ՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՏՐՎԵԼ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մշտապես համարվել է Հայաստանի իշխանական բուրգի ամենակրթված ներկայացուցիչներից մեկը: Սակայն ոչ ոք չի կարող պնդել, որ ինտելեկտուալ լինելը նաեւ ազնիվ եւ կոռումպացված չլինելու երաշխիք է: Մասնավորապես, Դավիթ Հարությունյանի կողմից վերջերս հեղինակած նախաձեռնություններից մեկը` պետական կառավարման համակարգի աշխատակիցների համար ավիատոմսերի ձեռքբերման նոր ներդրված համակարգը, ավելի շուտ լավ մշակված եւ հղկված կոռուպցիոն «սխեմա» է հիշեցնում:
Ինչպես հայտնի է՝ մեկ ամսից ավել է, ինչ պետական պաշտոնյաներն իրենց գործուղումների համար ավիատոմսերը կարող են ձեռք բերել բացառապես govtravel.am ինտերնետային կայքի միջոցով: Նոր համակարգի հետ կապված ոչ մի խնդիր չէր լինի, եթե այն նախկին գործողի՝ տուրիստական գործակալություններից ավիատոմսեր գնելու գործընթացի հետ զուգահեռ ներդրվեր, այդ դեպքում ակնհայտ կդառնար. տուրիստական ընկերություննե՞րն են էժան ավիատոմս առաջարկում, թե՞ վերը նշված էլեկտրոնային համակարգը: Սակայն, չգիտես ինչու, ոչ թե մրցակցային տարբերակն ընտրվեց, այլ ավիատոմսի բոլոր գնումները մեկ խողովակով իրականացնելու տարբերակը: Ու այս տարբերակը «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի համար տարեկան մոտ 150 մլն դրամի լրացուցիչ եկամուտ է ապահովում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ընկերության տնօրենը Արթուր Թունյանն է, որը Դավիթ Հարությունյանի ամենամերձավոր անձանցից է: Նոր համակարգի միջոցով հսկայական եկամուտներ կստանա նաեւ իսպանական «Ամադեուս» ընկերության ռուսաստանյան ներկայացուցիչը` «Ամադեուս-ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն: Տեղեկացնենք, որ այս ընկերության ղեկավարների մեջ եւս հայերի դեռեւս անհայտ անուններ կան: Իսկ թե ինչո՞ւ, թերեւս միայն կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին է հայտնի:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխող Հանրապետական կուսակցության ներսում այս օրերին գլուխ են կոտրում, թե կուսակցական պաշտոններից որ մեկը «տան» ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Խնդիրը հետեւյալ կերպ է դրված. պաշտոնը պետք է արտացոլի Հանրապետական կուսակցությունում նրա բարձր դիրքը` Սերժ Սարգսյանից հետո երկրորդ մարդը լինելու հանգամանքը: Այս նպատակով նաեւ քննարկվում է տարբերակ, ըստ որի, վարչապետ Կարեն Կարապետյանին կարող է տրվել ՀՀԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կլինի կուսակցության նախագահը, իսկ Կարեն Կարապետյանը` խորհրդի նախագահը: Համանման մեխանիզմ ժամանակին կիրառվել է Սերժ Սարգսյանի համար, երբ 2006-ի հուլիսին նա անդամակցեց ՀՀԿ-ին: Այն ժամանակ ՀՀԿ-ի նախագահը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին անդամագրվելուց հետո դարձավ կուսակցության խորհրդի նախագահը: Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո կուսակցական երկու պաշտոններն էլ անցան Սերժ Սարգսյանի տիրապետման տակ:

 

 

 
ՀՀ-ում գործող նախարարությունների եւ մնացած գերատեսչությունների ենթակայությամբ գործում են բազմաթիվ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ` ՊՈԱԿ-ներ: Վերջիններիս գործառույթները, որպես կանոն, մնում են ստվերում: Սա այն դեպքում, երբ իրականում այդ կառույցները վաղուց վերածվել են պետական կառավարման համակարգի չարորակ ուռուցքի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊՈԱԿ-ների աշխատակիցների մի զգալի մասն իրականում տվյալ գերատեսչության աշխատակցի պարտականություններ է իրականացնում: Պարզապես ՊՈԱԿ-ը ձեռնտու է աշխատողի համար, քանի որ ի տարբերություն քաղծառայողների՝ ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Մինչդեռ իրականում աշխատակիցներին գրանցում են ՊՈԱԿ-ում, բայց նրանք փաստացի աշխատում են նախարարությունում: Սակայն, ի տարբերություն նախարարության աշխատակիցների, նրանք քաղծառայողներ չեն, հետեւաբար նրանց ազատելն ավելի հեշտ է: Այլ կերպ ասած՝ ՊՈԱԿ-ները վաղուց վերածվել են քաղծառայության համակարգը շրջանցելու հնարավորություն ընձեռող հարմարավետ գործիքի:

 

 

 
ՀՀ ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը բավական պատկառելի ունեցվածք է հայտարարագրել: Այսպես՝ նա պաշտոնապես ունի երկու առանձնատուն, երեք բնակարան եւ 12 հատ հողամաս, երեք հատ ավտոմեքենա` «RANGE ROVER 4.4 L V8 2.2», «MERCEDES-BENZ S 500 2.3» եւ «UAZ 469» մակնիշների: Հարությունյանը հայտարարագրել է նաեւ 309 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս: Պաշտոնը ստանձնելու պահին` հոկտեմբերի 8-ի դրությամբ ունեցել 471 հազար 931 դոլարի եւ 2 մլն 659 հազար 657 դոլարի փոխառություններ` տոկոսով տրված գումարներ: ՊԵԿ նոր նախագահն ունի նաեւ 8 մլն դրամը գերազանցող արժեքով 2 ժամացույց եւ մեկ կտավ: Նրա դրամական միջոցները կազմում են 45 մլն 743 հազար դրամ, 54 հազար 105 դոլար եւ 110 եվրո: «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնում նա այս տարվա 9 ամսում ստացել է 123 միլիոն 80 հազար դրամ աշխատավարձ` ամսական 13 միլիոն 675 հազար դրամ: Այս տարվա ընթացքում ստացել է նաեւ 121 հազար 640 դոլարի եկամուտ, որպես փոխառությունների տոկոսավճար:

 

 

 
ՓՈԽՎՈՒՄ ԵՆՔ
Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը նախօրեին հրապարակել է հարցում նախկին ԽՍՀՄ երկրներում Ռուսաստանի վարկանիշի վերաբերյալ: Ու թեեւ հատկապես ԵՏՄ անդամ բոլոր երկրներում էլ Ռուսաստանն առաջատար դիրքեր ունի, այդուամենայնիվ, ՀՀ-ի ցուցանիշները բավականին մտահոգել են ռուսաստանցի փորձագետներին: Բանն այն է, որ ըստ հարցման՝ Ղրղըզստանում, Տաջիկստանում, Բելառուսում եւ Ղազախստանում Ռուսաստանի վարկանիշը կազմում է 89-ից մինչեւ 81 տոկոս, իսկ, ահա, հայաստանցիների միայն 69 տոկոսն է Ռուսաստանը համարում դաշնակից եւ բարեկամ պետություն: Մինչդեռ նախորդ տարիներին՝ 2015 թ-ին, այդ ցուցանիշը 86 տոկոս էր կազմում, իսկ 2014-ին՝ 87 տոկոս։ Ասել է թե՝ այս տարի ՌԴ-ի վարկանիշը ամբողջ 17 տոկոսով անկում է գրանցել Հայաստանում:
Անշուշտ, ցանկացած հարցում արտացոլում է իրականության մի մասը, սակայն կոնկրետ այս դեպքում ներկայացված պատկերը բավականին համահունչ է հատկապես ապրիլյան պատերազմից հետո հայ հասարակության մեջ տիրող տրամադրություններին: Չմոռանանք նաեւ, որ հակառուսական տրամադրությունները բավականին խորացան «Սասնա ծռերի» գործողությունների, ինչպես նաեւ ազատագրված տարածքների հանձնման՝ ռուսական պարտադրանքի մասին հայտարարություններից հետո: Հենց միան ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի՝ ապրիլյան պատերազմի օրերին Բաքվուն արած հայտարարությունը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու ցանկության մասին, արդեն իսկ կարող էր զգալի ազդեցություն ունենալ հակառուսական տրամադրությունների խորացման առումով: Եվ թեեւ ամիսներ անց՝ սեպտեմբերի 21-ի զորահանդեսում, ռուսական արտադրության «Իսկանդերները» որոշակիորեն վերականգնեցին Ռուսաստանի՝ որպես ՀՀ անվտանգության երաշխավոր-դաշնակցի ընկալումները, սակայն դա, փաստորեն, բավարար չեղավ նախկին վիճակին գալու համար:
Մյուս կողմից էլ, ուշագրավ է, որ ըստ նույն հարցման՝ Հայաստանը բավականին լավ վարկանիշ ունի Ռուսաստանում: Բարեկամ երկրների ցանկում Հայաստանը 35 տոկոսով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ ԵՏՄ անդամներից զիջելով Բելառուսին եւ Ղազախստանին: Նկատենք, որ այս առումով պատկերն ընդամենը մի քանի տարի առաջ շատ մտահոգիչ էր: Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ Հայաստանում ամենամեծ անկումն է գրանցվել ԵՏՄ-ից ակնկալիքների եւ ՀՀ-ի՝ եվրասիական ինտեգրացիային աջակցության առումով: Անցած մեկ տարվա ընթացքում ամբողջ 10 տոկոսով այդ ցուցանիշը նվազել է, մինչդեռ, օրինակ, Բելառուսում, որի նախագահ Լուկաշենկոն անվերջ սպառնում է դուրս գալ ԵՏՄ-ից, անցած տարվա համեմատ աջակիցները 3 տոկոսով աճել են:
Ամփոփելով՝ նկատենք, որ նման հարցումները սթափեցնող նշանակություն կարող են ունենալ սեփական անփոխարինելիության գիտակցությունը չափազանցության հասցրած Ռուսաստանի իշխանությունների համար:




Լրահոս