Խորհրդային կուսակցական և պետական գործիչ Աղասի Խանջյանի ամառանոցը՝ կառուցված 1936 թվականին, այս պահին կանգնած է փլուզման եզրին:
Ամառանոցը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մ.Գորկու փողոցի 15 ա հասցեում՝ անտառապատ լեռան լանջին։ Այն պաշտոնապես պահպանվում է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից, սակայն տարեց տարի քանդվում է՝ չարժանանալով համապատասխան կառույցի ուշադրությանը։
Աղասի Խանջյանի ամառանոցը Դիլիջան այցելած զբոսաշրջիկների մեծ մասի համար նախքան փլուզումը հանդիսացել է պարտադիր այցելելու վայր: Նշենք, որ հուշահամալիրի տարածքում բազում երգիչ, երգչուհիներ տեսահոլովակներ են նկարահանել: Մասնավորապես՝ Սիրուշոն, ով իր «Շորորա» երգի տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանել է Աղասի Խանջյանի վերոհիշյալ ամառանոցում:
Ցավոք, հուշահամալիրն այսօր գրեթե ամբողջովին ավերված է. չկա նկարազարդ առաստաղը, պատերը, փայտյա ներքին հարդարանքը, նախշազարդ սանդուխքները, սյունազարդ պատշգամբները։ Կարելի է համարել, որ հուշարձանը այլևս գոյություն չունի, քանզի շինության տեղում մնացել են միայն փլատակներ և դեպի երկինք ցցված մի քանի քարե սյուներ։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, «Դա դեռևս 90-ական թվականներից սեփականաշնորհված է, կա սեփականտեր: Հիմա իրենք նոր ծրագիր են մշակում վերականգնելու համար այդ ամենը: Այն ամբողջությամբ չի փլվել, մասամբ է փլվել: Անկախ ամեն ինչից սեփականատեր կա, ով պարտավորվել է վերականգնել»: Իսկ թե, ո՞վ է սեփականատերը, Արմեն Սանթրոսյանն այդպես էլ չպատասխանեց` պատճառաբանելով, որ խորհրդակցության է մտնում, հարմար չէ և չի հիշում սեփականատիրոջ անունը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը պարզաբանում խնդրեց նաև ՀՀ Մշակույթի նախարարությունից:
«Ի պատասխան Ձեր 2016թ. հոկտեմբերի 27-ի գրության՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մ. Գորկու փողոցում գտնվող Աղասի Խանջյանի անվան հուշակոթողի վերաբերյալ հայտնում ենք, որ նման հուշարձան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում առկա չէ, իսկ եթե նկատի ունեք Ա. Խանջյանի ամառանոցը, ապա տեղեկացնում ենք, որ այնտեղ եղել է ցարական Ռուսաստանի բանակի մի գնդի գերեզմանատեղին: Տեղավայրն անձամբ ընտրել է Ա. Խանջյանը, և շենքի շինարարությունը տևել է 1928-1936 թթ.: Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը վերածվել է անասնագոմի: Հայաստանի կոմկուսի երկրորդ քարտուղար Պողոսովը կազմակերպել է շենքի վերանորոգումը, սակայն հնարավոր չի եղել ամբողջությամբ վերականգնել պատերի զարդանախշերը և միայն առաստաղի զարդանախշն է հնարավոր եղել փրկել ոչնչացումից:1980-ական թթ. վերջերից ամառանոցը հայտնվել է լքյալ վիճակում, որի հետևանքով 2013 թ. այն մասամբ փլուզվել է:
Միաժամանակ հայտնում ենք, որ ըստ ՊՄՀՊ գործակալության Տավուշի մարզի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Հրայր Խեչիկյանի՝ Դիլիջանի քաղաքապետարանից ստացած տեղեկատվության՝ վերոնշյալ հուշարձանը (որպես հանրապետական նշանակության հուշարձան) հանդիսանում է մասնավոր սեփականության (որի սեփականության իրավունքի վերաբերյալ տվյալը կարելի է ստանալ ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեից) և համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 7-րդ գլխի 36-րդ հոդվածի՝ սեփականտերը պարտավոր է ապահովել հուշարձանների պահպանությունը և անվթարությունը»,-նախարարությունից մեր հարցադրմանն այսպիսի պատասխան տվեցին:
Հուսանք՝ մեր մշակույթի ներկայացուցիչներն ու աշխատակիցներն ավելի պատասխանատվությամբ և սրտացավությամբ կվերաբերվեն մեր հուշակոթողներին: Եվ այս հուշահամալիրն էլ չի արժանանա Առաջին տպարանի շենքի ողբերգական ճակատագրին:
Լիդա Եղիազարյան