3 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ ամսից ավել է՝ Հայաստանի պետական կառավարման մարմինները ավիատոմսերը գնում են հատուկ այդ նպատակով ստեղծված govtravel.am ինտերնետային կայքի միջոցով: Այս տարվա սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության ընդունած թիվ 982-Ն որոշմամբ ավիատոմսերի գնման միակ թույլատրելի աղբյուրը նշված կայքն է, որը պետք է օգնի դադարեցնելու ՀՀ վարչապետի ակնարկած «պրիմիտիվ գողությունը»:

Այս որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նախագծին կից պաշտոնական հիմնավորմամբ հավաստիացրել էր, թե իբր նոր համակարգի միջոցով հնարավոր կլինի պետական կառավարման համակարգի պաշտոնյաների համար ավիատոմսերն ավելի էժան գնել, քան մինչ այդ էր: «Ներկայումս ավիափոխադրման ծառայությունների պետական գնումները մեծամասամբ իրականացվում են շրջանակային գնումների համար սահմանված ընթացակարգերի կիրառմամբ, որի պարագայում պատվիրատուների կողմից համեմատվում են ոչ թե ավիափոխադրող ընկերությունների, այլ փաստացի ավիագործակալությունների կողմից ներկայացվող գնառաջարկները»,- նշված էր կառավարության համապատասխան որոշման հիմնավորումներում:
Սակայն նոր համակարգի գործարկումից հետո ակնհայտ է դառնում, որ այս անգամ եւս ՀՀ իշխանություններն ունքը սարքելու փոխարեն աչքն են հանել: Նախ սկսենք նրանից, որ նոր համակարգը էժան ավիատոմսի տարբերակը ի սկզբանե բացառում է: Բանն այն է, որ govtravel.am-ից ավիատոմս գնելու պայմանների մեջ հստակ նշված է. «Բոլոր ավիատոմսերի ամրագրումների ինքնարժեքին գումարվում է գործակալի կոմիսիոն վճար 5 տոկոսի չափով»: Սա այն դեպքում, երբ առանց այդ էլ ավիաընկերությունները միջնորդ կազմակերպություններին վաճառված ավիատոմսի 4-ից 8 տոկոս չափով կոմիսիոն են վճարում: Մասնավորապես գործակալներին ամենաբարձր կոմիսիոնը վճարող ավիաընկերություններից մեկը ռուսական «Աէրոֆլոտն» է. 8 տոկոս: Ուստի այն փաստը, որ Հայաստանի պաշտոնյաները վերջին շրջանում հատկապես «Աէրոֆլոտի» չվերթներից են օգտվում, ամենեւին էլ պատահական չէ:
Ինչեւէ, այս պատմության մեջ ամենակարեւորն այն է, որ կառավարությունն ընդամենը մեկ որոշմամբ տարեկան մոտ 3 միլիարդ դրամի մենաշնորհ ստեղծեց: Բանն այն է, որ պետական կառավարման մարմինների պաշտոնյաների եւ աշխատակիցների գործուղումների ավիատոմսերի համար տարեկան ծախսվում է մոտ 3 միլիարդ դրամ: Նախկինում այդ գումարը բաշխվում էր Հայաստանում գործող մոտ մեկ տասնյակ ավիաընկերությունների միջեւ, որոնցից ոմանք մասնագիտացել էին հատկապես պետական կառույցներին ավիատոմսեր մատակարարելու գործում: Բնականաբար, այդ գնումները բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր էին պարունակում, որոնք հաղթահարելու անվան տակ էլ նոր համակարգը ներդրվեց: Սակայն իրականությունն այն է, որ ներկա մենաշնորհը ստեղծելով՝ կոռուպցիոն ռիսկը ոչ թե վերացվեց, այլ պարզապես «կանոնակարգվեց»:
govtravel.am ինտերնետային կայքի, այսպես կոչված, տերը «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն է (ԷԿԵՆԳ): Նշված ընկերության հիմնադիրն ու սեփականատերը ՀՀ կառավարությունն է: Ավիատոմսերի գնման նոր համակարգը ներկայացնելիս Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ govtravel.am ինտերնետային կայքը ավիատոմսերը գնելու է անմիջապես ավիատոմսերի եւ հյուրանոցային համարների ամրագրման «Ամադեուս» միջազգային համակարգից: Ամենամեծ բլեֆը հենց այստեղից էլ սկսվում է: Նախկինում, երբ տուրիստական գործակալություններն էին ավիատոմսեր ապահովում, նրանք նույն «Ամադեուս»-ից կամ համանման այլ համակարգերի միջոցով էին ավիատոմսեր ամրագրում եւ առաջարկում պետական կառույցներին: Այսինքն՝ ներկայումս ավիատոմսերն ամեն դեպքում պետական հիմնարկներին առաջարկվում են «Ամադեուս» համակարգի առաջարկած գնից 5 տոկոսով թանկ, ինչպես վերը նշել ենք: Մյուս կողմից պետական կառույցը եթե անգամ ցանկանա էլ, նա ընտրության հնարավորությունից զրկված է եւ պարտավոր է հավատալ, որ իրեն առաջարկվող գինն ամենաէժանն է: Նույնիսկ եթե նա հակառակում համոզվի, ապա միեւնույն է՝ ինքը պետական բյուջեի միջոցով իր ավիատոմսը կարող է գնել միայն govtravel.am-ի միջոցով:
Առաջին հայացքից ՀՀ կառավարության եւ հատկապես Դավիթ Հարությունյանի շահագրգռվածությունն այս հարցում կարող է անհասկանալի թվալ: Սակայն, երբ մի փոքր ուսումնասիրում ենք, թե ինչպես է գործում «Ամադեուս» համակարգը, ամեն ինչ հասկանալի է դառնում: Այդ համակարգի միջոցով ամրագրված ամեն մի ավիատոմսի համար «Amadeus» իսպանական ընկերությունը միջնորդավճար է ստանում: Սակայն կոնկրետ Հայաստանից իրականացվող գնումների դիմաց միջնորդավճարները ստանում է «Ամադեուս-ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն, որը գրանցված է Ռուսաստանում եւ գործունեություն է ծավալում ինչպես այդ երկրում, այնպես էլ Հայաստանում եւ Բելառուսում: Մասնավորապես, ավիատոմսի ամեն մի ամրագրումից «Ամադեուս» համակարգը ստանում է առնվազն 3 դոլար մեկ վայրէջքի համար: Այսինքն՝ եթե չվերթն ուղիղ երթուղով չի իրականացվում, այլ տարանցիկ երթուղով` մի քանի վայրէջքներով, միջնորդավճարն ավելանում է:
Այսինքն՝ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն, որի տնօրենը` Արթուր Թունյանը, Դավիթ Հարությունյանի ամենամերձավոր անձանցից մեկն է, մեխանիկորեն դարձել է «Ամադեուս-ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ռուսական ընկերության ամենահավատարիմ պատվիրատուն: Ստացվում է, որ Դավիթ Հարությունյանն այս նախաձեռնությամբ մի կողմից իր հովանավորյալի ղեկավարած ձեռնարկության համար է տարեկան մոտ 150 միլիոն դրամի լրացուցիչ եկամուտ ապահովել, մյուս կողմից էլ ռուս գործընկերներին է շրջանառու միջոցներով օգնում: Ի դեպ, ինչպես դժվար չէ կռահել ռուսական «Ամադեուս-ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի ղեկավար կազմում հայեր եւս կան: Նրանց անուններն, իհարկե, հանրությանը ոչինչ չեն հուշի, սակայն նույնը չենք կարող պնդել նաեւ Դավիթ Հարությունյանի կամ Արթուր Թունյանի դեպքում:
Ի վերջո, ոչ ոք նրանց չի կարող մեղադրել այն բանում, որ նրանք վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորին չեն հետեւում եւ «պրիմիտիվ գողությունով» են զբաղված: Այս դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է, կանոնակարգված ու հնարավորինս հետքերը կորցնելով: Բայց «պրիմիտիվ գողության» կասկածները շարունակում են թեւածել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԶԻՆՎՈՐ Է  ԶՈՀՎԵԼ
Երեկ հայտնի դարձավ, որ ԼՂՀ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Գուրգեն Այվազյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով զինծառայողը հետմահու երեկ պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Գուրգեն Այվազյանը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ էր: Համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Գուրգենի ծնողներն արտերկրում են: Սպասում են նրանց վերադարձին: Շատ խելոք, համեստ տղա էր: Մեծ ողբերգություն է տեղի ունեցել: Նրա հետ նույն զորամասում մեր գյուղից եւս երկու հոգի է ծառայում: Նրանք հաստատում են, որ Գուրգենին հակառակորդի դիպուկահարն է սպանել»: 2017-ի հունվարի 18-ին Գուրգեն Այվազյանը տանը կլիներ:

 

 

 

ԱՇԽԱՏՈՒՄ Է ԻՐԵՆ ՉԽՆԱՅԵԼՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, որ այս գերատեսչության հնաբնակներից է, միաժամանակ աշխատում է նաեւ մի քանի այլ վայրերում: «Ժողովուրդ»-ը փոխնախարարից փորձեց պարզել, թե ինքը ինչպես է հասցնում կատարել փոխնախարարի իր աշխատանքային պարտականությունները: Հարցին ի պատասխան՝ Մկրտչյանն ասաց. «Ես հիմա կոնֆերանսի եմ, Ջերմուկում եմ: Ես տարբեր վայրերում չեմ աշխատում: Միայն աշխատում եմ որպես փոխնախարար, կարող եք գալ եւ ստուգել. առավոտից երեկո ես որպես փոխնախարար եմ: Նաեւ զբաղվում եմ գիտությամբ»: «Ժողովուրդ»-ը Մանուկ Մկրտչյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ վերջինս անցած տարվա ընթացքում երեք վայրից աշխատավարձ է ստացել՝ ընդհանուր մոտ 9 մլն դրամ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ Մկրտչյանի՝ ԿԳՆ-ում երկարակեցության «արժանիքներից» մեկն էլ Սերժ Սարգսյանի մանկության ընկերը լինելն է: Սակայն այդ լուրերի առնչությամբ նրա պատասխանն այսպիսինն էր. «Չէ, այնքան հաճելի բան ասացիք, բայց ես եւ նա տարբեր տեղերից ենք»:

 

 

 

ԱՆՎԵՐՋ  ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Շիրակի մարզում անցկացված ՏԻՄ ընտրություններին, որտեղ ՀՅԴ-ն ձախողվել էր, ակնարկել էր, որ իրենց կուսակից մարզպետը, հնարավոր է, պաշտոնանկ արվի: Երեկ «Ժողովուրդ» ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից փորձեց պարզել՝ ի վերջո, ինչ են որոշել` Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը պաշտոնանկ կարվի, թե կշարունակի պաշտոնավարել: Սակայն նա հավաստիացրեց, թե դեռ քննարկում են: Իրականում, մարզպետը հրաժարվել է դիմում գրել, բացի այդ, ՀՅԴ-ում չգիտեն՝ խնդիրն ինչպես լուծել, քանի որ չունեն մարզպետի ցանկալի թեկնածու:

 

 
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ Է
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` առաջիկայում ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի շարքերում հայտնվելու մասին հարցին՝ երեկ Եռաբլուր այցելած գեներալ Մանվել Գրիգորյանն ասել է. «Օհանյան Սեյրանը ոտի բութ մատից մինչեւ մազերի ծերը զինվորական է: Սահմանի վրա իր արյունը, իր միսը տվել է մեր ազգին, մեր պետությանը: Օհանյան Սեյրանը եթե ուզենար քաղաքականությամբ զբաղվել, 14-15 տարի դե յուրե իրավունք ուներ, որովհետեւ քաղաքական պաշտոն է զբաղեցրել: Դաժե նախարար էր, ֆորմեն հագից չէր հանում, սաղ օրը գնում էր առաջին գիծ»:

 

 

 

3 ՄԻԼԻԱՐԴՈՎ ԱՎԵԼ
ՀՀ կառավարությունը ԼՂՀ-ին կտրամադրի 3 մլրդ 300 մլն դրամի միջպետական վարկ: Այդ մասին որոշումը գործադիրի նիստին երեկ ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Որոշումը պայմանավորված է ԼՂՀ¬ին ՀՀ պետբյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարի ավելացման անհրաժեշտությամբ: Այդպիսով՝ ՀՀ 2016թ. պետբյուջեի «Միջպետական վարկ ԼՂՀ¬ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումներն ավելացվում են 3 մլրդ 303 մլն դրամով»,¬ նշել է նախարարը:

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
«Համագործակցության մասին խոսելը դեռեւս վաղ է, սակայն եթե մեր գործընկերների կողմից հրավեր կլինի, մենք կհանդիպենք»,- անդրադառնալով ՀԱԿ-ի եւ «Համախմբումի» հետ համագործակցելուն, ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ չի բացառվում նաեւ միայնակ պայքարի տարբերակը. «Այն, որ «Ժառանգությունը» միայնակ խորհրդարանական արգելքը կարող է հաղթահարել, դա ինձ համար կասկածից վեր է, բայց քանի որ ընդդիմության միասնական ջանքերով արմատական փոփոխությունների մասին են խոսում, դրա համար մենք պատրաստ ենք մեր գործընկերներին լսելու, հարկ եղած դեպքում նոր առաջարկներ անելու»,- ներկայացրել է ընդդիմադիր գործիչը:

 

 

 

ԲԱՅՑ ԱՐԴԵՆ ՈՒՇ Է…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մեդալներով եւ շքանշաններով մշակույթի մի շարք գործիչների է պարգեւատրել: Նրանց թվում են՝ սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան, «Լերման» ընկերության նախագահ, ԱՄՆ-ի քաղաքացի Սյուզան Էլիզաբեթ Լերմանը, Չինական պետական Մեծ թատորնի տնօրեն Չեն Պինը, ինչպես նաեւ Ղրղզստանում «Ռուսական ժառանգություն» հիմնադրամի ղեկավար Սերգեյ Պերեմիշլինը եւ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը:




Լրահոս