Նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Իրանի հետ գազի առք ու վաճառքի, տարանցման վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։ Հուշագիրը նախաստորագրվել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության և «Էներգաիմպեքս» ՓԲԸ միջև։ Փաստաթուղթը առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի ստորագրման։

Իրան կատարած այցի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիկ ոլորտի պատասխանատուների հետ։

ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության տնօրեն Հ. Արաղի և Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Ա. Ամիրանիի հետ քննարկվել են գազի բնագավառում երկու երկրների գործակցության ներկա վիճակը և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման, մասնավորապես Հայաստանի տարածքով դեպի երրորդ երկրներ գազի տարանցման հեռանկարները։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հ. Ֆալահաթիանի և նախարարի խորհրդական Հ. Հայերիի հետ։ Հանդիպումների առանցքում եղել են էլեկտրաէներգետիկայի բնագավառում էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ծավալների մեծացման հարցերը՝ հաշվի առնելով տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են էլեկտրահաղորդման գծերի առկա թողունակության շրջանակներում Հայաստան-Իրան-Վրաստան փոխհոսքերի ավելացմանը, ինչպես նաև սպասվող նոր ենթակառուցվածքների գործարկումից հետո Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տարածաշրջանային համագործակցությանը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշաների նախարարության պատվիրակությունն այցելել է իրանական Մափնա ընկերություն, որը մտադիր է ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ հողմային կայանների կառուցման բնագավառում։ Խոսքը առաջին փուլում 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ կայանների կառուցման մասին է։

Պատվիրակությունն այցելել է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման գլխավոր կապալառու «Սանիր» ընկերություն։ Քննարկվել են բարձրավոլտ գծի կառուցման հետ կապված հարցեր։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս