Նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու և հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Բագրատաշենում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Ողջունելով վարչապետ Կվիրիկաշվիլիին՝ ՀՀ Նախագահը կարևորել է բարձր մակարդակի կանոնավոր շփումները, որոնք, նրա համոզմամբ, նպաստում են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդմանն ու հնարավորություն ընձեռում կառուցողական և ջերմ մթնոլորտում քննարկել երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Նախագահ Սարգսյանը հանդիպման սկզբում շնորհավորել է Գիորգի Կվիրիկաշվիլիին ու Վրաստանի բոլոր քաղաքացիներին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և «Վրացական երազանք» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Վրաստանի նոր խորհրդարանն ու կառավարությունը հետևողականորեն կշարունակեն բարեփոխումների քաղաքականությունը՝ ի նպաստ Վրաստանի հետագա զարգացման և բարգավաճման, ինչպես նաև հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների առավել ամրապնդման:
Զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ երկու բարեկամ և հարևան պետությունները հետևողական զարգացնում են քաղաքական փոխգործակցությունը, ակտիվացնում միջպետական շփումները՝ այդպիսով ամուր հիմք ստեղծելով երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:
ՀՀ Նախագահը և Վրաստանի վարչապետն անդրադարձել են առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում:
Վրաստանի վարչապետը շնորհավորել է ՀՀ Նախագահին նորակառույց սահմանային անցման կետի բացման կապակցությամբ: Նշելով, որ զգալի աշխատանք է կատարվել, Գիորգի Կվիրիկաշվիլին կարևորել է ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքը, որը, նրա համոզմամբ, կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչպես նաև հայ-վրացական առևտրատնտեսական փոխգործակցության խորացմանը:
Սերժ Սարգսյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ: