
Մոսկվայի հարավում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Gelandewagen-ի հայտնի սկանդալային ավտոարշավի մասնակից Մառա Բաղդասարյանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
«Լենինի պողոտայում ձերբակալվել է Մառա Բաղդասարյանը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ սկզբում ոստիկանության աշխատակիցները տուգանել են նրան սխալ կայանման համար: Փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզվել է, որ Բաղդասարյանը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մոտ 16 չվճարված տուգանք ունի:
«Նրան տեղափոխել են ոստիկանության տարածքային բաժանմունք և հայտնել դատական բաժանմունք տեղափոխվելու ծանուցման մասին»,-հավելել է աղբյուրը:
ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքային վարչությունում հաստատել են 23-ամյա բնակչուհու ձերբակալությունը:
Մառա Բաղդասարյանը սովորում է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Նրա հայրը՝ Էլմար Բաղդասարյանը զբաղվում է մսի մեծածախ առևտրով: