Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների՝ 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ի արտահանման ծավալները ընդհանուր առմամբ աճել են 19,6%-ով` կազմելով 1 081 496.4 մլրդ. դրամ: Իսկ 2015 թվականի նույն ժամանակահատվածի դրությամբ գրանցվել էր արտահանման տվյալների նվազում` 0,9 %-ով:
Ըստ էության նախորդ տարվա ընթացքում գրանցված անկումը դոլարի եւ ռուբլու փոխարժեքի անկայունությամբ էր պայմանավորված: Հիմա փորձենք հասկանալ, թե որ երկրների «օգնությամբ» է արտահանման ծավալները մեր երկրում նախորդ տարվա համեմատ աճ գրանցել:
Շուտով կլրանա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության երկու տարին: Ինչպես հայտնի է, բացի ՌԴ-ի կողմից մեր երկրի անվտանգության ապահովման ակնարկներից, բաց տեքստով ՀՀ եւ ՌԴ իշխանությունները հայտարարել են, որ ԵՏՄ-ի անդամակցության հիմնական շարժառիթը եղել է անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ավելի քան 200 միլիոն բնակչությամբ շուկաներում ազատ մուտք ստանալը: Ակզբում ամեն ինչ շատ վատ էր:
Այս տարվա` 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ ԵՏՄ երկրներից արտահանման ցուցանիշի աճով առաջնայինը Բելառուսն է: Դեպի այս երկիր արտահանված ապրանքների ցուցանիշը աճել է 78,6%-ով: Բելառուս գործարարներին կարծես թե շահեկան չէ Հայաստանի շուկան: Ներմուծման ցուցանիշի աճը, հակառակ արտահանման, նվազել է 16,6%-ով:
Ռուսաստանն այս պարագայում երկրորդ տեղում է: 54,6% է կազմում դեպի «մեծ եղբայր» Ռուսաստան արտահանած ապրանքների ցուցանիշը, իսկ ներմուծումը այդ երկրից 1, 2% է կազմել:
Քիչ չէ նաեւ դեպի Ղազախստան արտահանած ապրանքների ցուցանիշը: 48%-ով աճել է արտահանումը, իսկ ներմուծումը` 25,1%-ով: Բնականաբար այս ցուցանիշները չեն կարող գոհացուցիչ լինել մի երկրի համար, որի տնտեսությունը այսպիսի ծանր վիճակում է: Բայց եթե հաշվի առնենք, որ անցած տարվա համեմատությամբ այդ ցուցանիշները կտրուկ աճել են, սա մի փոքր հուսադրող է:
14,1%-ով աճել է նաեւ դեպի Եվրամիության անդամ երկրներ արտահանած ապրանքների ցուցանիշը: Եթե նախորդ տարի ԵՄ անդամ երկրներ արտահանման ցուցանիշը նվազել էր 2,5%-ով, ապա այս տարի այն աճել է 14,1%-ով, նախորդի համեմատ 16,6%-ով: Իհարկե, այս ցուցանիշի ապահովման հարցում մեծ դեր ունի 2005թ. հուլիսից ի վեր ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ռեժիմը, որի շրջանակներում Հայաստանը օգտվում է ԵՄ «GSP» կանոնակարգի կայուն զարգացման եւ լավ պետական կառավարման հատուկ խրախուսական դրույթներից: Նշենք, որ «GSP+» ռեժիմը հնարավորություն է տալիս հայ արտահանողներին արտոնյալ պայմաններով մուտք գործել ԵՄ շուկա՝ ապահովելով շուրջ 6400 ապրանքատեսակների արտահանումը դեպի ԵՄ շուկաներ զրոյական մաքսատուրքերով: Այս արտոնությունները մեծ խթան են դեպի ԵՄ երկրներ արտահանման ցուցանիշի բարձրացման համար:
Իսկ մեր հարեւան Իրանի հետ տնտեսական հարաբերությունները այնքան էլ հաջող չեն: Թեեւ մշտապես խոսք է գնում հայ-իրանական հարաբերությունների զարգացման մասին, որին միտված տարբեր հուշագրեր են պարբերաբար ստորագրվում (ամենաթարմ հուշագիրը երեկ Իրանում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պատվիրակության՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում նախաստորագրված փոխըմբռնման հուշագիրն է՝ գազի առք ու վաճառքի եւ տարանցման վերաբերյալ) ենթադրում էր, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության կտրուկ աճ կլինի, քանի որ հարեւան երկրներից «ամենաանշառ» երկիրը, որտեղ կարելի է առանց լուրջ խոչընդոտների ապրանքներ արտահանել, Իրանն է: Բայց արի ու տես, որ 2016 թվականի այս ինն ամիսների ընթացքում դեպի Իրան արտահանած ապրանքների ցուցանիշը նվազել է 5,6%-ով, նվազում կա նաեւ ներմուծման ոլորտում` 16,4%-ով: Բայց նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ պատկերն այլ է եղել: Արտահանման ցուցանիշը աճել էր 0,1%-ով:
Ամենաուշագրավը, սակայն, Թուրքիայից Հայաստան ներմուծած ապրանքների ցուցանիշի բարձրացումն է 5,5%-ով: Սա այն դեպքում, երբ Հայաստանում պարբերաբար թուրքական ապրանքների դեմ ակցիաներ էին արվում, տուժ-տուգանքներ կիրառվում: Բայց պարզվում է, որ 2015 թվականին է միայն Թուրքիայից ապրանքների ներկրման ցուցանիշը նվազել` 40,9 %:
Չի բացառվում, որ այս ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչպես ամիսներ առաջ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Թուրքիայից Հայաստան է ներկրվում լոլիկի ու վարունգի մեծ խմբաքանակ եւ Հայաստանի արտադրանքի անվան տակ ներկրվում Ռուսաստան:
Հարկ է նշել, որ պղնձի խտանյութի արտադրության ծավալները աճել են 31,8%-ով: Ըստ մասնագետների՝ պղնձի խտանյութի ծավալների աճով է հենց պայմանավորված Հայաստանից արտահանման ցուցանիշի աճը:
Հ. Գ. Նկատենք, որ արտահանման աճի ցուցանիշները գրանցվել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման վերջին տարում: Տեսնենք` Կարեն Կարապետյանի պաշտոնավարման օրոք ինչ արդյունքներ կգրանցվեն:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՏՔՆՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջին օրերին իշխող ՀՀԿ-ում ծանր աշխատանքային մթնոլորտ է: Կուսակցությունը որոշել է փոխել իր 10 տարուց ավել գոյություն ունեցող ծրագիրը: Նժդեհական գաղափարախոսությունն, իհարկե, կմնա, բայց դրան պետք է ավելացնել «մի գդալ» ճկունություն, «կես բաժակ» արդիականություն եւ այլ «ատրիբուտներ», որպեսզի հնարավոր լինի 2017-ի ընտրություններում «նոր բաներից խոսել»: Մոտավորապես այդպիսի հիմնավորմամբ են ՀՀԿ-ում մոտենում ծրագրի «ռեսթարթ»-ին:
ՈՎՔԵՐ ԵՆ ՄԱՖԻՈԶՆԵՐԸ
ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հիշեցրել էր իշխող քաղաքական ուժի՝ չիրականացրած խոստումների, մասնավորապես 7 տոկոս տնտեսական աճի մասին` նշելով. «Անընդհատ ասում ենք՝ մաֆիոզներին հանեք կառավարությունից: Այ ընկերնե՛ր, աճ եք խոսք տվել, գնացե՛ք, գտե՛ք էդ աճը: Ներդումներ ներգրավե՛ք, բայց դուք ի՞նչի համար եք, ձեզ ի՞նչի համար են աշխատավարձ վճարում»: «Ժողովուրդ»-ը Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց, թե ում նկատի ունեք մաֆիոզ ասելով. Գագիկ Խաչատրյանն է, ազատեցին աշխատանքից, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է, հեռացավ: «Ձեր հարցերը ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, ես եկել եմ տալու մեկ հարց, որ ապակենտրոնացրեք տնտեսությունը, որ մարդիկ աշխատեն, ամբողջը վերցվել է երկու մինիստրության ձեռքը, ուզում են կառավարեն, ես եկել եմ՝ ասելու, որ սա էլի կբերի 1, 2 տոկոս, թվերն էլ ցույց են տալիս, որ իրենց բոլոր պատասխանները սխալ են»:
ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը Սիսիանի մի քանի բժիշկների, որոնք նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիմակիցներից են, հեռացրել է աշխատանքից եւ առաջիկայում պատրաստվում է հեռացնել նաեւ Գորիս քաղաքի հիվանդանոցի տնօրենին, որը Սյունիքի մարզպետի ազգականն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մարզպետ Վահե Հակոբյանը, անդրադառնալով տեղեկություններին, նախ հետաքրքրվեց, թե ով է դա մեզ հայտնել, ապա հավելեց. «Ինչ վերաբերում է հիվանդանոցներին, ներկայումս դա գտնվում է ուսումասիրության փուլում եւ շատ շուտ, եթե լինեն կադրայի փոփոխությունները, դուք այդ մասին կլսեք»: Մեր այն հարցին, որ ինչու եք Գորիսի նկատմամբ անտարբեր, գնացել եք տարբեր համայնքներ, անցել Գորիս քաղաքի կողքով, չեք մտել քաղաքապետարան կամ այլ հաստատություններ, մարզպետը ասաց. «Ձեր տեղեկությունը բացարձակ ճիշտ չէ, ես Գորիսում կանգնել եմ, հանդիպել եմ դպրոցի տնօրենների հետ, այնուհետեւ շարունակել եմ, գնացել Տեղ եւ Խնձորեսկ համայնքներ»: Հիշեցնենք, որ նախկին մարզպետը ծնունդով գորիսեցի է:
ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյին։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու Բելգիայի հետ քաղաքական երկխոսությունը, առավել բազմաբնույթ դարձնելու առեւտրատնտեսական հարաբերությունները եւ խորացնելու համագործակցությունը կրթության եւ մշակույթի ոլորտներում: Վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում կառավարությունը տարբեր խողովակներով, այդ թվում՝ դեսպանությունների միջոցով միջազգային գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ եւ ավելացրել, որ բիզնես կապերի ընդլայնման գործում կարեւորում է նաեւ «Արմենիա-Վալոնիա Էքսպորտ» գործակալության եւ հայ-բելգիական առեւտրային պալատի գործունեությունը: Վարչապետը բարձր է գնահատել Բելգիայի կողմից ինչպես ֆինանսական, այնպես էլ մասնագիտական եւ տեխնիկական օժանդակությունը Հայաստանում ժամանակակից Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման գործում, որը կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի բնակչությանը։
ԱՆՏԵՂՅԱԿԸ
ԱԺ-ում 2017 թ.-ի բյուջեի նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվել է, թե գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայումը ինչքանով բնակչության գնողունակության վրա կազդի: Նախարարը նշել է, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցումն այլ ապրանքների գների վրա միանշանակ կանդրադառնա եւ ինքնարժեքի իջեցում կլինի: «Վստահ եմ, որ դրական առումով մեծ ազդեցություն է ունենալու»,- հավաստիացրել է նախարարը: Լյուդմիլա Սարգսյանը նաեւ նկատել է, որ վաղաժամ ձյան գալստյան հետ կապված՝ կրկնակի աճել է անվադողերի գինը: «Նշանակում է, որ երբ մասսայական անհրաժեշտություն է առաջանում, ոչ ոք չի կարողանում վերանայել գնաճը ու քաղաքացուն պաշտպանել նման ոտնձգություններից»,-ընդգծել է պատգամավորը: Ի պատասխան՝ նախարարը ասել է. «Ապրում ենք շուկայական տնտեսության երկրում, ու եթե մեկն այդ օրը նման քայլ է անում, վստահ է, հաջորդ օրը դա իր տեղն է ընկնելու»: Արտեմ Ասատրյանը, սակայն, չի բացատրել, թե ինչպես է դա իր տեղն ընկնելու, եւ թե անվադողերը կրկնակի թանկ գնով ձեռք բերած քաղաքացու էլ ինչին է պետք լինելու հաջորդ օրվա տեղն ընկնելը, երբ ինքն արդեն տուժել է պետական օղակների անգործության արդյունքում: Փաստորեն՝ սոցապ նախարարը տեղյակ չէ, որ անգամ «շուկայական տնտեսության երկրում» կան անբարեխիղճ մրցակցության վերահսկողության եւ սահմանափակման մեխանիզմներ:
ՉՀԵՏԱՔՐՔՐՎՈՂԸ
Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը 2017թ բյուջեի քննարկմանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հարցրել է, թե ի՞նչ միջոցներով է սուբսիդավորվելու ջերմատների համար գազի գնի 17% իջեցումը։ Նախարարը նշել է, թե իրեն չի հետաքրքրում՝ ինչ միջոցներով, իրեն միայն հետաքրքրում է, որ իջել է. «Ինձ հետաքրքրում է, որ գինը նվազել է, մնացածն այս պահին չի հետաքրքրում։ Ես ուրախ եմ, որ գինը նվազել է, եւ ջերմատների համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել»: