Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի, Արևմտյան Բալկանների և սովորական սպառազինություների վերահսկման հարցերով փոխտեղակալ Մայքլ Քարփենթրին:
Մայքլ Քարփենթրը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն պաշտոնավարման ընթացքում:

Անդրադառնալով մեկուկես տասնամյակի պատմություն ունեցող հայ-ամերիկյան պաշտպանական հարաբերություններին, Վիգեն Սարգսյանը կարևորել է ԱՄՆ-ի դերակատարությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների աջակցման, փոխգործակցելի կարողությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովման գործում: Կողմերը վստահություն են հայտնել, որ պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունն ունի դինամիկ և արդյունավետ զարգացման մեծ ներուժ: Մայքլ Քարփենթրը նշել է, որ ամերիկյան կողմը կարևորում է միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ ջանքերը և հայ խաղաղապահների առաքելությունը տարբեր տարածաշրջաններում` Կոսովոյում, Աֆղանստանում և Լիբանանում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Այցի շրջանակում ամերիկյան պատվիրակությունն այցելել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադ, ինչպես նաև հանդիպել է ՀՀ ԶՈՒ նորաստեղծ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հրահանգչական կազմի և մեթոդաբանական օժանդակություն տրամադրող ԱՄՆ ԶՈՒ հրահանգիչների խմբի հետ:




Լրահոս