«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության դիմումի համաձայն
գազի սակագինը կնվազի` 147 դրամից դառնալով 139 դրամ` հասնելով 2013թ. 132 դրամ մակարդակին:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ, ով նշեց, որ այս քայլը դրական լինելով հանդերձ ունի քաղաքական ենթատեքստ. «Փոփոխությունն իհարկե դրական է, քանի որ դա վերաբերվում է բոլոր սպառողներին, մասնավորապես հաշվի անելով այն, որ սպառողների մեծ մասը ջեռուցումն իրականացնում է գազի միջոցով՝ բնակչության ծախսերը կնվազեն, այդ տեսանկյունից իհարկե ողջունելի է»:
Տնտեսագետի խոսքով` փոփոխությունը մեծ չէ, սակայն եթե հաշվի առնենք աղքատության ցուցանիշն ու ժողովրդի սոցիալտնտեսական վիճակը, ապա բավականին լուրջ ազդեցություն կունենա. «Պետք է հաշվի առնենք, որ սոցիալական նպաստ ստացողների համար կնվազի 50 տոկոսով, և սոցիալական մյուս խմբերի համար ևս տարբեր տոկոսներով կնվազի, մասնավորոպես՝ ջերմոցային և վերամշակող ընկերությունների համար, սա ևս լուրջ քայլ է»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու հենց հիմա որոշվեց իջեցնել գազի սակագինը, եթե հնարավոր էր, ապա ինչո՞ւ ավելի վաղ չէր արվում, տնտեսագետն ասաց, որ սա նաև քաղաքական ենթատեքստ ունի. «Նախկինում ևս հնարավոր կլիներ, այստեղ պետության կողմից որևէ սուբսիդավորում չկա, ընկերությունն է գազն ավելի ցածր գնով վաճառում: Կառավարության կողմից սա կոնկրետ քայլ էր բնակչության մոտ որոշակի քաղաքական դիվիդենտներ քաղել, այսինքն հիմնականում փորձ է արվել բնակչության լայն հատվածին վերաբերող փոփոխություն անել հաշվի առնելով, որ թոշակների, աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում:
Գազի ու երևի նաև էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի նվազեցումը հնարավոր է որոշ դրական արձագանք ստանա հասարակության մոտ ու նաև Կառավարության գործունեության վերաբերյալ դրական սպասումներ ձևավորվեն, որն այս Կառավարությանն առաջիկա ընտրություններից առաջ շատ անհրաժեշտ է»:
Լիլիթ Շաբոյան