Վարչապետի կողմից հանձնարարական ունենք. Արարատի մարզպետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երեք օր է, ինչ Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի քննարկումները: Երեկ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ներկա էին ՀՀ մարզպետները, բացառությամբ Կոտայքի մարզպետի:

«Ժողովուրդ»-ը մարզպետներից հետաքրքրվեց, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից կոնկրետ որոնք են իրականացրել, եւ արդյոք վարչապետը գո”հ է նրանց աշխատանքից: Պարզվեց, որ մինչեւ դեկտեմբերի կեսը մարզպետները պետք է ներկայացնեն իրենց մարզերի զարգացման ռազմավարական ծրագրեր:

Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյան

-Պարոն Աբրահամյան, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից կոնկրետ ո՞րն եք կատարել:

-Հիմա, այս պահին պարոն վարչապետի կողմից ունենք հանձնարարական. համայնքների զարգացման եւ ընդհանուր մարզի զարգացման ծրագիրն ենք մշակում: Գիտեք, որ բոլոր համայնքները 2017 թվականի բյուջեների մասով պետք է իրենց ավագանիներով հավաքվեն եւ նորմալ զարգացման իրատեսական ծրագիր ներկայացնեն: Մենք հետագայում համայնքների արդյունքով ունենում ենք մարզային զարգացման ծրագիր, բոլորս աշխատում ենք այս ուղղությամբ մինչեւ դեկտեմբերի կեսը մենք պետք է այն ներկայացնենք:

-Կմանրամասնեք, թե ի՞նչ ռազմավարական ծրագիր եք մշակում:

-Տարբեր ոլորտների ենք անդրադարձել` կրթություն, գիտեք՝ գյուղատնտեսական տարածաշրջան է, քաղաքաշինության մասով եւ գերակա խնդիրներ ենք մենք վեր հանում, որ 2017 թվականի ընթացքում կարողանանք մարզի խնդիրներին լուծում տալ: Հիմնական շեշտը հիմա դրել ենք գյուղատնտեսական ոլորտի վրա, մյուս ոլորտներն էլ անմասն չեն մնա, մնացածը ծրագրում կներկայացնենք:

-Ըստ Ձեզ` վարչապետը գո՞հ է Ձեր աշխատանքից:

-Չեմ կարող ասել, երեւի, այդ հարցին պարոն վարչապետը կարող է պատասխանել:

Մանրամասները` տեսանյութում:

Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս