Ընթացիկ տարվա վերջին ջրագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկսվել եւ արագ տեմպերով առաջ է ընթանում 2016թ. վերջին շինարարական ծրագիրը Երեւան Ջրի համակարգում: Ճիշտ է, մինչեւ տարեվերջ դեռ ժամանակ կա, կարելի է նոր նախագծերի ձեռնամուխ լինել: Այնուամենայնիվ, շինարարությունը համակարգում մոտենում է ավարտին: Ընթացիք տարին սովորականից «կարճ» է: 2017թ.-ից Հայաստանի բոլոր ջրմուղ ընկերությունները միավորվում են ու կառավարվելու են նոր Օպերատորի կողմից (հայտարարված միջազգային մրցույթում նորից հաղթել է Երեւան Ջրի հիմնադիր ֆրանսիական Veolia Group-ը): Հետեւաբար, անհրաժեշտ է մինչեւ տարեւերջ արածն ամփոփել ու ընկերության ողջ գույքը նոր կազմակերպությանը հանձնել:

Նշված ծրագրով նախատեսվում է Գյուլբենկյան փողոցի թիվ 2/1 շենքի հարակից բակային պոմպակայանից դեպի նույն փողոցի 1, 2, ինչպես նաեւ Սոսեյի փողոցի 2, 4, 6 շենքերը ձգվող հին, մետաղյա ջրագծի փոխարեն կառուցել նորը՝ պոլիէթիլենից: Երկարությունը կազմում է մոտ 160 գծամետր, տրամագիծը՝ 63-ից 160 մմ: Կկառուցվի նաեւ 3 բաժանարար դիտահոր փականային հանգույցով, ինչպես եւ 4 ջրաչափական հոր՝ բաժանորդների համար: Կփոխարինվեն նաեւ այդ 5 շենքերի մուտքագծերի խողովակները: Շինարարության արժեքը 11,5 մլն դրամ է:

unnamed-6

Ջրագծի կառուցումը պայմանավորված է գործող խողովակաշարի վթարային վիճակով, տեղում առկա է ջրի արտահոսք, վերանորոգել էլ այն հնարավոր չէ, քանի որ վրան կառուցված են ավտոտնակներ ու այլ շինություններ: Իսկ աշխատանքների ավարտը խոստանում է տարածքի բաշխիչ ցանցի հուսալի շահագործում, կայուն ջրամատակարարում ու վայրկյանում առնվազն 1,8 լիտր ջրի տնտեսում:
Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում կապալառուն՝ «Շինմաստեր» ՍՊԸ-ն, խոստանում է աշխատանքներն ավարտել մինչեւ նոյեմբերի վերջը՝ իր հետեւից թողնելով բարեկարգված, ասֆալտապատ տարածք, ինչը, հուսով ենք, կստիպի բաժանորդներին մոռացության տալ շինարարությամբ պայմանավորված անխուսափելի ժամանակավոր անհարմարությունները:

Երեւան Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս