Այսօր նախատեսված էր Վանաձորի ավագանու արտահերթ նիստ։ Նիստը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ունեն 15 մանդատ, իսկ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը, ԲՀԿ-ն և «Հայկական Վերածնունդ»-ը միասին ունեին 18 մանդատ և քվորում չապահովելու պատճառով նիստը չկայացավ։
Նշենք, որ վերջին երեք կուսակցությունները որոշում են կայացրել բոյկոտել ավագանու նիստն այնքան ժամանակ, մինչև կբացահայտվեն հոկտեմբերի 8-ին Վանաձորում ստորագրված ԲՀԿ, «Հայկական Վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցության հուշագրի պայմանավորվածությունը դրժած անձինք։
Այս առթիվ ArmLur.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դա երեք քաղաքական ուժերի ավագանիների միջև միասին համագործակցելու և միասին առաջիկա քաղաքական գործընթացներում որոշում կայացնելու, իրենց լիազորությունները իրագործելու համար է:
«Եվ ինքնակառավարական, որպես մարմին` լավագույն դրսևորումը նաև ավագանիների որոշման, հարցերի հանդեպ ինքնուրույն վերաբերմունք ցուցաբերելու այդ դրսևումն ենք մենք համարում»,- ասաց նա:
Լիդա Եղիազարյան