ՉԵԽ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՆԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ապրիլին Հայաստանում բացվել է հայ-չեխական առեւտրաարդյունաբերական պալատի հայաստանյան մասնաճյուղը: Այն տեղակայված է «Արտ գլաս» չեխական ջահերի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունում: Այս ընթացքում հայ-չեխական առեւտրարդյունաբերական պալատի` Հայաստանի եւ Չեխիայի ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում չեխ գործարարներին Հայաստանում ներդրում անելու հարցում շահագրգռելու ուղղությամբ: «Ժողովուրդ»-ը զրուցել է հայ-չեխական առեւտրաարդյունաբերական պալատի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Հովհաննես Գեւորգյանի հետ:

-Պարո՛ն Գեւորգյան, հայ-չեխական առեւտրաարդյունաբերական պալատը Հայաստանում ի՞նչ գործունեություն է ծավալում: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում՝ չեխ գործարարաներին Հայաստանում ներդրում անելու հարցում շահագրգռելու գամար:
-Պալատի հիմնական նպատակը հայ եւ չեխ գործարարներին աջակցելն է՝ թե՛ այստեղ, թե՛ Չեխիայում: Նաեւ գործարար կապերի ստեղծումն ու ամրապնդումն է: Բացի այս, արդեն աշխատող ընկերությունները, եթե ինչ-որ խնդիրներ են ունենում, մենք փորձում ենք իրենց աջակցել, դրանք լուծել: Նպատակներ, ծրագրեր շատ կան, որոնք հույս ունենք, որ առաջիկայում կիրականացվեն:
-Ավելի քան 6 ամիս է, ինչ հայ-չեխական առեւտրաարդյունաբերական պալատը գործում է: Այս ամսիների ընթացքում գործարարները դիմե՞լ են Ձեզ:
-Իհարկե, մեզ դիմում են ե՛ւ հայաստանցի, ե՛ւ չեխ գործարարներ: Բացի այս, մենք մասնակցել ենք նաեւ գործարարների համար նախատեսված ցուցահանդեսների: Ավելին՝ «Armenian Exspo»-ի շրջանակներում հայ-չեխական առեւտրաարդյունաբերական պալատի կողմից ներկայացվել են 10-ից ավելի չեխական ընկերություններ: Դրանք նոր ընկերություններ են, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու հարցով: Նաեւ մտադրություն ունեն իրենց արտադրանքը այստեղ՝ Հայաստանում վաճառել: Արդեն տասից ավել ընկերությունների հետ Հայաստանում ներդրում անելու հարցով բանակցությունները ընթացքի մեջ են:
-Պարո՛ն Գեւորգյան, չեխ գործարարները Հայաստանում կոնկրետ ո՞ր ոլորտներում են հետաքրքրված ներդրում անել:
-Մեծ հետաքրքրություն կա Հայաստանում հիմնել չեխական գարեջրի, քաղցրավենիքի արտադրություն: Չէ որ չեխական գարեջուրը բոլորին է հայտնի: Բացի այդ, հետաքրքրված են նաեւ զբոսաշրջության ոլորտով: Ինչպես նաեւ մեքենաշինության ոլորտով են հետաքրքրված, նաեւ ռազմական տեխնիկայի արտադրությամբ:
-Իսկ մեր հայրենակիցները Չեխիայում արտադրություն հիմնելու, գործարարությամբ զբաղվելու մտադրություններ ունե՞ն, թե՞ ոչ:
-Իհարկե, հետաքրքրված են: Չեխիայում գյուղատնտեսությունը զարգացած է, այս պատճառով մեր հայրենակիցներից շատերը հետաքրքրված են այնտեղից ազոտական պարատանյութ ներկրելու հարցով: Ի դեպ, մի մասն էլ հետաքրքրված է չեխական խոշոր եղջերավոր անասուններով, քանի որ դրանց կաթնատվությունը բարձր է: Ամեն դեպքում, մեր նպատակն է հայկական կողմին կապել չեխականի հետ, մենք միայն կապող օղակ ենք հանդիսանում:
-Ձեր նշած տասից ավելի չեխական ընկերություններից քանի՞սն են այցելել Հայաստան:
-Իրենց գնալ-գալու հետ կապված հարցերը կազմակերպվում են հայ-չեխական առեւտրաարդյունաբերական պալատի Չեխիայի մասնաճյուղի կողմից: Իհարկե, առաջիկայում, նրանք կգան, քանի որ շատ են հետաքրքրված:
-Իսկ Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը՝ ապրիլյան պատերազմը, «Սասնա ծռերի»-ի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը, ի՞նչպես են ազդել չեխ գործարարների ծրագրերի վրա:
-Կարծում եմ՝ ապրիլյան պատերազմը բոլորիս վրա էլ վատ ազդեցություն թողեց: Բայց հետո՝ ամեն ինչ աստիճանաբար ընկնում է իր բնականոն հունի մեջ: Իրենք այդքան էլ մտահոգված չեն այս պայմաններում Հայաստանում ներդրում անելու հարցով, քանի որ վստահ են ու տեսել են, թե ինչպես է նման դեպքերից հետո Հայաստանում ամեն բան շատ արագ վերականգնվում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
225 ՄԻԼԻՈՆՈՎ ՊԱԿԱՍ
Լոռու մարզը ընթացիկ տարվա 10 ամսվա կատարողականով սեփական եկամուտների հավաքագրման նախատեսված ցուցանիշից ետ է շուրջ 225 մլն դրամով: Այս մասին հայտարարել է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Ներկայացնելով հարկերի հավաքագրման ցուցանիշները՝ Պապոյանը մասնավորապես նշել է, որ հողի հարկի գծով՝ 77 մլն եւ գույքահարկի գծով՝ շուրջ 53 մլն դրամով սահմանված ցուցանիշները թերակատարվել են: Վարչության պետը տեղեկացրել է, որ հոկտեմբեր ամսվա կատարողականի առումով հոկտեմբերի 21-ի դրությամբ ընդհանրապես մուտքեր չի ապահովել մարզի 3 եւ միայն հողի հարկի գծով՝ 25 համայնք: Մարզպետը փոխմարզպետներին եւ համապատասխան վարչություններին հանձնարարել է լինել համայնքներում եւ օպերատիվ կերպով կանոնակարգել հավաքագրման գործընթացը:
«Ժողովուրդ»-ը փորձեց նշված 3 համայնքների ղեկավարներից պարզել, թե ինչով է պայմանավորված պլանից ետ մնալն, ու ինչու 21 օրում որեւէ մուտք չի արվել: Ծաղկաբերի գյուղապետ Արծրուն Սանթրոսյանը հայտնեց, որ գումարը փոքր է, այդ պատճառով անմիջապես մուտք չի արել: նա հավաստիացրեց, որ մինչեւ ամսվա վերջ ամբողջությամբ պլանը կկատարվի՝ նշելով, որ հավաքագրումները հիմնականում իրականացվում են նպաստի եւ թոշակի օրերին: Պաղաղբյուրի գյուղապետ Արուսյակ Դումիկյանն էլ նշեց, որ հողի հարկի մուտք չեն արել, քանի որ սեփականատերերը հողը չեն մշակում. արտերկրում են՝ արտագնա աշխատանքի մեջ. «Մարդիկ էստեղ չեն, իրենց հողը չեն մշակում, որ հարկ տան, միայն տնամերձերն են, դրանք էլ ամսվա վերջ բոլորը կմուծենք, հաստատ զրո ցուցանիշ չենք տա, ոչ մի անգամ էլ զրո չենք եղել»,-ասաց նա:
Գյուլագարակի գյուղապետ Ալեքսանդր Գրիգորյանն էլ նշեց, թե իրենք գրեթե միշտ հավաքագրումների առումով մարզում զբաղեցնում են առաջին տեղը, իսկ 21 օրվա մեջ մուտք չի եղել, քանի որ հարկահավաքը մեկնել էր Ռուսաստան՝ անձնական գործերով: Գյուղապետը վստահեցրեց՝ առաջիկա երկու օրերին հարկերը մուտք կարվեն:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր

 

 

 
«ԵՐԵՎԱՆ» ՏՈՆԱՎԱՃԱՌ-Ը ԲԱՑ Է
Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել «Երեւան» տոնավաճառ առեւտրի կենտրոնի բացմանը: Կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է «ՍԻԼ Կոնցեռն» ընկերությունը: Շրջայցի ընթացքում հիշյալ ընկերության պատասխանատուները ներկայացրել են առաջին փուլի շրջանակներում իրականացված աշխատանքները, կատարված ներդրումները, բացված նոր աշխատատեղերը, ինչպես նաեւ զարգացման առաջիկա ծրագրերը, մասնավորապես՝ երկրորդ փուլում նախատեսվող աշխատանքները:
Նշվել է, որ 2016թ. հունվարից մինչեւ հոկտեմբեր տոնավաճառի շինարարության աշխատանքներում մշտապես ներգրավված են եղել ավելի քան 250 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմել է 200.000 ՀՀ դրամ: Տոնավաճառի առաջին փուլով շահագործման հանձնված հատվածում կբացվի 550 աշխատատեղ՝ ամսական միջինը 150.000 ՀՀ դրամ աշխատավարձով:




Լրահոս