«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից դուրս սպանված ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության վերաբերյալ իրավապահ մարմինների մոտ տարակարծություններ են առաջացել: Բանն այն է, որ մինչ օրս դեռեւս պաշտոնապես չի հաղորդվել՝ ինչ վիրավորում է ստացել Յու. Տեփանոսյանը: Հայտնի է միայն, որ իրավապահների կողմից տվյալ տարածքի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է նույն տարածքի տանիքից:
Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է` ենթասպա Յուրի Տեփանոսյանը հրազենային վիրավորում է ստացել ծոծրակի հատվածում: Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչպես կարող էին մգեցված ապակիներով մեքենայի ուղղությամբ տանիքից կրակոց արձակել եւ դիպչել ծոծրակին: Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաղորդել է, որ հայտնի են ոստիկանության 3 աշխատակիցներին սպանողները: Սակայն անուններ այդպես էլ չի հիշատակվում, ավելին՝ խմբավորման անդամներից եւ նրանց հետ կապ ունեցողներից որեւէ մեկի նկատմամբ սպանության մեղադրանք առաջադրված չէ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: