Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեպան Գիորգի Դագանելիձեի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կլինեն շարունակական:

«Երևանի և Թբիլիսիի միջև ձևավորված է փոխշահավետ համագործակցություն և պետք է նշեմ պարոն դեսպան, որ, ի դեմս Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի, ունեմ ոչ միայն լավ գործընկեր, այլև լավ բարեկամ: Հաշվի առնելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ մենք պետք է էլ ավելի սերտացնենք ու խորացնենք երկու մայրաքաղաքների միջև առկա հարաբերություններն ու գործնական ընթացք տանք շատ ծրագրերի: Այս հարցում, անշուշտ, մեծ է ինչպես Ձեր դերը, պարոն դեսպան, այնպես էլ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դերը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեպան Գիորգի Դագանելիձեն իր հերթին ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Թբիլիսիի միջև ընդլայնվեն համագործակցության շրջանակներն ու ծրագրերը:

«Պարոն քաղաքապետ իսկապես ողջունելի է այն փաստը, որ Երևանի և Թբիլիսիի քաղաքապետերը ոչ միայն լավ գործընկերներ են, այլ նաև լավ բարեկամներ: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և վստահեցնում եմ Ձեզ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ համագործակցության ծրագրերի շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ: Հատկապես հաշվի առնելով, որ երկուստեք հարաբերությունների էլ ավելի ամրապնդման ու ընդլայնման հարցում կա Ձեր պատրաստակամությունը, ինչն անչափ կարևոր է»,- նշել է Գիորգի Դագանելիձեն:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեսպանին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ու մեկ անգամ ևս ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստակամ է աջակցելու ՀՀ–ում Վրաստանի դեսպանատանը։




Լրահոս