Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ՈՒ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` պաշտոնաթող նախարար Սեյրան Օհանյանի` մոտ ապագայում ընդդիմադիր հայացքների հարելու շուրջ իրարամերժ տեղեկությունների տարափ է: Ըստ որոշ լուրերի՝ պաշտպանության նախկին նախարարը նախագահելու է ՀՀ Ազգային ժողովում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի ստեղծվելիք «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Սեյրան Օհանյանը օրերս հանդիպել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ, ով նրան ընկերաբար «հիշեցրել է», որ «չափը չանցնի»:
Գնալով լուրերի հետքերով` «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Սեյրան Օհանյանը հանդիպել է ոչ միայն Արմեն Գեւորգյանի հետ: Այսպես՝ մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ գրեթե նույնաբովանդակ զրույց կայացել է նաեւ Սեյրան Օհանյանի եւ գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) միջեւ: Վերջինս գովեստի խոսքեր է հեղել նախկին նախարարի հասցեին եւ հորդորել քաղաքականության մեջ չներքաշվել: «Հրամանատար մարդ ես, էդպիսի բաների մեջ մի՛ ներքաշվի»,- մասնավորապես, ասել է Բեգլարյանը: Սրան ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը շտապել է տեղեկացնել՝ ինքը դեռ կորոշի իր հետագա անելիքները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Արմեն Գեւորգյանը կտրականապես հերքեց լուրերը, որ հանդիպել է Օհանյանին, այդ թվում՝ համոզելու փորձերը Սեյրան Օհանյանին ետ կանգնել: Այլ հարցերի պարոն Գեւորգյանը չպատասխանեց:

 

 
ՀՀ ճանապարհային ոստիկանությունում նոր չարաշահումներ են հայտնաբերվել: «Ժողովուրդ»-ը դեռեւս հուլիսի 2-ին գրել էր, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ, համաձայնության գալով թանկարժեք մեքենաներ ունեցողների հետ, նրանց հասցեագրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման վարչական ակտերն իրենց անունով են վերահասցեագրել, որպեսզի տուգանքները չվճարեն: Սակայն կարճ ժամանակ անց օրինախախտները հայտնաբերվել են: Ավելին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է, որ այս գործարքների արդյունքում ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել է 20 մլն 500 հազար դրամ գույքային վնաս: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս քրեական գործով հարցաքննվել են ՀՀ ճանապարհային մի շարք ոստիկանապետեր: Թե ինչպես են նրանք բացատրել իրենց անփութությունն ու անհետեւողական գործելաոճը, դեռեւս հայտնի չէ:

 

 
Վերջին շրջանում իշխանական կայքերը, որոնք տարբեր թելերով կապված են Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հետ, ակնհայտորեն թիրախավորել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: Պատճառն ակնհայտ է՝ իշխանական ԶԼՄ-ներն իրենք են տեղեկություններ տարածում, որ Մարտիրոսյանը բոլոր գերատեսչություններին հրահանգել է օգտվել «Ռոստելեկոմ» կապից: Ինչն էլ, բնականաբար, դուր չի եկել Միքայել Մինասյանին: Բանն այն է, որ դե ֆակտո նրան է պատկանում մինչ օրս բոլոր գերատեսչություններին կապ ապահովող «Յուքոմ» ընկերության առյուծի բաժինը: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը պարզաբանումներ փորձեց ստանալ նախարար Վահան Մարտիրոսյանից: Վերջինս, պարզվեց, իրեն թիրախավորված չի համարում, իսկ «Ռոստելեկոմի»-ի բաժանորդներին պետական ապարատում ստիպողաբար ավելացնելու մասին լուրերն էլ հերքեց: Հիշեցնենք` Վահան Մարտիրոսյանը հաստատել է, որ ինքը «Ռոստելեկոմի»-ի հիմնադիրներից մեկն է եղել, ապա գործադիր տնօրենը:

 

 

 
Այն հանգամանքը, որ արտագաղթի ներկա տեմպերի պայմաններում Հայաստանի բնակչության թվի բնական աճը գնալով պետք է սկսեր դանդաղել, որքան էլ ցավալի է, միեւնույն ժամանակ նաեւ սպասելի զարգացում է: Պաշտոնական վիճակագրության հրապարակած տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ մշտական բնակչության թվաքանակը Հայաստանում նվազել է ավելի քան 10 հազարով: Սա, թերեւս, արտագաղթի, մահացության, ինչպես նաեւ ծնելիության պակասի եւ այլ գործոնների հետեւանքն է: Իսկ թե ինչ է պատրաստվում ստեղծված իրավիճակում ձեռնարկել նորակազմ կառավարությունը, որպեսզի բնակչության թվաքանակը վերականգնվի, հայտնի չէ: Համենայնդեպս, կառավարության ծրագրում սրա մասին չի հիշատակվում:

 

 

 
ՄԱՐԴ-ՈՒԺԵՐՈՎ
Շուրջ երկու տարի է՝ նոր Սահմանադրության ջատագովները հավաստիացնում են, որ խորհրդարանական կառավարման համակարգը շեշտակիորեն մեծացնելու է կուսակցությունների դերն ու նշանակությունը՝ դա ներկայացնելով որպես կարեւոր ձեռքբերում:
Սակայն հարց է առաջանում՝ իսկ ինչպես է բարձրանալու կուսակցությունների դերը: Միթե միայն այն, որ առաջիկայում բոլոր որոշումները ընդունվելու են ոչ թե Բաղրամյան 26-ում, այլ Մելիք Ադամյանում կամ Հանրապետության հրապարակում, կարող է որեւէ կերպ բարձրացնել կուսակցությունների դերը: Բնականաբար՝ ոչ /իսկ որ դա այդպես է լինելու, եւ Աժ-ն չի դառնալու որոշիչ դերակատար, թերեւս քչերն են կասկածում/: Յուրաքանչյուր կուսակցություն մինի քաղաքական համակարգ է, եւ ինչպես որ երկիրը որքան ժողովրդավարական լինի, այնքան ավելի ուժեղ եւ անխոցելի կլինի, այնպես էլ կուսակցությունները. որքան ավելի մեծ լինի այս կամ այն ուժի ներսում ժողովրդավարությունը, բազմակարծությունը եւ որոշումների կայացման թափանցիկությունը, այնքան դժվար կլինի ճնշել այդ ուժին եւ, օրինակ, մեկ ելույթով դրա առաջնորդին հեռացնել քաղաքականությունից:
Մեզանում, սակայն, ինչպես հայտնի է՝ գերիշխում են մարդ-կուսակցությունները, ընդ որում, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտում: Հենց նույն Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Զավենի եւ Գասպարի Սարգսյանների կուսակցությունների անունները հանրությունը թերեւս չգիտի էլ, բայց ճանաչում է դրանց անփոփոխ առաջնորդներին: Տարօրինակ է, բայց նույնիսկ Հանրապետական կուսակցությունը, որը տասնյակ հազարավոր անդամներ ունի, այսօր նույնպես մարդ-կուսակցություն է, քանի որ այդտեղ կա մեկ իրական դերակատար, եւ դա Սերժ Սարգսյանն է: Կառավարության վերջին փոփոխությունը, ի դեպ, եւս մեկ անգամ ցցուն դարձրեց այդ իրողությունը:
Սակայն Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված՝ հնարավորություն է ստեղծվել հիմնովին վերափոխել այս փտած համակարգը: Կառավարության հեղինակած կուսակցությունների մասին նոր օրենքի նախագիծն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել ԱԺ-ում, սակայն դրան ծանոթանալով՝ ակնհայտ է դառնում, որ կուսակցությունների իրական դերի բարձրացումն այս իշխանություններին ամենեւին պետք չէ: Նոր օրենքով նախատեսված չէ կառուցվածքային, գաղափարական եւ ծրագրային որեւէ նշաձող կամ սահմանափակում, որը կնպաստեր կուսակցությունների ներքին ժողովրդավարացմանը, հետեւաբար եւ կայացմանն ու ազդեցության իրական բարձրացմանը: Կախված նրանից, թե Աժ-ում առաջիկա քննարկումների ընթացքում այս հարցի շուրջ առաջարկություններ կանե՞ն ընդդիմադիր ուժերը, հատկապես նորաստեղծները, պարզ կդառնա՝ որքանով են վերջիննե՛րս շահագրգիռ ՀՀ-ում կուսակցական համակարգի կայացմամբ եւ մարդ-կուսակցությունների վերացմամբ:




Լրահոս