Մինչև երբ է ՀՀ ԱԳՆ-ն շարունակելու կրավորական պահվածք դրսևորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանից հետաքրքրվել է, թե որն է պատճառը, որ անգամ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կրավորական եւ իներտ պահվածք դրսեւորել՝ հրապարակավ եւ արագ չարձագանքելով թշնամու կողմից դիվերսիոն ներթափանցման եւ սահմանային խախտումների նոր դեպքերին, որոնք հակասում են միջնորդների եւ կողմերի միջեւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններին:

-Պարո՛ն Նազարյան, քառօրյա պատերազմից առաջ դիվերսիոն ներթափանցման փորձերը հաճախակիացել էին, ինչը դեռեւս այն ժամանակ փորձագետներին հիմք էր տալիս ենթադրելու, որ թշնամին լուրջ սադրանք է նախապատրաստում: Արդյունքը, ցավոք, տեսանք: Քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման փորձերը, կարելի է ասել, դադարել էին, ուստի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դիվերսիոն փորձը չէր կարելի դիտարկել որպես սովորական սահմանային խախտում: Սակայն մենք տարօրինակ կերպով չլսեցինք ո՛չ հենց այդ օրը տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ո՛չ էլ, որ առավել տարակուսելի էր, ՀՀ ԱԳՆ-ի կոշտ, դատապարտող հայտարարությունը: Ինչո՞ւ:

-Արտաքին գործերի նախարարությունը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս համապատասխան հայտարարություններով այն հարցերի շուրջ, որոնք առաջացնում են խնդիրներ բանակցային գործընթացն առաջ մղելու հետ կապված կամ ուղղակի առավել վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը: Արտգործնախարարության ռեակցիան կամ վերաբերմունքը երբեք երկար սպասել չի տվել:

-Բայց մենք հիմա ունենք կոնկրետ իրավիճակ, եւ այստեղ ԱԳՆ-ի վերաբերմունքը ուշանում է: Ըստ Ձեզ՝ ապրիլյան պատերազմից հետո նոր դիվերսիոն փորձը տարածաշրջանային անվտանգությունը չի վտանգո՞ւմ, ինչո՞ւ է ԱԳՆ-ն լռում:

-Ինչ վերաբերում է, առհասարակ, հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ապա այդ մասին մի քանի անգամ արտաքին գործերի նախարարը եւ նախարարությունը հանդես են եկել համապատասխան հայտարություններով: Մեր նպատակն է, որ այսօր բանակցային գործընթացը առաջ մղենք, եւ այդպիսով ճանապարհ հարթվի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների համար:

Մինչ հայկական կողմը խոսում է Վիեննայի պայմանավորվածությունների կյանքի կոչման մասին, այդ ընթացքում ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ թուրքական դիվանագետները հայտարարում են կարգավորման բոլորովին այլ պայմանավորվածությունների մասին: Օրինակ՝ հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ-ի ամբիոնից Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլին հայտարարեց. «Մինսկի խումբը, այդ թվում՝ Ռուսաստանը, ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար: Ադրբեջանի օկուպացված 5 շրջաններից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումն այժմ օրակարգում է: Ռուսաստանը կիսում է մեզ հետ այդ ջանքերը, եւ մենք մեր աջակցությունն ենք հայտնում: Մենք հակամարտության ցանկացած կարգավորման կողմնակիցն ենք, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին»: Ասվածի հետ կապված՝ մենք մինչ օրս այդպես էլ չենք լսել ռուսական կողմի հերքումը, ստացվում է՝ Չավուշօղլուն ճիշտ էր ասում՝ պնդելով, թե Ռուսաստանը կիսում է 5 շրջանները հանձնելու ուղղությամբ իրենց ջանքերը:

-Արտաքին գործերի նախարարությունը չի ներքաշվում անհեթեթ հայտարարությունների մեջ ընդհանրապես:

-ԵԽԽՎ ամբիոնից Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, Ըստ Ձեզ, անհեթեթությո՞ւն է: Ներողություն, բայց դա Դուք եք ասում, մինչդեռ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ առնչությամբ ոչինչ ասաց, իսկ լռությունը, ինչպես գիտենք, համաձայնության նշան է: Ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն չի դիմում ՌԴ ԱԳՆ-ին՝ այդ հայտարարության շուրջ մեկնաբանություն ստանալու համար:

-Տեսեք, որ դեպքում է միայն արտաքին գործերի նախարարությունը հանդես գալիս համապատասխան հայտարարություններով եւ գնահատականներով: Չէի ցանկանա մեկնաբանել անհեթեթ հայտարարությունները, որոնք հնչել են որեւէ կողմից:

-Մի՛ մեկնաբանեք, դիմեք Ռուսաստանի ԱԳՆ-ին, հարցում արեք՝ պարզելու՝ արդյո՞ք ԵԱՀԿ համանախագահ, ՀՀ դաշնակից երկիրն իրոք ներքաշված է ազատագրված շրջանները հանձնելու՝ թուրքաադրբեջանական ջանքերում:

-Ռուսաստանը անգամներ հերքել է:

-Կոնկրետ այս վերջին հայտարարությանը նրանք չեն արձագանքել:

-Այս կամ այլ հայտարարությունները, որոնք հնչել են եւ ոչ միայն թուրքիայի կողմից, որպես համանախագահ երկիր՝ Ռուսաստանն իր ասելիքն արդեն ասել է այդ առումով, ինչպես նաեւ մյուս երկու համանախագահները:

-Հիմա կոնկրետ բանակցությունների սեղանին ի՞նչ փաստաթուղթ է:

-Բանակցությունների սեղանին նույն փաստաթուղթն է, որի մասին բազմաթիվ անգամ խոսվել է. խոսքը գնում է համապարփակ կարգավորման փաթեթի մասին, որը ներկայացվել էր ժամանակին, եւ որի շուրջ արվել են հայտարարությունները, այդ թվում՝ 2009 թվականից համանախագահների մակարդակով:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս