Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ձյան առատ տեղումների պայմաններում Դիլիջանի ոլորաններում՝ թունելից մոտ 700մ ներքև՝ Դիլիջան քաղաք տանող հատվածում, խափանված ծանրաքարշ մեքենաների պատճառով դժվարանցանելի է դարձել Դիլիջանի լեռնանցքը։
Խափանված մեքենաներից մեկը կարճ ժամանակահատվածում կարգի է բերվել և շարունակել ճանապարհը, որից հետո ճանապարհի երթևեկելի գոտին մասնակի բացվել է։
Ճանապարհաշինարարների, ԱԻՆ-ի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով աշխատում են ճանապարհը փակած երկրորդ մեքենան ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս բերելու ուղղությամբ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները տեղում աշխատանքներ են տանում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Դիլիջանի լեռնանցքում ձյան առատ տեղումները շարունակվում են։ Ձյան շերտն արդեն հասնում է մոտ 40 սմ -ի։
Ճանապարհահատվածը սպասարկող Դիլիջանի «Հաղարծին» ՓԲ ընկերության աշխատակիցները գործի են դրել ձյուն մաքրող ամբողջ տեխնիկան և աշխատում են արտակարգ ռեժիմով։
Այս պահին մարդատար մեքենաների երթևեկությունը վերականգնված է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ առայժմ դադարեցված է ծանրաքարշ մեքենաների շարժը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն