«Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանի հետ, ով հեռուստադիտողներին հայտնի է «Հանուն սիրո», «Քաղցր կյանք», «Հրեշտակների դպրոց», «Կյանքի կարուսել» եւ այլ սերիալներից: Նշենք նաեւ, որ Նարեկը 2015-ին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն երիտասարդ դերասան»:
-Նարե՛կ, որքանով տեղյակ ենք` Մայր թատրոնը տեխնիկական վերազինումից հետո առաջինը կներկայանա «Պեպոյով», որտեղ Դուք եւս ընդգրկած կլինեք: Մի փոքր պատմե՛ք այդ մասին: Դերասանները պետք է որ երկար սպասած լինեն փորձերին` արդեն նոր բեմում:
-Այո՛, իսկապես շատ ենք սպասել այս պահին, ասեմ, որ նոր բեմը շատ հավանել ենք: Բարեկարգումները նկատելի կլինեն ոչ միայն թատրոնի անձնակազմի, այլեւ հանդիսատեսի համար: Իսկ «Պեպո» ներկայացումը, որը կմատուցենք նոր մոտեցմամբ, հանդիսատեսի դատին կհանձնենք նոյեմբերի վերջին: Ես խաղալու եմ Սամսոնի դերը, ով ե՛ւ ծառա է, ե՛ւ սիրեկան:
-Իսկ նոր հեռուստանախագծերում Ձեզ կտեսնե՞նք: Առհասարակ, թատրոնում աշխատելուց բացի` ինչո՞վ եք զբաղված:
-Այո՛, հեռուստադիտողները շուտով կտեսնեն ինձ նոր սերիալում: Թեեւ նկարահանումները դեռ չեն սկսվել, բայց համապատասխան առաջարկն արդեն ստացել եմ: Մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող: Ասեմ նաեւ, որ «Հայացք» ստուդիայում դասավանդում եմ դերասանի վարպետություն:
-Ի՞նչ եք կարծում` Մայր թատրոնի երիտասարդ դերասանն այսօր ամենաշատը ինչի կարիք ունի:
-Երեւի թե գումարի: Եթե նա մի քիչ շատ վաստակի, ոչ միայն նորմալ կապրի, այլեւ կկենտրոնանա իր հիմնական աշխատանքի վրա, կողմնակի գործերի մասին չի մտածի: Կուզենամ նաեւ, որ երիտասարդները որքան հնարավոր է՝ շատ դերեր խաղան, որ դադար չլինի, որ նրանք չսպասեն, թե իրենց երբ են դեր տալու:
-Վերջերս Ձեր թատրոնը «Ջոն արքա» ներկայացմամբ, որտեղ ընդգրկված էիք նաեւ Դուք, մեծ հաջողություն գրանցեց Թբիլիսիում կայացած «New» միջազգային թատերական փառատոնում: Առհասարակ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հաճախակի՞ է մասնակցում փառատոնների: Դուք որքանո՞վ եք կարեւորում դրանց դերը:
-Այո, եթե հիշում եք, օրինակ` ռեժիսոր Դավիթ Հարությունյանի բեմադրած «Դեպք մետրոյում» ներկայացումը մասնակցել է մի քանի փառատոների եւ հաջողություններ գրանցել: Կարծում եմ` նմանատիպ միջոցառումները նոր ծանոթությունների եւ փորձի փոխանակման հարմար հարթակ են:
-Այսօր Մայր թատրոնը ոչ միայն երիտասրադ կադրերին, այլեւ երիտասարդ հանդիսատեսին գրավելու խնդիր ունի: Ինչպե՞ս եք տեսնում դրա լուծումը:
-Ես կուզեմ, որ հայ թատրոնում երիտասարդ կադրերին, այդ թվում` դրամատուրգներին, ռեժիսորներին, օգնեն, տանեն առաջ, թույլ տան, որ նրանք դրսեւորվելու արենա ունենան: Երիտասարդներին պետք է գայթակղել, այլապես նրանք կհիասթափվեն ու կհեռանան: Իսկ դա հնարավոր է միայն, ինչպես վերը նշեցի, շատ դերեր եւ լավ աշխատավարձ տալով: Բացի այդ` պետք է սատար կանգնել այնպիսի երիտասարդներին, որոնք իրենց պոտենցիալը ցուցադրելու հետ կապված խնդիր ունեն, բայց, միեւնույն ժամանակ, շատ տաղանդավոր են: Ինչպես ասում են` անտաղանդներն այնքան ճարպիկ են, որ իրենք կհարթեն իրենց ճանապարհը, շնորհքով մարկանց է պետք օգնել:
-Նարե՛կ, Ձեզնից հետո եկող դերասանական սերնդի ներկայացուցիչների մասին ի՞նչ կարծիք ունեք:
-Նրանք ավելի համարձակ են, քան մենք` իրենց տարիքում: Դա մի սերունդ է, որն ամեն կերպ առաջ է գնում եւ հասնում իր ուզածին: Մենք իրենց տարիքում վախեցած ենք եղել, տարիներ են պահանջվել, որպեսզի համարձակություն ձեռք բերենք: Իսկ այդ համարձակությունը երկու տեղ կարող է տանել` կա՛մ դեպի ճշմարիտ արվեստը, կա՛մ մեծամտության անդունդը:
-Եվ վերջում` Ձեր սեփական փորձից ելնելով` (Նարեկն ամուսնացած է դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի հետ) ի՞նչ խորհուրդ կտաք այն դերասանին, որը պատրաստվում է կյանքը կապել դերասանուհու հետ:
-Եթե կա սեր, ողջունում եմ այդ քայլը: Հատկապես եթե երկուսն էլ վառ անհատականություններ են, նրանց դեմն առնել չի լինի (ծիծաղում է):
«ԻՆՁ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻ»
«Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվում է նոր երաժշտական մրցույթ, որը կոչվում է «Դեպի Եվրատեսիլ»: Այն բաղկացած է 4 փուլից եւ կտեւի շուրջ 3 ամիս: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրում եւ ողջ ընթացքում ուղղորդում են «Եվրատեսիլ»-ի` նախորդ տարիների հայաստանյան ներկայացուցիչները: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3, Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան եւ Եսայի Ալթունյան: Հաղթողը որոշվելու է ժյուրիի գնահատականներով եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում:
Ինչպես հայտնի է՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակիցների թվում կան նաեւ հանրության կողմից ճանաչված երգիչ-երգչուհիներ: «Ժողովուրդ»-ը զրուցել է նրանցից մեկի` Լուսիի հետ (Լուսինե Աղաբեկյան): Հարցին, թե ինչով է «Եվրատեսիլ»-ին մասնակցելու տեսլականը գրավում Լուսիին, վերջինս պատասխանեց. «Կցանկանամ վերապրել եւ կրկնապատկել այն զգացողությունները, որոնք ունեցել եմ միջազգային մրցույթների մասնակցելու ժամանակ (2007-ին Ուկրաինայում կայացած «Ծովի երգ» միջազգային մրցույթում Լուսին գրավել է երկրորդ տեղը: 2008-ին էլ մասնակցել է Մոլդովայում կայացած «Ոսկե ձայն» միջազգային մրցույթին եւ զբաղեցրել առաջին տեղը-հեղ.): Բացի այդ` «Եվրատեսիլ»-ը երգչի համար կարող է մի շարք նոր դռներ բացել, հատկապես այն արտիստի համար, որը ձգտում է ճանաչվել միջազգային լսարանի կողմից: Առհասարակ, ես ինձ համարում եմ մրցութային երգչուհի եւ կարծում եմ, որ ամեն բան լավ կլինի»:
Անդրադառնալով Արամ MP3-ի թիմում հայտնվելու հանգամանքին՝ Լուսին ուրախությամբ նշեց, որ իրենք միասին լավ են լեզու գտնում. «Արամը լավ արտիստ է, մենք երաժշտական առումով իրար նման ենք մտածում, քանի որ ունենք միեւնույն նպատակները»:
Գրեթե ամեն տարի, երբ մենք որեւէ մասնակից ենք ուղարկում «Եվրատեսիլ»-ին, հանրության շրջանում միշտ գտնվում են մարդիկ, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտում այդ առթիվ` նշելով, որ իրենք ընտրության հնարավորություն չեն ունեցել: Մենք հարցրինք Լուսիի կարծիքը` արդյոք «Դեպի Եվրատեսիլ»-ը կկանխի դժգոհության այդ ալիքը. «Կարծում եմ` այո, քանի որ հանդիսատեսի ձայնն այս պարագայում եւս շատ կարեւոր է: Նրանք քվեարկելու հնարավորություն կունենան եւ որեւէ մեկի հաղթանակի դեպքում էլ չեն ասի. «Դե, այդպես էլ պետք է լիներ…»»,-ասաց երգչուհին:
Նա նաեւ հավելեց, որ ամուսինը` ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, ամեն կերպ աջակցում է իրեն. «Նա ամեն վայրկյան կողքիս է` սկսած երգերի ընտրությունից, մինչեւ ռեժիսորական լուծումներ»,-եզրափակեց Լուսին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
77 տարեկանում կյանքից հեռացել է գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը: Նա 1962թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1982-1987 թթ. եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989թթ. ՀԳՄ քարտուղար, 1989թ-ից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր, արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման (2014)։ Ռ. Հովսեփյանի պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ: Թարգմանել է Լեւ Տոլստոյի ստեղծագործություններից, ինչպես նաեւ՝ Գ.Գ. Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»:
ԿՊԱՅՔԱՐԻ «ՕՍԿԱՐ»-Ի ՀԱՄԱՐ
Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի սեղմ ցուցակում` «շորթլիսթում»: «Արմենպրեսի» փոխանցմամբ` այն 9 այլ կարճամետրաժ ֆիլմերի հետ կպայքարի «Օսկար»-ի համար:
Ֆիլմը պատմում է Թուրքիայի քաղաքացի մի կնոջ մասին, որը 2015-ին պարզում է, որ իր մեծ մայրը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է: Նա որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Կնոջ ներսում մշտապես պայքարում են Ցեղասպանություն վերապրածն ու Ցեղասպանություն ժխտողը: Նշենք, որ Երեւանում ծնված ռեժիսոր Նարե Մկրտչյանը Լոս Անջելես է տեղափոխվել 15 տարի առաջ: Սովորելով համաշխարհային կինոյի ներկայացուցչական դպրոցներից մեկում՝ USC School of Cinematic Arts հանրահայտ կինոդարբնոցում` Նարե Մկրտչյանն այս տարիների ընթացքում նկարահանել է ավելի քան 60 կարճամետրաժ ֆիլմ: Հավելենք նաեւ, որ «Օսկար»-ի 89-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա 2017 թվականի փետրվարի 26-ին:
ՊԱՏՄԱԿԱՆ ՇԵՆՔԸ ՊԱՅԹԵՑՎԵՑ
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00 մերձակայքում, քանդվել է Վարդանանց-Հանրապետության խաչմերուկում գտնվող նախկին 1-ին տպարանի շենքի Բ մասնաշենքը: Շինությունը քանդվել է պայթեցման եղանակով, ինչը քաղաքի կենտրոնում խոշոր փոշու ամպի պատճառ է դարձել:
Նշենք, որ շենքը կառուցվել էր 1920-30-ական թվականներին: Ըստ որոշ տեղեկությունների` այդ տպարանում ժամանակին աշխատել է աշխարհահռչակ հայ նկարիչ Արշիլ Գորկին: Երեւանյան կոլորիտի մաս կազմող շենքի պայթեցման շուրջ սոցցանցերում դժգոհության ալիք է բարձրացել: ««Սարայներն» արդեն ոչ թե քանդում են, այլ միանգամից փոշիացնում», «Միայն այն բանի համար, որ այդ շենքում Արշիլ Գորկին է աշխատել, Պրահայում կառույցը կվերածեին թանգարանի եւ կգրավեին զբոսաշրջիկների…Իսկ մերոնք միայն քանդում են…»,-գրել են օգտատերերը: