ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գործունեությանն առնչվող խնդիրներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի տնօրեն Աշոտ Վահանյանը, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների ղեկավարները:
«ՀՀ վարչապետի հանձնարարականով նախատեսվում է օպտիմալացնել Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնին և Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին տրամադրվող բյուջետային ծախսերը, և մեր այսօրվա խորհրդակցությունը կազմակերպվել է այս խնդրի քննարկման, կենտրոնների գործունեության բարելավման, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների ընդլայնման շուրջ ձեր առաջարկություններին ծանոթանալու նպատակով», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Իր խոսքում նախարարը կարևորել է մարզային կենտրոնների գործառույթների ընդլայնման, ինչպես նաև տեղեկատվական կոնսոլիդացված համակարգի ստեղծման խնդիրը:
Այնուհետև հանդիպման մասնակիցները հանդես են եկել կենտրոնների աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ տարբեր առաջարկներով` ընդգծելով, մասնավորապես, մարզային կենտրոնները երիտասարդ մասնագետներով համալրելու, ինչպես նաև աշխատակիցների վերապատրաստման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնների ընթացիկ աշխատանքների բնականոն գործունեությանը խոչընդոտող խնդիրներին ու դրանց լուծման հնարավոր ուղիներին:
Հանդիպման ընթացքում Իգնատի Առաքելյանը հանձնարարել է կենտրոնների ղեկավարներին կազմել և մեկշաբաթյա ժամկետում իրեն ներկայացնել առաջարկներ մարզային կենտրոնների զարգացման, խորհրդատվական մակարդակի բարձրացման և աստիճանաբար ինքնաֆինանսավորման անցման վերաբերյալ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին