Կինոյի եւ թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը տոնում է ծննդյան 75-րդ հոբելյանը: Նոյեմբերի 3-ին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիպում էր կազմակերպվել սիրված դերասանուհու արվեստի երկրպագուների եւ գործընկերների համար (թեեւ նրա ծննդյան օրը հունիսի 13-ին է): Հանդիպման վայրը պատահական չէր ընտրված. 1969 թվականից սկսած Էվելինա Շահիրյանն իր գործունեությունը ծավալել է հենց այս թատրոնում: Երեկոյի ընթացքում համերգային կատարումներով ելույթ ունեցան Ֆորշը, Հայկոն, Էմմա Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը եւ այլ երգիչներ:
Միջոցառումը վարում էին էվելինա Շահիրյանի դուստրն ու թոռը` դերասանուհի Նաիրա Շահիրյանը եւ հաղորդավար Արման Մարգարյանը: «Ժողովուրդ»-ը դերասանուհու հետ զրուցեց նրա անցած ճանապարհի եւ երազանքների մասին:
-Տիկի՛ն Էվելինա, Ձեր ստեղծագործական կյանքի պիկը ո՞ր շրջանն եք համարում եւ ինչո՞ւ:
-Ոչ միայն ինձ, այլեւ ողջ հայ մշակույթի համար այդ պիկը 70-80-ականներին էր: Այդ տարիներին ակտիվ զբաղվածություն ունեի թատրոնում, հեռուստաթատրոնում: Դրանք վերելքի տարիներ էին նաեւ գիտության, գրականության զարգացման համար:
-Մի քանի տասնյակ տարիներ անցկացրել եք բեմում: Վստահ ենք, որ եղել են բեմական կամ կուլիսային կյանքին վերաբերող դեպքեր ու հետաքրքրաշարժ դրվագներ, որոնք վառ են Ձեր հիշողության մեջ: Կպատմե՞ք այդ մասին:
-Շատ բաներ են եղել, անհաշիվ պատմություններ կան, հիշելն ու առանձնացնելն է դժվար: Ներկայացումների ընթացքում հաճախ են եղել դեպքեր, երբ ծիծաղել ենք եւ դժվար է եղել «հավաքվելը»: Բեմական ծիծաղն ուրիշ է, քաղցր է, երբեմն հնարավոր չի լինում այն դադարեցնել: Հիշում եմ` ներկայացումներից մեկում թագուհու կերպար էի մարմնավորում եւ, ըստ սցենարի, բեմի վրա կուտ էի տալիս աղավնիներին: Երբ հերթական անգամ խաղում էի դերս, անսպասելիորեն մի կատու հայտնվեց բեմում, բռնեց աղավնիներից մեկին ու անհետացավ: Այդ պահին, չհասկացանք, թե որտեղից եկավ կատուն, ու թե ինչ կատարվեց, բայց հիշում եմ, որ լսեցինք հանդիսատեսներից մեկի մեկնաբանությունը. «Ի՜նչ լավ է մտածել ռեժիսորը»: Իսկ իրականում ռեժիսորը նույնքան զարմացած էր, որքան մենք (ծիծաղում է):
-Հետաքրքիր է` 75-ում ի՞նչ մասնագիտական եւ անձնական երազանք ունեք:
-Տարիքն այս հարցում կապ չունի. երազում ենք միշտ, ես էլ երազում եմ միշտ: Ինչպես յուրաքանչյուր արվեստագետ, ես եւս ցանկանում եմ նորանոր դերեր ստանալ, նոր նվաճումներ ունենալ: Այս հարցում եւս տարիքը նշանակություն չունի (ժպտում է): Ես դեռ սպասումներ ունեմ, որ կստանամ այն դերը, որի մասին երազել եմ, եւ որը ինձ նորից հաջողություն կբերի: Իսկ թե որ դերի մասին եմ երազում, չեմ ասի: Երիտասարդ ժամանակ նշում էի երազածս դերերի մասին, բայց երբեմն ցանկություններս չէին իրականանում. հիմա նախընտրում եմ չնշել դրանք: Կարեւորն այն է, որ դերս լինի տարիքիս համապատասխան. դա պետք է լինի իմ դերը:
Իսկ ինչ վերաբերում է անձնական երազանքներին, ապա կարող եմ ասել, որ գալիս է մի պահ, երբ դրանք կապվում են երեխաների եւ թոռնիկների հաջողությունների հետ:
-Եվ վերջում, կցանկանայի անդրադառնալ կնոջ Ձեր կերպարին: Ինչպե՞ս է պատահել, որ տարիները պարզապես անցնում են Ձեր կողքով: Ո՞րն է գաղտնիքը:
-Ճիշտ չի լինի ասել, թե տարիքս չեմ գիտակցում: Լինում են պահեր, երբ ֆիզիկապես զգում ես, որ ինչ-որ բաներ արդեն այն չեն, սակայն հոգին տարիք չունի, հոգիս է, որ չի ծերանում: Իսկ թե որն է պատճառը, իսկապես չգիտեմ: Ես ապրում եմ այսօրվա օրով, ուրախանում ամեն բացվող առավոտով: Կյանքի ընթացքում լինում են ե՛ւ լավ, ե՛ւ վատ պահեր, լուսավոր ու մռայլ կետեր. պետք է կարողանալ դիմակայել, ընդունել:
Հիշեցնենք, որ Էվելինա Շահիրյանը մարմնավորել է ավելի քան 60 դերեր՝ ներկայացումներում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում, խաղացել է շուրջ 150 պիեսներում, նկարահանվել տասնյակ ֆիլմերում, այդ թվում «Կտոր մը երկինք», «Կարինե», «Մորգանի խնամին», «Սպանված աղավնի», «Արտիստը», «Խաչագողի հիշատակարանը» եւ այլն: Նա 2003-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, «Արտավազդ» մրցանակակիր է, «Մովսես Խորենացի», «Հակոբ Մեղապարտ», ՀՀ ԱԺ եւ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր:
Աննա Բաբաջանյան