Վարդևան Գրիգորյանի եղբորը սպանողը դատապարտվեց. վճիռը պատրաստվում են բողոքարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտորի եղբոր` 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Արման Կատունյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 3 տարի 3 ամիս ազատազրկման:

ArmLur.am-ի հետ զրույցում դատապարտյալի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ պատրաստվում են որոշումը բողոքարկել. «Արման Կատունյանին արդարացրել են մեղադրանքի երեք կետերից մեկով՝ ատրճանակն ապօրինի պահելու մեղադրանքով, բայց մեղավոր են ճանաչել քր. օրենսգրքի 105 հոդվածով, ինչպես նաև ապօրինի փամփուշտ պահելու մեղադրանքով: Կարծում ենք, որ պետք է փամփուշտ պահելու մեղադրանքը ևս հանվեր, բացի այդ նշանակված պատիժը համաչափ չէ և  դատարանի կողմից նշանակվել է գրեթե առավելագույն պատժաչափ, այն դեպքում, երբ գործում առկա են բազմաթիվ մեղմացուցիչ հանգամանքներ, իսկ ծանրացնող հանգամանքեր գոյություն չունեին»:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզում 2014թ. hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով: Կասկածյալը` Արման Կատունյանը, ոստիկանություն էր ներկայացել ինքնակամ և խոստովանել մեղքը։

Դրանից հետո քաղաքում լուրեր էին տարածվել, որ Կատունյանը, որը Վարդևան Գրիգորյանի հարևանն է, կասկածներ է ունեցել, որ ռեկտորի եղբայրը սիրահետում է իր կնոջը, և խանդի հողի վրա է նրան սպանել։

Կատունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը) և 235-րդ հոդվածով (Ապօրինի կերպով զենք կրելը)։

Լուսանկարը՝ «Առավոտ»-ի

Լիլիթ Շաբոյան




Լրահոս