Ըստ կառավարության՝ օրերս հաստատված ծրագրի` նախատեսվում է մեկ տարվա ընթացքում Հայաստանում պատմամշակութային անշարժ հուշարձանների 200 պահպանական գոտիների նախագծում եւ հաստատում, պետական միասնական կադաստրային համակարգում 10 պատմամշակութային անշարժ հուշարձանների ներառում: «Ժողովուրդ»-ը պատմաբան, հայագետ Արգամ Այվազյանից հետաքրքրվեց, թե որքանով է ծրագրի այս հատվածն արդյունավետ:
«Կարծում եմ` Հայաստանում հարկավոր է դադարեցնել հուշարձաններն ամբողջապես վերականգնելու ծրագրերը: Ինչո՞ւ: Որովհետեւ հանրապետության հուշարձանների մեծ մասը վթարային վիճակում է, առաջնային օգնության` ամրակայման կարիք ունի: Պետք է նախ եւ առաջ դրանով զբաղվել, մինչեւ որ կարողանանք անցնել հուշարձանների ամբողջական վերականգնմանը: Բանից դուրս է գալիս, որ ուշադրությունը կենտրոնացնում ենք մի քանի հուշարձանի վրա, իսկ այդ ընթացքում մյուսները կարող են փլուզվել: Ինչ վերաբերում է պահպանական գոտիների նախագծմանն ու հաստատմանը, կարող եմ ասել, որ հանրապետությունում պետական գրանցում ունեցող 24 հազարից ավել հուշարձան կա, որի 50 տոկոսն ունի պահպանական գոտի: Հիմա եթե տարին ընդամենը 200 պահպանական գոտիների նախագծում եւ հաստատում իրականացվի, պատկերացրեք` քանի տարի է հարկավոր, որ շուրջ 12 հազար հուշարձանների համար այդ գործընթացը կյանքի կոչվի: Դա բավական դանդաղ տեմպ է, որի ընթացքում կարող ենք մի շարք հուշարձաններ կորցնել»,-մեկնաբանեց պարոն Այվազյանը:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդրին (այդ թվում` դրանց փոխարեն առեւտրի կենտրոնների կառուցումը կանխելուն) առնչվող այն մեկնաբանությանը, որ «եթե մենք կարողանանք հասկացնել որ այն, ինչ անում ենք, իր երեխաների, իր թոռների ապագայի համար ենք անում, կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, թեկուզեւ օլիգարխը, հասկանալու է, որ սա իր զարգացող հայրենիքի համար է»: Պարոն Այվազյանը նկատեց, որ օլիգարխները նման հարցերը բացատրելով դժվար թե հասկանան. «Սամվել Ալեքսանյանին, սկսած մշակույթի նախկին նախարարից, վերջացրած մտավորականներով, բազմիցս բացատրեցին, որ Ծածկած շուկայի ետնամասում չի կարելի ձեւափոխումներ եւ հավելումներ կատարել, հասկացա՞վ: Կամ` Երեւանում կարո՞ղ եք այգեպուրակային մի հուշարձան ցույց տալ, որն անաղարտ է մնացել: Բոլոր տեղերում հյուրանոցներ, սրճարաններ են կառուցվել, ասֆալտապատումներ են իրականացվել. այս ամենի հեղինակները հենց օլիգարխներն են, թույլատրողը` քաղաքապետարանը, ո՞ւմ, ի՞նչ բացատրենք: Բացատրենք էլ` չեն հասկանա, որովհետեւ տարվել են փող կուտակելու մոլուցքով: Մի շարք այգիներից եւ պուրակներից անգամ նստարաններն են հանվել, ցայտաղբյուրները միացված չեն, գիտե՞ք ինչու. որ մարդիկ գնան, այդտեղ կառուցված սրճարաններում նստեն եւ այնտեղ էլ ջուր պատվիրեն, առեւտուր լինի»:
Պարոն Այվազյանի դիտարկմամբ` որքան էլ մեր հարեւան երկրներին ինչ-ինչ հարցերում թերագնահատենք, պետք է ընդունենք, որ դրանց մայրաքաղաքները պահպանել են իրենց դիմագիծը, իսկ, ահա, Երեւանը, ցավոք, վարդագույն քաղաքից վերածվել է դժգույն քաղաքի:
«Մեր երկրում տեղական իշխանություններն էլ իրենց հերթին են աչքաթող անում հուշարձանների պահպանության գործը: Ու այս խնդիրը մենք ունենալու ենք այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունն ու ժողովուրդը համատեղ քայլեր չձեռնարկեն հուշարձանները փրկելու ուղղությամբ»,-եզրափակեց պատմաբանը:
Աննա Բաբաջանյան