«Խաչատրյանի փառատոնն իր կայուն տեղն ունի աշխարհի երաժշտական կյանքում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը շարունակվում է գունեղ երաժշտական երեկոներով։ Նոյեմբերի 4-ին փառատոնի չորրորդ սիմֆոնիկ համերգն էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Զոհրաբ Թադևոսյանի (ջութակ, Հայաստան/Իսպանիա), Ջոնաթան Ռուզմանի (թավջութակ, Ֆինլանդիա/Նիդերլանդներ) մասնակցությամբ ներկայացվեցին Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի, թավջութակի և նվագախմբի համար և Դմիտրի Շոստակովիչի Հինգերորդ սիմֆոնիան։ Վերջին կատարումը նվիրված էր Դմիտրի Շոստակովիչի 110-ամյակին։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Իսպանաբնակ ջութակահար Զոհրաբ Թադևոսյանը 2010 թվականից Մադրիդի Թագուհի Սոֆյայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի դոցենտ է՝ աշխատում է աշխարհահռչակ ջութակահար, մանկավարժ, պրոֆեսոր Աննա Չումաշենկոյի հետ համատեղ, 2013թ.-ից էլ Կատարինա Գուրսկայի անվան Երաժշտական կրթության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր է։ Զոհրաբ Թադևոսյանը երկրորդ անգամ է մասնակցում Խաչատրյանի միջազգային փառատոնին և նկատում է, որ դա իր համար մեծ պատիվ է։ Նա ընդգծում է, որ փառատոնն իր կայուն տեղն ունի աշխարհի երաժշտական կյանքում։

Ջոնաթան Ռուզմանն ընտանիքի հետ մոտ 5 տարի առաջ եղել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Արցախում մասնակցել է մեկ այլ փառատոնի, իսկ խաչատրյանական տոնին մասնակցում է առաջին անգամ և շատ ուրախ է հերթական անգամ հանդես գալ հայ հանդիսատեսի առջև։ Թավջութակահարը նշում է, որ երաժշտությունն իր համար հանդիսատեսի հետ հույզերը կիսելու միջոց է, ու չի պատկերացնում իրեն առանց երաժշտության։

Նշենք, որ Ջոնաթան Ռուզմանը համագործակցել է այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Մարիինյան թատրոնի նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը, Ֆինլանդիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Tapiola Sinfonietta-ն և այլն: Երաժիշտը ներկայացել է այնպիսի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Վ. Գերգիևը, Ն. Ալեքսեևը, Ս. Օրամոն, Դ. Սլոբոդենյուկը, Փ.Ուոթքինսը, այլք: 2010 թվականից Ջոնաթանն ակտիվորեն հանդես է գալիս և՛ որպես մենակատար, և՛ մենահամերգներով։
Հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 10-ն անցկացվող Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։

Երաժշտական այս տոնը կյանքի են կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Փառատոնի հովանավորներն են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Անի պլազան», «Երևանի կոնյակի գործարանը», ԱրմՍվիսԲանկը։




Լրահոս