ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի Մուշ-2 թաղամասի բնակիչ Մկրտիչ Կ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ քաղաքացի Մկրտիչ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները իրեն քրեական պատասխանատվության չենթարկելու խոստումով համոզել են ընդունել հարևանի ավտոմեքենայից գողության կատարումը, ինչի հետ ինքը որևէ առնչություն չի ունեցել, սակայն վախի ազդեցության տակ տվել է իր համաձայնությունը:
Բացի այդ, 2016 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ոստիկանության նույն բաժնի ծառայողների կողմից համոզելու՝ կրկին քրեական պատասխանատվության չենթարկվելու խոստումների ազդեցության տակ համաձայնել է դարձյալ իրեն վերագրել մեկ այլ դեպքով գողության կատարումը, որի հետ սակայն որևէ առնչություն չունի:
Քաղաքացի Մկրտիչ Կ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն