Թվային ընդունիչ սարքերի շուրջ բողոքները չեն դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալապես անապահով հազարավոր ընտանիքների բաժանվել են DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր: Նկատենք, որ շատ ընտանիքներ այդպես էլ չկարողացան ստանալ անհրաժեշտ սարքն ու այսօր փաստացի զրկված են հեռուստահաղորդումներ դիտելու հնարավորությունից: Իսկ նրանք, ովքեր անվճար ստացան այդ թվային ընդունիչ սարքերից, հաճախ դժգոհում են դրանց աշխատանքից: Քաղաքացիները պնդում են, որ այդ սարքերը նորմալ չեն աշխատում ու գործարկման պահից ամիսներ չանցած՝ արդեն իսկ ամբողջությամբ կամ մասնակի խափանվում են: Մեզ հետ զրույցում Վանաձորի բնակիչ տիկին Մարգարիտան պատմեց, որ երբ իրեն տրամադրված սարքը փչացել է, ինքն այն տարել է իր ծանոթ մասնագետի մոտ, ով, սակայն, խորհուրդ է տվել նորը գնել՝ պատճառաբանելով, թե փոխելը ե՛ւ ավելի թանկ կարժենա, ե՛ւ վերանորոգված սարքը երկար չի աշխատի:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը նշեց, որ իրենք եւս որոշակի ահազանգեր ստացել են սարքերի խափանումների հետ կապված, սակայն դրանք այնքան չնչին են, որ նույնիսկ մեկ տոկոս չեն կազմում: Ամալյանի խոսքով՝ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերն ստացող ընտանիքների ցուցակը տրամադրվել է սոցապ նախարարության կողմից, բաշխումը կատարվել է մարզպետարանների ու ՏԻՄ կառույցների միջոցով.

«Պետությունը, երբ որ սարքերի գնման մրցույթը հայտարարեց, հստակ պայման դրեց մասնակիցների առաջ՝ 1 տարվա երաշխիքային սպասարկում, քաղաքացուն պետության կողմից տրամադրված սարքը երբ որ փչանում է, քաղաքացին այն պետք է տանի երաշխիքային սպասարկում իրականացնող իրենց մարզային կառույց, որն էլ հնգօրյա ժամկետում պետք է նորոգի սարքը, իսկ եթե այս կամ այն պատճառով չի կարողանում ապահովել հնգօրյա ժամկետը, ապա պետք է բնակչին նորը տրամադրի»,-ներկայացրեց Ամալյանը՝ հավելելով, որ երաշխիքային կտրոնն ու սպասարկման տարածքային կենտրոնների բոլոր տվյալները ներառված են սարքերի տուփերի մեջ:

ՀՌԱՀ տնօրենի վստահեցմամբ՝ իրենց կողմից տրամադրված սարքերը որակյալ են, պետությունը այս առիթով բավականաչափ ուշադիր է ոչ միայն սարքերի ձեռքբերման ու բաշխման, այլ նաեւ հետագա երաշխիքային սպասարկման հետ կապված:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս