ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵԾ ԽՆԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ճարտարապետական միջավայրն ու պատմության, մշակույթի հուշարձանները պահպանելու խնդրի եւ անհրաժեշտ լուծումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ:

-Պարո՛ն Քալաշյան, պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանումն այսօր մշակույթի ոլորտի թիվ մեկ հանձնարարականներից է: Այս հարցում ի՞նչ կոնկրետ խնդիրներ եք տեսնում, որոնք առ այսօր մնում են չլուծված:
-Նախ ուզում եմ անդրադառնալ օրենքով սահմանված կարգով պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված հուշարձանի սեփականատիրոջ կամ օգտագործողի (մասնավոր թե պետական) պարտականություններին: Վերջինս պետք է մշակույթի նախարարության համապատասխան գործակալության հետ ունենա պահպանական պայմանագիր (պարտավորագիր), որտեղ պետք է մանրամասն գրվի, թե տվյալ շենքի հետ ոնց կարելի է վարվել եւ ոնց չի՛ կարելի վարվել: Պայմանագրին պետք է կցել նաեւ լուսանկարներ, որպեսզի հուշարձանի նախնական տեսքը ֆիքսվի: Արդյունքում սեփականատերը կամ օգտագործողը իրավունք չունի հուշարձանը որեւէ փոփոխության ենթարկել, իսկ եթե նման ցանկություն ունենա, պետք է նախարարությունից թույլտվություն ստանա, հակառակ դեպքում կենթարկվի քրեական պատասխանատվության: Այս պահպանական պայմանագիրը գրեթե ոչ մի հուշարձանի դեպքում (որը սեփականաշնորհված է կամ ունի օգտագործող) կնքված չէ, բացառությամբ հատուկենտ դեպքերի, այն էլ` եկեղեցիների դեպքում: Կառավարության թիվ մեկ շենքի դեպքում, օրինակ, պետության եւ մշակույթի նախարարության միջեւ համապատասխան պայմանագիր չի կնքվել, նույնը կարող ենք ասել նաեւ կառավարական երկրորդ մասնաշենքի դեպքում, որը վաճառեցին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Փակ շուկայի սեփականատերը եւս որեւէ պարտավորագիր չի ստորագրել: Մինչեւ այս հարցը չլուծվի, մնացած խնդիրների մասին անիմաստ է խոսել: Սրա մեղավորն առաջին հերթին մշակույթի նախարարությունն է, որը պետք է հետամուտ լիներ, որ օրենքը պահպանվեր: Գաղտնիք չէ, որ մեր կառավարության համար ներդրողն ավելի կարեւոր է, քան պատմական հուշարձանի պահպանումը:
-Մեկ ուրիշ կարեւոր խնդիր էլ կա. մի շարք արժեքավոր հուշարձաններ պարզապես ներառված չեն պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Ի վերջո, ո՞վ է որոշում` որ հուշարձանին նախապատվությունը տալ եւ որին ոչ: Ո՞վ պետք է հոգ տանի ցուցակից դուրս մնացած հուշարձանների համար:
-Իսկապես, շատ կարեւոր հուշարձաններ անհասկանալի ու տարօրինակ կերպով չեն ներառվում այդ ցուցակում, օրինակ` «Ռոսիա» կինոթատրոնը, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը: Երիտասարդական պալատը եւս ընդգրկված չէր տվյալ ցուցակում: Մենք` ճարտարապետներս, մշտապես փորձել ենք մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հետ քննարկել այդ հարցը, սակայն նա «էսօր-էգուց» է արել, եւ քննարկումն այդպես էլ չի կայացել: Այս կամ այն հուշարձանը տվյալ ցուցակում ներառել-չներառելու վերաբերյալ եզրակացությունը պետք է անի «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, սակայն վերջինս իրականում լիազորություններ չունի. որոշումների հետեւում կանգնած է նախարարը:
-Գաղտնիք չէ, որ վերջին 25 տարվա ընթացքում Երեւանի ճարտարապետական տեսքը զգալի կերպով խեղվել է: Փրկության ի՞նչ ուղիներ եք առաջարկում:
-Օրինակ` Փոքր կենտրոնի ճարտարապետական միջավայրի պահպանման նպատակով տարիներ առաջ կառավարությունը հայեցակարգ էր հաստատել, որտեղ նշվում էր, թե դրա համար ինչ կոնկրետ մոտեցումներ է անհրաժեշտ կիրառել: Բայց այդ հայեցակարգն այն բանի համար էր, որ հետագայում դրա հիման վրա համապատասխան օրենք ընդունվեր: Իսկ օրենքն այդպես էլ չընդունվեց: Այնինչ՝ մշակույթի նախարարը, եթե իսկապես շահագրգռված էր, պետք է համապատասխան նախագիծը մտցներ Ազգային ժողով: Ու եթե մենք այսօր այդ օրենքը չունենք, մեղավորը մշակույթի նախարարությունն է, որն իր պարտականությունները տարիներ շարունակ չի կատարել:
-Շատ է խոսվում այն մասին, որ պատմական հուշարձանների հետ կապված ցանկացած որոշում կայացնելու դեպքում անհրաժեշտ է հանրային քննարկումներ անցկացնել: Դուք դա ինչպե՞ս եք պատկերացնում:
-Հանրությունը ոչ միայն պետք է իրազեկ լինի այդ գործընթացներից, այլեւ դրանց մասնակիցը պետք է դառնա: Մասնագիտական խնդիրները թող մասնագետները լուծեն, սակայն այն, ինչ քննարկվում է, թող ներկայացնեն հանրությանը: Մի խոսքով` այդ ամենը չպետք է տեղի ունենա փակ դռների ետեւում:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՊԱՐԳԵՎԻ
Հայտնի հայ ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանը Չեխիայի Յիգլավա քաղաքում հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 1-ն անցկացված «Վավերագրական կինոյի միջազգային փառատոնում» արժանացել է պարգեւի` համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար: Այս մասին հայտնում է Prague Post-ը։ Նշենք, որ Չեխիայի փառատոնում ներկայացվել է 250 ֆիլմ։
Հիշեցնենք, որ Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը» նոր քայլ էր մոնտաժի զարգացման պատմության մեջ: Իր ֆիլմերում ռեժիսորը վերացրել է խաղարկայինի եւ վավերագրականի միջեւ սահմանները՝ երկուսն էլ մոնտաժելով իբրեւ իրական բանաստեղծական էություն։

 

 

ՊԱՎԵԼ ՎՈԼՅԱՆ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
«Քոմեդի քլաբ»-ի հումորիստ, շոումեն, հեռուստահաղորդավար ու երաժիշտ Պավել Վոլյան 2017-ի ապրիլի 7-ին ելույթ կունենա Երեւանում։ Մայրության ու գեղեցկության տոնին նվիրված համերգը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգի կազմակերպիչը «Ռեդ» ընկերությունն է: Տոմսերի գները տատանվում են 5-10 հազար դրամի սահմանում: Հանդիսատեսի շարքերը կարող են համալրել միայն չափահաս անձինք:

 

 

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԲԱԽՏԻՆ
Թուրքիայի Հանրապետության 93-ամյակի առթիվ Անկարայի նախագահական պալատում տեղի ունեցած տոնական ճաշկերույթի ժամանակ հայտնի երգչուհի Քիբարիյեն աչքի է ընկել անսպասելի եւ ուշագրավ քայլով: Gazeteduvar.com.tr կայքի փոխանցմամբ` երգչուհին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ողջունելիս քաշել է նրա այտից, ինչը չի վրիպել լրատվամիջոցի ուշադրությունից (կայքը հրապարակել է համապատասխան լուսանկարը): Էրդողանն իրեն ուղղված ձեռքը նկատելով` շատ զարմացել է, բայց հետո, տեսնելով Քիբարիյեին, ժպտացել է:
«Երգչուհին պատմության մեջ կգրանցվի որպես ամենահամարձակ արվեստագետ. դա հաստատ է», – գրել է կայքը:




Լրահոս