Երեկ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկամսյա կալանքի որոշում է կայացվել Օշական համայնքի բնակիչ 27-ամյա Ալբերտ Մելիքյանի նկատմամբ: Վերջինս, պարզվում է, քրեական աշխարհում հայտնի Գեւորգ Մելիքյանի` Օշականցի Գեւորիկի եղբոր որդին է:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց կողմից ծանր մարմնական վնասվածքներ պատճառելը: Ալբերտ Մելիքյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Իսկ ինչում է մեղադրվում Ալբերտ Մելիքյանը
Դեռեւս այս տարվա օգոստոսի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով Աշտարակի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 4 հոգի` Աշտարակի բնակիչներ 40-ամյա Վաչե Մովսիսյանը, 47-ամյա Գեւորգ Գարանյանը, 32-ամյա Ռաֆիկ Ջուլհակյանը եւ 37-ամյա Արման Միրզոյանը: Եվ ըստ պաշտոնապես չհաստատված լուրերի` կատարվածում մեղադրվում է քրեական հեղինակություն Օշականցի Գեւորիկի եղբորորդին` Ալբերտ Մելիքյանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` հանցագործությունը կատարելուց հետո Ա. Մելիքյանը դեպքի վայրից փախուստի է դիմել BMW X5 մակնիշի 39 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենայով: Իսկ դեպքի վայրում հայտնաբերվել է Toyota Land Cruiser մակնիշի 31 VN 333 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են արյան հետքեր: Հասկանալու համար` որտեղ է հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նրա հոր` Սաշա Մելիքյանի հետ: Վերջինս վստահեցրեց, որ որդու նկատմամբ զրպարտություն է իրականացվում:
-Պարո՛ն Մելիքյան, Ձեր որդին հետախուզման մեջ է: Ի՞նչն է պատճառը:
-Սաղ զրպարտանք ա: Ինքը առողջականով բան ունի, էսա կդզվի ու ինքը կասի` որը որից հետո ա:
-Առողջական ի՞նչ խնդիրներ ունի:
-Դե, հիմա… ես ի՞նչ… ինքը գիտի… Կգա, էդ ժամանակ ամեն ինչ պարզ կլնի: Սաղ սուտ ա…
-Որտե՞ղ է նա հիմա:
-Իրա վիճակը… Մի քիչ առողջականի հետ կապված խնդիրներ կան:
-Նա Հայաստանո՞ւմ է գտնվում:
-Հա՛:
-Կոնկրետ որտե՞ղ է գտնվում Ձեր որդին:
-Հայաստանում չի:
-Իսկ որտե՞ղ է:
-Էստեղ չի: Դրսում ա..
-Շահերի պաշտպան, փաստաբան ունի՞:
-Չէ՛.. ի՞նչ ենք անում փաստաբանը: Եթե ոչ մի բան չկա, փաստաբանն ի՞նչ ենք անում:
-Դանակահարության մասին է խոսվում… Դուք տեղյա՞կ եք Ձեր որդու մասնակցության մասին:
-Չէ հա, ի՞նչ դանակահարություն: Չկա նման բան… (խմբ. ծիծաղում է): Զրպարտանք ա սաղ: Երեւույթ ա, որը ուզում են իրանց համար օգտագործեն:
-Ովքե՞ր են ցանկանում օգտագործել:
-Ժամանակը ցույց կտա…
-Ձեր որդին թշնամիներ ունի՞:
-Չէ՛, չէ՛: Էդ սաղ սուտ բաներ են: Ես չգիտեմ: Ինքը կգա ստեղ, ու սաղ պարզ կլինի էլի` ումիցա գալիս, խի ա գալիս… Խի են զրպարտանք անում: Ամեն մեկն իրա արածի համար պատասխան ա տալու…
–Իսկ հնարավո՞ր է` Ձեր եղբայրը կապ ունենա տեղի ունեցածի հետ:
-Չէ՛, չէ՛, ո՞նց:
-Նա տեղյա՞կ է կատարվածի մասին:
-Չէ՛, պետք չի…
Իհարկե, տարակուսանքի տեղիք է տալիս, որ քրեական հեղինակությունը տեղյակ չէ եղբորորդու հետ կատարվածի մասին, այդուհանդերձ, հարկ ենք համարում հիշեցնել, որ սա առաջին դեպքը չէ, որ Օշականցի Գեւորիկի եղբորորդիները հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ դեռեւս 2014 թվականին ծեծկռտուք էր տեղի ունեցել Երեւանում, որում շոշափվում էր Գեւորգ Մելիքյանի նույնանուն եղբորորդու անունը: «ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ 26-ամյա Գ. Մելիքյանը աղջկա պատիվը պահելու համար ընկերոջ՝ Մրոյի հետ ծեծի է ենթարկել մոսկվայաբնակ հայազգի գործարար ոմն Արման Կարապետյանին: Տղաները հայազգի գործարարին հանդիպել են երեւանյան հյուրանոցներից մեկում, ծեծել են նրան, ապա զրույցը շարունակել Երեւանի Իտալիայի փողոցում գտնվող «Congress» հյուրանոցում: Այստեղ, սակայն, վեճը չի շարունակվել: Երիտասարդները հաշտվել եւ այսքանով եզրափակել են:
Սակայն Գեւորգ Մելիքյանի շուրջ պտտվող աղմուկն այսքանով չի ավարտվել: 2015-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ քրեական հեղինակություն Օշականցի Գեւորիկի եղբորորդին դատապարտվել է 600 հազար դրամ տուգանքի: Իսկ ինչն էր պատճառը: Այսպես, ըստ մեղադրանքի` Գեւորգ Մելիքյանը եւ նրա ընկերը՝ Օշական գյուղի բնակիչ Աշոտ Ավագյանը, 2015-ի հունվարին ավտոլվացման սարքից եւ սրճեփ մեքենայից մետաղադրամներ էին գողացել: Որքան էլ զավեշտալի է, գողությունը կատարվել է Գեւորգ Մելիքյանի ԲՄՎ X5 մակնիշի 79 ՍՈ 999 համարանիշի մեքենայով: Գողոնի ընդհանուր չափը եղել է 47 հազար դրամ: «Հանցագործները» սարքերը բացել ու գողացել են մետաղադրամները մետաղյա ձողի կիրառմամբ: Ըստ նախաքննական մարմնի՝ գողացված գումարը ծախսել են իրենց կարիքների համար: Կատարվածը ֆիքսել են ավտոլվացման կետի տեսանկարահանող սարքերը:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալներն իրենց մասնակի են մեղավոր ճանաչել: Մասնավորապես, Գ. Մելիքյանն իր ցուցմունքում հայտնել է, որ կատարածի համար զղջում է, տուժողներին պատճառած վնասը Աշոտ Ավագյանի հետ հատուցել են: Իսկ, ահա, 2011-ին հանցաշխարհում հայտնի Օշականցի Գեւորիկի նույն եղբորորդին մեկ այլ աղմկահարույց պատմության կիզակետում էր հայտնվել: Նրա կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հետեւանքով մարդ էր մահացել: Ավելին՝ դեպքից հետո նրա վարած ավտոմեքենայից հանվել են համարանիշները: Այս գործով դատարանը համաներել էր Գեւորգ Մելիքյանին:
Ի դեպ, այս ամենից հետո ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Օշականցի Գեւորիկի եղբորորդին «օրենքով գող» դառնալու հավակնություններ ունի: Եվ չի բացառվում, որ նրա ճանապարհով է ցանկանում գնալ նաեւ մյուս ազգականը` Ալբերտ Մելիքյանը, ով, ինչպես նրա հայրն ասաց, երկրում չէ. կվերադառնա, իր ասելիքը կասի…
Դե ինչ, սպասենք զարգացումներին:
Տաթեւ Հարությունյան