Նոյեմբերի 1-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը 2012-2015 թվականների ընթացքում «Արդշինինվեստբանկ», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ների հետ կնքել է 5 վարկային պայմանագրեր:
Առաջին երեք վարկերը համալսարանին տրամադրվել են ընթացիկ ծախսերի իրականացման եւ շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով, իսկ վերջին երկուսը՝ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների հետ կապված ծախսերի իրականացման համար: Ուշագրավն այն է, որ ձեւակերպված վարկերի մարումները դեռ չիրականացված՝ ներգրավվել են հաջորդ վարկերը, եւ կատարվել են նախորդ վարկերի տոկոսների մարումներ՝ ընդհանուր 1 մլն 421 հազար 600 ԱՄՆ դոլարի չափով:
Նշենք, որ ասել է թե՝ բժշկական համալսարանը «տոկոսի տակ է», վնասով աշխատող հիմնարկություն: Ու այս վարկային պատմությունների հիմքը դրվել է ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի օրոք, որը բուռն շարունակություն է ունեցել ներկայիս ռեկտոր, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պրոտեժե Միքայել Նարիմանյանի օրոք:
Այս առնչությամբ ArmLur.am-ը հետաքրքրվեց նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից, թե արդյոք մայր բուհը կուտակած վարկեր ունի, թե ոչ:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Երևանի պետական համալսարանը ոչ մի անգամ, համենայնդեպս ինչքան որ նա է ղեկավարում համալսարանը, մի դրամ վարկ չի վերցրել:
«Եվ դրանից առաջ էլ որևէ մի դրամ վարկ, որևէ բանկից, լինի դա պետական, թե մասնավոր բանկերից, մենք երբևէ մի դրամ էլ վարկ չենք վերցրել»,-ասաց նա:
Ըստ ռեկտորի՝ իրենց քաղաքականությունը կայանում է նրանում, որ իրենք բավարարվեն այն ռեսուրսներով, որ ունեն:
«Եվ մեր ֆինանսական կայունության քաղաքականության մեջ, մենք միշտ հետևել ենք այդ երկաթյա կանոնին: Երբևէ, մենք վարկ չենք վերցրել»,-հավելեց նա:
Լիդա Եղիազարյան