«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ ԱՄՆ Գերագույն հոգեւոր ժողովի մեկնած Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիսավորությամբ նշում է իր գահակալության 17-րդ տարեդարձը, հետաքրքիր մանրամասներ են պարզվում 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած կաթողիկոսական ընտրությունների հետ կապված: Բանն այն է, որ իշխանությունը կաթողիկոսի աթոռին ցանկանում էր տեսնել Գարեգին Բ-ին, իսկ հոգեւոր դասը՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին. լուրջ «ճակատամարտ» էր ընթանում իշխանության եւ հոգեւորականների միջեւ:
Կոպրոմատներ էին օդ նետվում հոգեւոր դասի, Պոզապալյանի մասին։ Իրենց հերթին հոգեւորականներն էլ հանդես էին գալիս պետության կողմից եկեղեցու խնդիրներին միջամտության մեղադրանքով: Հոկտեմբերի 27-ից մեկ օր առաջ ՀՀ վարչապետին կից գործող կրոնի վարչությունն առաջարկ է անում նախագահ Քոչարյանին, որ նա եւս մասնակցի կաթողիկոսի ընտրության արարողությանը եւ իր ուղերձն անձամբ հղի պատվիրակներին: Վերջինս ասում է` չէ՜, վարչապետին` Վազգենին ասեք գնա։ Վազգենը եւս չի համաձայնում` պատճառաբանելով, որ այդ օրը կառավարության հետ հարցուպատասխանի օր է, չի կարող։ Խորհուրդ է տալիս ԱԺ նախագահ Կարեն Սերոբիչին հրավիրել:
Կարեն Դեմիրճյանն էլ իրեն հատուկ հումորով ասում է. «Էդ եկել՝ սատանի մայլեն քյանդրբա՞զ եք անում, ես գնամ-ընկնեմ սրբազան հայրերի դռբի տա՞կ»: Եվ ոչ մեկը չի գնում: Նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ուղերձները Մայր տաճարում, ընտրություններից րոպեներ առաջ, կարդում է կրոնի վարչության պետ Լեւոն Մկրտչյանը: «Եթե Վազգենը կամ Դեմիրճյանը գնային Էջմիածին, կենդանի կմնային»,- արձանագրեց մեր աղբյուրը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: