Տարեցտարի նվազում է Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը: 2016 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 993.9 հազ. մարդ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Հիմա փորձենք թվերի լեզվով ներկայացնել նվազումը եւ մեր պատկան մարմիններին եւս մեկ անգամ ահազանգենք դեմոգրաֆիական խնդրի մասին: Հիշեցնենք, որ մարդահամար անցկացնելիս՝ ստացվում է բնակչության երկու թիվ՝ առկա բնակչություն եւ մշտական բնակչություն: Առկա բնակչությունը իր մեջ ներառում է մարդահամարի անցկացման պահին ներկա մարդկանց թիվը, մշտական բնակչությունը` մարդահամարի պահին ներկա եւ բացակա բնակչության հանրագումարն է, այսինքն՝ քաղաքացիների թիվը:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2011 թվականի հոկտեմբերի 12-ից 21-ը անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թիվը 3 միլիոն 18 հազար 854 էր: Մարդահամարից հետո՝ 2012 թվականին, ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 21 հազար 400 , 2013 թվականի սկզբին այդ թիվը եղել է 3 միլիոն 41 հազար, 2014 թվականի տարեսկզբին՝ 3 միլիոն 17 հազար 400, իսկ արդեն 2015 թվականի սկզբին՝ 3 միլիոն 10 հազար 600: Այսինքն՝ 2011-ի մարդահամարից հետո մինչեւ 2013 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակել է աճել: Իսկ արդեն 2014-ի սկզբին այդ ցուցանիշը նվազել է: Այդ նույն տարիներին, արդեն տարեվերջին` մասնավորապես հոկտեմբերի 1-ի դրությամբ, տարեցտարի նվազել է` 2012՝ 3282,0 հազ, 2013՝ 3017,0 հազ, 2014՝ 3013,9 հազ: Ստացվում է՝ բնակչության նվազումը տեղի է ունենում մինչեւ տարեվերջ:
Իսկ եթե 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3004, 0 հազ, ապա 2016 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 2993,9, որից 1904,6-ը` քաղաքի, իսկ 1089,9-ը գյուղական բնակչության թվաքանակն է: Ստացվում է, որ 2015 թվականի համեմատությամբ այն նվազել է 10.1 հազարով: Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում մշտական բնակչության թվաքանակը, 2015 թվականի հետ համեմատած, նվազել է, միակ բացառությունը Արմավիրի մարզն է, որտեղ գրանցվել է բնակչության թվաքանակի աճ, թեեւ շատ քիչ` 0.7-ով:
2016 2015
ք. Երեւան 1 074.6 1076.5
Արագածոտնի մարզ 129.2 129.6
Արարատի մարզ 259.0 259.4
Արմավիրի մարզ 266.3 265.6
Գեղարքունիքի մարզ 231.4 231.9
Լոռու մարզ 223.2 226.2
Կոտայքի մարզ 253.7 254.7
Շիրակի մարզ 241.5 243.2
Սյունիքի մարզ 139.3 139.5
Վայոց ձորի մարզ 50.6 51.1
Տավուշի մարզ 125.1 126.3
Ո՞վ է պատասխանատուն ոչ ցանկալի այս թվերի համար: Իհարկե, իշխող կուսակցությունը, քաղաքապետերն ու մարզպետները, ողջ կառավարող «էլիտան»: Ինչի՞ հետեւանք կարող է լինել բնակչության թվաքանակի նվազումը, եթե ոչ սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման, որը ենթադրում է ծնելիության նվազում նաեւ: Ամբողջ Հայաստանում մարդիկ չեն ցանկանում բազմազավակ ընտանիք ունենալ, որովհետեւ այդ ընտանիքի բարեկեցության ապահովման խնդիր ունեն: Իսկ մեր պատկան մարմինները մշտապես տարբեր ամբիոններից անհիմն ելույթներ են ունենում երկրի զարգացվածության ապահովման տեսլականով, մեր բնակչության թվաքանակի աճի համար իրենց նախատեսած ծրագրերն են ներկայացնում, որոնք այդպես էլ սեւով մնում են սպիտակի վրա գրված, ծրագրեր, որոնք երբեք էլ իրականություն չեն դառնում:
Սա արտագաղթի տվյալների հետ այնքան էլ կապ չունի: Բայց այնպես չէ, որ արտագաղթի թվաքանակը նվազել է: Սերժ Սարգսյանի նախագահության 8 տարիներին Հայաստանից արտագաղթել է 296,988 մարդ: Մինչդեռ «Բազե- 2014» երիտասարդական հավաքի փակման արարողության ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս՝ Սերժ Սարգսյանը զարմանում է լրագրողի ասածից, ով նշում էր, որ ահագնանում է նաեւ արտագաղթը:«Կարո՞ղ եք ինձ բացատրել` ի՞նչ է նշանակում ահագնանալ»,- հակադարձեց Սարգսյանը` հերքելով, որ արտագաղթի թիվը գնալով աճում է: Ահա, թե որն է ահագնանալը` 296,988 թվաքանակը եւ տարեցտարի նվազող բնակչությունը, որի դեմ պայքարելու համար որեւէ միջոց, ըստ երեւույթին, չի ձեռնարկվում, համենայն դեպս, զգալի որեւէ քայլ նկատելի չէ:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆԻԿՈՅԱՆԻՆ ՆԵՂԱՑՐԻՆ
Արդեն երեք օր է, ինչ ՀՀ Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Երեկ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցում էին նաեւ ՀՀ մարզպետները, բացառությամբ Կոտայքի մարզպետի. չէր եկել: Երբ մարզային իշխանիկները հավաքվեցին ԱԺ 334 դահլիճում, պատգամավորների թիվը բավականին մեծ էր. մարզային կյանքը շատ է հետաքրքրում օրենսդիրներին: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը եւս փորձում էր տեղ գտնել դահլիճում, որպեսզի մասնակցեր նիստին, սակայն չստացվեց: Նույնիսկ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նկատեց` հետաքրքրվելով, թե Սամվե՛լ, դու էլ տեղ չգտա՞ր, նեղացա՞ր, գնո՞ւմ ես, Նիկոյանը պատասխանեց՝ այո՛, գնում եմ: Ես էլ նեղացա, բայց չեմ գնում:
ԱՐԴԵՆ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանը զբաղեցնում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի աշխատասենյակը: Նախարարությունից հայտարարեցին, որ տիկին Խաչատրյանը գտնվում է արձակուրդում: Հիշեցնենք, որ Ռուզաննա Խաչատրյանը ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականն է: «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Անահիտ Հայթայանից փորձեց պարզել, թե ինչո՞ւ է խորհրդականի աշխատասենյակը տրվել փոխնախարարին, եթե նա ազատված չէ զբաղեցրած պաշտոնից. բա որ վերադառնա՞: «Իհարկե, փոխնախարարը կմնա իր ընտրած սենյակում»,- տեղեկացրեց Հայթայանը: Ստացվում է` նախարարությունից նախկին ՊՆ տիկնոջը «քաղաքավարի հեռացրել են»: Հիշեցնենք, որ Սամվել Մարգարյանն այն էկզոտիկ պաշտոնյան է, որ գործի է գնում հեծանիվով` թութակը ուսին:
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՔԿՀ-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում` ուշադրություն դարձնելով հատկապես դատապարտյալների եւ կալանավորների հանդերձանքին: Ուշագրավ է, որ դատապարտյալներին են այցելել նաեւ փաստաբաններ եւ հետաքրքրվել նրանց կողմից կատարված արարքների մասով դատական պրոցեսներին եւ դատական համակարգից կամ, առհասարակ, իրավական համակարգից ունեցած դժգոհություններից: Այս հանգամանքը միգուցե պայմանավորված է վերջին շրջանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ կայացրած վճիռների կամ դատապարտյալների կողմից իրենց իրավունքների ոտնահարումների մասով դիմում-բողոքներին:
ԱԶԱՏՎԵՑ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն ազատվել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն: Նշենք, որ Ա. Ալավերդյանը հարկային ծառայությունում աշխատել է 1991թ.-ից:
ԵՐԵՔ ՆՊԱՏԱԿ
«Հիմնադիր խորհրդարան»-ը (ՀԽ) եւ «Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ճանապարհային քարտեզ են մշակել, որը ՀԽ ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանի ներկայացմամբ՝ ենթադրում է նոր հանրապետության ստեղծում։ «Ապակարոտացում եւ ինքնիշխանության կայացում, Արցախի՝ իր ներկա սահմանադրական սահմաններով դե յուրե վերամիավորում եւ կենսունակ պետության ստեղծում, կայացում։ Միայն այս երեք նպատակների իրականացումից հետո մենք կկարողանանք ասել, որ մենք արդեն ունենք նոր հանրապետություն՝ ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, ազգային, հայկական պետություն», – ասել է Ենիգոմշյանը։
ՊԱԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ
Հայաստանի՝ 2017թ. պետական բյուջեով նախատեսվում է ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացնել 4 միլիարդ 522 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 504 միլիոնով։ Այս մասին երեկ Աժ-ում լրագրողներին հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ նախագահի հրամանով լուծարվել է ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը, եւ այն դարձել է նախագահի աշխատակազմի ստորաբաժանում:
ՍՏՈՐԱԳՐԵՑ
Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք»-ը: Հիշեցնենք՝ հարկային նոր օրենսգիրքն ԱԺ-ն ընդունել էր հոկտեմբերի 4-ին։ Կողմ էին քվեարկել իշխող ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորներն այն որակել էին դիվերսիա՝ ընդգծելով, որ նոր օրենսգիրքը կործանարար է լինելու բիզնեսի համար:Հարկային նոր օրենսգիրքը ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։
ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՊԱՐԶԵԼ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե իշխանությունները ցանկանում են հրաժարվել 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու, ընտրական գործընթացը տեսանկարահանելու եւ ուղիղ հեռարձակում ապահովելու մասին պայմանավորվածությունից, ասել է. «Ես կարծում եմ, որ դուք պետք է փորձեք Լեւոն Զուրաբյանից ճշտել, թե ինչ է նա նկատի ունեցել, եւ ով է նման բան ասել: Ես փորձել եմ պարզել, հիմա էլ դու փորձեք»: Միեւնույն ժամանակ Հարությունյանը նկատել է. «Մենք առաջին իսկ օրվանից շեշտել ենք, որ պատասխանատվությունը չի լինելու միայն կառավարության ուսերին: Լինելու է եռակողմ հանձնաժողով, որտեղ կառավարությունը լինելու է փոքրամասնություն: Թե որ կազմակերպությունը կիրականացնի այդ աշխատանքը, կորոշի հանձնաժողովը, որը բաղկացած կլինի կառավարությունից, ընդդիմությունից եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, եւ որտեղ կառավարությունը կլինի փոքրամասնություն»:
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանի որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանի եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել են: