Հայաստանում շինարարության ծավալները 9.3 տոկոսով նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 9.3 տոկոսով նվազել են: Այսինքն՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում իրականացվել է ավելի քան 236 մլրդ դրամի շինարարություն:
Մասնավորապես՝ նշված ժամանակաընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ավելի քան 24 մլրդ դրամի շինարարություն: Սակայն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի պետբյուջեի միջոցներով իրականցված շինարարության ծավալները 27 տոկոսով նվազել են: Իսկ, ահա, համայնքների բյուջեով իրականացված շինարարության ծավալները, հակառակը, ավելացել են 22.2 տոկոսով: Միջազգային վարկերով իրականացված շինարարությունը նույնպես ավելացել է 21.3 տոկոսով:

Այդ թվում, Համաշխարհային բանկի միջոցներով իրականցված շինարարության ծավալները, որոնք ավելացել են 37.1 եւ Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացված ծավալները՝ 29.4 տոկոսով: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 6.9 տոկոսով նվազել են բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալները: Ի դեպ, զգալիորեն՝ ամբողջ 47.5 տոկոսով, նվազել են Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները:

Պատկերը բավականին տխուր է, եթե դիտարկում ենք մարզերի կտրվածքով. այսպես՝ ՀՀ Տավուշի մարզում շինարարության ծավալները այս տարվա 9 ամիսների ընթացքում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 43.8 տոկոսով, Վայոց ձորում՝ 42.8, Սյունիքում՝ 40.5 տոկոսով, Լոռիում՝ 48.4 տոկոսով: Շինարարության ծավալները այս տարվա 9 ամիսներին նվազել են նաեւ Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում: Իսկ, ահա, Արարատի մարզում հակառակը՝ շինարարության ծավալները նշված ժամանակահատվածում ավելացել են 55.8 տոկոսով, մայրաքաղաք Երեւանում՝ 1 տոկոսով:
ԱՎԾ-ի կողմից շինարարության ոլորտում պաշտոնապես արձանագրված այս ցուցանիշների ֆոնին հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմիցս ընդգծել է, որ իր նախագահության տարիներին գրանցվել է երկնիշ տնտեսական աճ, որի առյուծի բաժինը ընկնում էր շինարարությանը: Նա սուր քննադատության էր ենթարկում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում պաշտոնավարման շրջանում տնտեսական անկում գրանցվեց: Եվ մինչ Տ. Սարգսյանը Ռ. Մոչարյանի օրոք գրանցված աճը «փուչիկ» էր համարում, Քոչարյանն էլ՝ Սարգսյանին վերագրում համաշխարհային տնտեսական ճգնաժամի «բոլոր մեղքերը», երկրում շինարարությունը հետզհետե ավելի ու ավելի նվազեց: Եվ հիմա Կարեն Կարապետյանի գործունեության դրական դինամիկայի ամենապատկերավոր ցուցիչը եւս լինելու է երկրում շինարարության տեմպերի աճը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս