված չէ: Գնումների պլանի փոփոխման այս ծանուցումը հիմնադրամի տնօրեն Ղեւոնդյանի կողմից հաստատվել է սեպտեմբերի 15-ին: Հիմնադրամը ձեռք է բերել նաեւ հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ, որոնց համար, ըստ փաստաթղթի, վճարել է 15 մլն դրամ: Հիմնադրամի գնումների պլանի փոփոխման այս ծանուցումը հաստատված է հոկտեմբերի 4-ին, դարձյալ Մերի Ղեւոնդյանի կողմից:
Հոկտեմբերի 18-ին հիմնադրամի գործադիր տնօրեն Մերի Ղեւոնդյանի կողմից հաստատվել է պետական միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանի փոփոխման մեկ այլ ծանուցում. ձեռք են բերվել 8 հատ ներքին շերտավարագույրներ, որի մեկ միավորի արժեքը կազմում է 62 հազար 500 դրամ: Դրանց համար ընդհանուր վճարվել է 500 հազար դրամ, նաեւ գնվել է մեկ բարձրացվող մեխանիկական շերտավարագույր, որի արժեքը կազմում է 400 հազար դրամ:
Նույն օրվա հաստատված գնումների պլանի փոփոխման ծանուցման մեջ նշված է նաեւ, որ հիմնադրամը ձեռք է բերել 4 հատ ավիատոմս՝ 450 հազար դրամ արժեքով, յուրաքանչյուրի համար վճարելով 112.5 հազար դրամ, ինչպես նաեւ հյուրանոցներում բնակվելու մեկ ծառայություն՝ 800 հազար դրամ արժողությամբ: Իսկ, ահա, տրանսպորտային փոխադրման ծառայության համար պետական միջոցներից հատկացվել է 200 հազար դրամ, շենքերի-շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքների համար՝ մոտ 1 մլն դրամ:
Բացի այս, նույն ծանուցման մեջ նշված է, որ հիմնադրամը ձեռք է բերել մաքսային միջնորդի՝ բրոքերի ծառայություն՝ 100 հազար դրամ արժեքով, 2 ավիատոմս՝ 500 հազար դրամ արժեքով եւ բեռների փոխադրման ծառայություններ՝ 990 հազար դրամի: Իսկ օգոստոսի 22-ին հաստատված գնումների պլանի փոփոխված ծանուցմամբ ձեռք են բերվել միջոցառումների հետ կապված ծառայություններ՝ 5.5 մլն դրամով, կազմակերպչական ծառայություններ՝ 900 հազար դրամով, խորհրդատվական ծառայություններ՝ 2 մլն դրամով, ծրագրավորման ծառայություններ՝ 6 մլն դրամով: «Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ նաեւ, որ հիմնադրամը մոտ 12 մլն 440 հազար 500 դրամ հատկացրել է սեղաններ, աթոռներ, գրասեղաններ, բջջային, տեղային հեռախոսների ծառայություններ, սեղանի համակարգիչներ, օդորակիչներ, գրենական պիտույքներ, մաքրող միջոցներ եւ այլն ձեռք բերելու համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ