Ավարտվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու գործով նախաքննությունը. 9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի մասին:
Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ մի շարք քաղաքացիներ, գիտակցելով, որ իրենց անվամբ որևէ գույք հաշվառված չէ և չունեն մշտական եկամուտներ ու պարտադիր վճարման ենթակա գումարները իրենցից չեն կարող բռնագանձվել, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից, իսկ որոշ դեպքերում նաև աշխատանքային առավելություններ ձեռք բերելու անձնական դրդումներից ելնելով, գույքի տիրապետողին խաբեությամբ խոշոր և առանձնապես չափի գույքային վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության են եկել թանկարժեք ավտոմեքենաների, ինչպես նաև տաքսի ծառայության սեփականատերերի հետ՝ որոշակի ժամանակահատվածի համար նրանց կողմից թույլ տրվելիք ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված վճարման ենթակա տուգանքները վերագրել իրենց և այդ կերպ՝ հնարավորություն տալ իրականում այդ խախտումները կատարած անձանց խուսափել վարչական տուգանքները վճարելու պարտականությունից:

Այդ նպատակով անվճարունակ անձինք ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խաբեությամբ ներկայացրել են իրենց և ավտոմեքենաների սեփականատերերի անուններով լրացված կեղծ տեղեկատվություն պարունակող դիմումներ այն մասին, թե, իբր, թանկարժեք ավտոմեքենաները կամ տաքսի ծառայության բոլոր մեքենաները այսուհետ վարելու են կամ արդեն իսկ վարել են իրենք և խնդրել են ճանապարհային երթևեկության կանոնների հետագայում հնարավոր կատարվելիք և արդեն իսկ կատարված խախտումների համար նախատեսված վարչական տույժերը նշանակել իրենց անուններով: Ներկայացված դիմումների հիմքով ՀՀ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել են համապատասխան փոփոխություններ և այդ ավտոմեքենաներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին թվով 1345 որոշումները կայացվել են անվճարունակ քաղաքացիների անվամբ և ուղարկվել նրանց հասցեներով: Որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել և արդեն իսկ նշված պատճառներով չէին կարող գանձվել, որի հետևանքով գույքի տիրապետող ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20 մլն 500 հազ ՀՀ դրամ գույքային վնաս: Պատճառված վնասից շուրջ 19 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնվել է:

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու համար 9 անձանց՝ Արտակ Մանուշակյանին, Մեխակ Թադևոսյանին, Սահակ Աբրահամյանին, Շահում Հայրապետյանին, Թևան Հայրապետյանին, Ստեփան Բաբախանյանին, Բախշիկ Սեդրակյանին, Հայկ Սուքիասյանին և Հարություն Ավետիսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: Մինչդատական վարույթում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ, այդ թվում՝ կալանավորում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ 9 մեղադրյալների վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Քրեական գործով շարունակվում են կատարվել քննչական և դատավարական գործողությունները: Նշենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործության կատարմանը մասնակցել են նաև այլ անձինք: Վերջիններիս մեղադրանքներ են առաջադրվել և քննությունից խուսափելու պատճառով նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը ու հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն




Լրահոս