Սևանում անհետ կորածներից մեկի բաճկոնն է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչների ապրուստի միջոցը տարիներ շարունակ եղել է ձկնորսությունը, նորություն չէ: Նորություն չէ նաեւ այն, որ ձկնգողությունը այստեղ մեծ տարածում ունի, եւ ոչ մի պաշտոնյա երբեւէ չի կարողացել վերացնել ձեւավորված այդ մշակույթը:

Ասում են՝ տարիներ առաջ, երբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գեղարքունիքի ոստիկանապետի պաշտոնն էր զբաղեցնում, «հայհոյանքի սպառնալիքով» արգելել էր մարզի բնակիչներին ձկնորսություն անել. թույլատրելին միայն ընտանիքի անդամներին կերակրելու համար արված որսագողությունն էր: Այսպիսով՝ ձկնգողությունը վաճառքի նպատակով էապես դադարեց այդ տարիներին: Եւ այսօր նորատուսցիները վերհիշում են այդ նախադեպը: «Ժողովուրդ»-ի թղթակիցը Նորատուս համայնքի բնակիչների հետ զրուցելիս պարզեց, որ գյուղացիները այսօր անթաքույց Սեւանա լճից օգտվում են: «Մեր ապրուստի միջոցն ա, բա ինչ անենք, մտնում ենք»,- ասաց բնակիչներից մեկը՝ պատմելով, որ հաճախ ձկնորսները զինված են «ծով մտնում»: ՀՀ ոստիկանության, ԱԻՆ-ի, բնապահպանական տեսչության աշխատակիցները հիմնականում չեն կարողանում «սաստել» նորատուսցիներին, հարցերը կարգավորվում են սպասվածից էլ արագ:
Բայց ցավալին այն է, որ իրենց ընտանիքը պահելու համար Սեւանա լիճ մտնող գյուղացիները հաճախ դժբախտ պատահարի զոհ են դառնում: Եւ անգամ պաշտոնական աղբյուրները փաստում են, որ Սեւանա լճում անհետ կորածների, ջրահեղձվածների կամ խեղդվողների թվում մեծամասամբ Նորատուս համայնքի բնակիչներ են:

Հոկտեմբերի 31-ին եւս հայտնի դարձավ, որ լճում երկու երիտասարդ է անհետ կորել: Նշված օրը՝ ժամը 14-ի սահմաններում, Սեւանա լճում անհետ կորել են 24-ամյա Աբրահամ Կյուրեղյանը եւ Արեւշատ Առաքելյանը: Նրանք ընկերներ են, Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչներ: Երեկվա դրությամբ որոնողական աշխատանքները մինչեւ մութն ընկնելը շարունակվում էին:
Ինչպես են երիտասարդներն անհետացել, եւ ովքեր են վերջին անգամ տեսել նրանց: Այս հարցերի պատասխանները ստանալու համար «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Ջիվան Իսրայելյանի հետ, ով անհետ կորած երիտասարդների ազգականն է: Մեր զրուցակիցը պատմեց դեպքի մանրամասները: Այսպես, նրա խոսքով՝ երիտասարդները ձկնորսության են գնացել, որտեղ նրանցից բացի՝ այլ մարդիկ եւս եղել են: Դեպքի օրը եղանակային վատ պայմաններ են եղել, սակայն այս հանգամանքը նրանց ետ չի կանգնեցրել լճի՝ ավելի խորը հատվածները հասնելու համար. «Դե, տաքարյուն երիտասարդներ են: Իրենց հետ եղած մարդիկ մնացել են ափին, նրանք էլ առաջ են գնացել: Հետո աստիճանաբար եղանակն ավելի անբարենպաստ է դարձել, թեթեւ մառախուղ է սկսել, եւ այնտեղ գտնվողների տեսադաշտից երիտասարդները կորել են: Եթե գոնե նկատած լինեին… սրանից ավելի վատ բան չի կարող լինել. դժբախտությունն էլ ինչպե՞ս է կոչվում»,- նեղսրտած ներկայացրեց Ջիվան Իսրայելյանը:

Վերջինիս խոսքով՝ անհետ կորած երիտասարդները սիրողական մակարդակով էին ձկնորսությամբ զբաղվում, երբեմն էլ, կարիքից դրդված, վաճառելու նպատակով, սակայն փորձ, որպես այդպիսին, չունեին. «Եթե փորձ ունենային, գոնե կհասկանային, որ չի կարելի եղանակային նման պայմաններում որսի դուրս գալ, մանավանդ այն հատվածում, որտեղ իրենք են եղել: Դա Սեւանի ամենախորը մասն է: Մենք «Մեծ Սեւան» ենք ասում: Թե ինչ խորությամբ են գնացել, ուր են հասել, ոչ մի բան այս պահին հայտնի չէ: Որոնողական աշխատանքները շարունակվելու են այնքան, մինչեւ կգտնենք»,- շարունակեց անհետ կորած երիտասարդների ազգականը:
Վերջինս հայտնեց նաեւ, որ երեկ փրկարարական բաճկոն է հայտնաբերվել, որը երիտասարդներից մեկին է պատկանում, իսկ թե ինչպես է այն հայտնվել ջրի երեսին, հայտնի չէ: Սակայն վարկածներ կան, որ կա՛մ տղաներից մեկը չի հասցրել այն հագնել եւ խեղդվել է, կա՛մ այն ավելի վաղ է ընկել նավակից:
«Կասկածներ ունենք, որ այն պահին են նրանք անհետացել, երբ քամին ավելի է ուժեղացել, ալիքներն էլ մի կողմից ու նրանց քշել-տարել են»,- ասաց Ջ. Իսրայելյանը:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի հետ, ով հայտնեց, որ եղանակային պայմանները գնալով վատանում են, ինչի հետեւանքով որոնողական աշխատանքները ժամանակ առ ժամանակ դադարեցվում են: «Միջին պայմաններով ապրող ընտանիք են: Ոչ մեկը նրանցից ամուսնացած էլ չէր»,- փոխանցեց համայնքապետը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մթության, եղանակային անբարենպաստ պայմանների եւ ալեկոծության պատճառով դադարեցվել են որոնողական աշխատանքները, որոնք այսօր վաղ առավոտյան վերսկվել են:

Ի դեպ, ԱԻՆ-ից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ փոխանցվեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2013-2016թթ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում արձանագրված արտակարգ պատահարների վիճակագրությունը: Ըստ այդմ, Սեւանա լճում այս տարվա տասը ամիսների ընթացքում, ինչպես եւ նախորդ տարի, ջրահեղձման 3 դեպք է արձանագրվել:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս